Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ որոշումը մնա, ապա բոլոր այն մարդիկ, որոնք ունեն թանկարժեք մեքենա եւ լավ եկամուտ, երբ ուզեն, կարող են իրենց երեխաների, ընտանիքի հետ գալ կենտրոն եւ ժամանակ անցկացնեն». Սամվել Հակոբյան

Դեկտեմբեր 09,2024 22:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչական դատարանում նախագահող դատավոր Արմեն Ներսիսյան, դատավորներ Վարազդատ Միքայելյան, Անի Չիլինգարյան, Աննա Դիլբարյան, Դանիել Դանիելյան կոլեգիալ կազմով այսօր շարունակվեց Երեւանի «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության՝ ընդդեմ Երեւան քաղաքի ավագանու հայցադիմումի քննարկումը, որով հայցվորը վիճարկում է Երեւան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը եւ պահանջում անվավեր ճանաչել թանկացման մասին Երեւանի ավագանու որոշումը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում քննարկումը չէր կայացել, քանի որ պատասխանող կողմի ներկայացուցիչը նիստը հետաձգելու խնդրանքով դիմում էր ուղարկել դատարան, որպեսզի հնարավորություն ընձեռվի Երեւան քաղաքի ավագանուն պատշաճ ներկայացուցչի միջոցով ներկայացնելու իր շահերը, սակայն դատարանը խնդրանքը մերժել էր:

Այսօրվա դատական նիստում պատասխանող կողմի շահերը ներկայացնում էր Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Խնդրի իրավական եւ բովանդակային էությունը կողմերի հետ բազմակողմանի եւ մանրամասն քննարկելուց հետո դատարանը կողմերին ամփոփիչ ճառով հանդես գալու հնարավորություն ընձեռեց:

Հայցվոր կողմի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանն ասաց. «Սույն դիմումով վիճարկվում է, շատ պարզ ասած, կարմիր գծերը թանկացնելու վերաբերյալ Երեւանի ավագանու որոշումը: Սույն գործով պատասխանողի ներկայացուցիչը որեւէ կերպ չհիմնավորեց, թե ինչու է սահմանվել վճարի չափի սահմանման կոնկրետ ֆիքսված չափը, ոչ մի կերպ չնշեց, որն է դրա անհրաժեշտությունը, որոնք են եղել ավելի մեղմ միջոցները, որոնք կարող էին կիրառվել, բայց անհնարին էր կիրառել, քանի որ այս նույն հետեւանքին, անհրաժեշտ հետապնդվող նպատակին չէին կարող հասնել: Ընդ որում, չափի մեղմ սահմանները եւ այլ գործիքներն էլ պետք է դիտարկվեին: Եվ համարժե՞ք էր արդյոք այս սահմանափակումը հանրային շահի նկատմամբ, որեւէ կերպ չներկայացվեց:

Ինչ վերաբերում է ներկայացված բանավոր հայտարարություններին: Այս գործը պետք է քննվի բացառապես այն ապացույցների շրջանակներում, որ ներկայացվել է: Ընդ որում, պատասխանողն ունեցել է հսկայական ժամանակ եւ հսկայական ռեսուրս բոլոր ապացույցները ներկայացնելու համար, ինչը չի արել: Իսկ իր դատավարական անգործությունը չի կարող հետագայում լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հիմք հանդիսանալ:

Ակտը հետագայում հիմնավորել, այդ թվում՝ նաեւ նորմատիվ իրավական ակտը, անթույլատրելի  մոտեցում է վարչարարության, պետության  իրավականության, ժողովրդավարության ապահովման տեսանկյունից, քանի որ չի կարելի անձանց նկատմամբ անբարենպաստ հետեւանքներ առաջացնել եւ հետագայում միայն՝ դատարանում, այն էլ՝ բանավոր հայտարարություններով դրանք ներկայացնել: Կարող էին շատ հանգիստ այն նույն հիմնավորման մեջ ներկայացնել, որը ուղարկվել է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից: Որեւէ կերպ չի ներկայացվել արդյունավետության, պիտանելիության, հայեցողականության սահմանաչափի հավելյալ դրույթներ: Ընդ որում, պատասխանողի ներկայացուցիչը սահմանափակվում է միայն առավելագույն՝ մեկ տարվա շեմը քննարկելով: Ուզում եմ հիշեցնել, որ մենք վիճարկում ենք ոչ միայն մեկ տարվա կտրվածքով թանկացումը»:

Վահե Գրիգորյանը անդրադարձավ նաեւ «կարմիր գծերի» թանկացման՝ պատասխանող կողմի ներկայացուցչի այն հիմնավորմանը, որ տեսախցիկներով արձանագրված խախտումները որպես համագործակցություն քաղաքապետարանը տրամադրում է նաեւ ոստիկանությանը: Բայց դա փաստաբանի հիմնավորմամբ քաղաքապետարանի պարտականությունն է, որը սահմանված է համապատասխան օրենքով: «Այն ժամանակ, երբ «կարմիր գծերի» արժեքը 12 հազար դրամ էր, տեսախցիկների պարունակությունը չէի՞ն տալիս»,-հարցրեց նա: Նաեւ արձանագրեց, որ այն ժամանակ էլ տալիս էին, հետեւաբար, դա նոր ծառայություն չէ, որը որեւէ կերպ թանկացումը հիմնավորի:

Վահե Գրիգորյանը դատարանին խնդրեց հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները, ամբողջապես հայցադիմումը բավարարել:

Երեւանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը հավելեց, որ նման ռեֆորմը սահմանափակում է մեր հայրենակիցների ազատ տեղաշարժի իրավունքը իրենց քաղաքում: «Եթե այդ որոշումը մնա, ապա բոլոր այն մարդիկ, որոնք ունեն թանկարժեք մեքենա եւ լավ եկամուտ, երբ ուզեն, կարող են իրենց երեխաների, ընտանիքի հետ գալ կենտրոն եւ ժամանակ անցկացնեն, իսկ քաղաքի ծայրամասերում կամ մարզերում ապրող մեր հայրենակիցներին, որը երկու կամ երեք երեխայով պետք է գա մայրաքաղաք,  ուզում ենք պարտադրել, որ նստեն ավտոբուս, տանջվելով գան-հասնեն, որովհետեւ մենք այդպես ենք որոշել:

Երեւան քաղաքի բեռնաթափման հարցի լուծման միակ ռեալ տարբերակը վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներն են: Այնպես որ, սա խտրական մոտեցում է, եւ մենք՝ «Մայր Հայաստանը», ասում ենք, որ սա ընդունելի մոտեցում չէ, ոչ իրավաչափ, անհիմն թանկացում է»,-ասաց Սամվել Հակոբյանը:

Դատարանը լսեց նաեւ պատասխանող կողմի ներկայացուցչի ամփոփիչ ճառը եւ հեռացավ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին «Դատալեքսում»:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031