«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր Գյումրու ՔՊ-ի գրասենյակում մանրամասնել են, թե ինչպես է անցկացվում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի «փրայմերիզը»՝ նախնական ընտրությունները։
Հիշեցնենք, որ այս կուսակցությունը 7 թեկնածուների ցանկ է ներկայացրել, որոնց մեջ են ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակցուհի, ՔՊ երիտասարդական թևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյանը։
Բանախոսները նշել են, որ Գյումրին պայմանականորեն բաժանել են հինգ մասի, այնպես արել, որ բոլոր թաղերը ներկայացված լինեն։
«Քաղաքը պայմանականորեն բաժանել ենք հինգ մասի: Ունենք հինգ խումբ, որոնք երկու հերթափոխով աշխատում են, բաժանումից առաջացած մեկ թաղի փողոցներն առանձնացրել ենք թղթերի վրա, տարայի մեջ ենք դրել, ամեն խումբը դուրս գալուց առաջ վիճակահանությամբ քաշում է հինգ փողոցի անունը և գնում է այդ փողոցները։ Փողոցներում սոցիոլոգիական մեթոդներով ենք հարցումներն անցկացնում։
Կարդացեք նաև
«Ամեն տնից մեկ քվե», սա է սկզբունքը, որովհետև նախնական ընտրությունների մասին է խոսքը, դա արդեն իսկ ներկայացուցչական պատկեր կտա, ինձ թվում է»,- պարզաբանել է Վահագն Ալեքսանյանը:
Նրա տեղեկացմամբ, բոլոր շրջիկ խմբերը կրում են մարմնի տեսախցիկներ, ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է։ Շրջիկ խմբի անդամները ՔՊ-ի երիտթևի ներկայացուցիչներ են, նրանք Գյումրիից չեն։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է․ «Մենք փորձել ենք համամասնությունն ապահովել՝ այդ հինգ մասերի բաշխվածությունն այնպիսի է, որ բնակչության թիվը գրեթե հավասար է, որպեսզի քաղաքի ներկայացվածությունը հնարավորինս կարողանանք արտացոլել այս գործընթացում։
Ուզում եմ, որ պրոցեսին չնայենք Ընտրական օրենսգրքի դիտանկյունից, որովհետև մենք հասկանում ենք, որ սա Ընտրական օրենսգրքի տիրույթում գտնվող պրոցես չէ, նախնական ընտրություններ են, որի միջոցով մենք փորձում ենք ստանալ գյումրեցիների կարծիքները»։
Նա նաև նշել է, որ գյումրեցիները երբեմն նեղանում են շրջիկ խմբերից, ցանկանում են մասնակցել քվեարկությանը, բայց շրջիկ խմբերը մերժում են։ Պատճառն այն է, որ իրենք փորձում են ապահովել անկանխատեսելիությունը։
«Եթե նախօրոք բոլորն իմանան, թե մեր շրջիկ խմբերը ուր են գնալու, ում դուռն են թակելու, մենք կարծում ենք՝ այստեղ մենք գործընթացի վստահելիության հետ կապված կարող է խնդիր լինի, թող որևէ մեկը մեզանից չնեղանա, ընտրանքով են մեր շրջիկ խմբերն առաջնորդվում և պատահականության սկզբունքով են դռները թակում», -ասել է Արթուր Հովհաննիսյանը։
Նրանք հավաստիացրել են, որ ապահովում են բացարձակ գաղտնիություն, շրջիկ խմբերը, հասնելով շենքի մոտ, բնակիչներին տալիս են քվեաթերթիկն՝ ասելով՝ դուք ձեր տանը քվեարկեք, ծալեք ու նետեք քվեատուփ։
«Անկախ դիտորդ» ՀԿ-ն դիտարկում է ընտրությունների ընթացքը։
ՔՊ-ականների գնահատմամբ, ընդհանուր գործընթացը սահուն է ընթանում․ 1-2 աննշան միջադեպեր են տեղի ունեցել, ինչ-որ մի խումբ փորձել են շրջիկ խմբերին խոչընդոտել՝ խուլիգանական դրսևորումներով, իրավապահ մարմիններ արդեն զբաղվում են խնդրով։
Լրագրողների դիտարկմանը, թե միջադեպերը Սլաբոդկա թաղամասում են տեղի ունեցել (խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասի մասին է), բանախոսներն արձագանքել են, թե «դուք, ըստ երևույթին, լավ տեղյակ եք»։
Բանախոսները նշել են՝ եթե քաղաքացիները գրանցված են Գյումրիում, նրանց քվեարկելու հնարավորություն տրվում է, սակայն քաղաքացիների անձնագրերը չեն ստուգում, հավատում են մարդկանց, որոնք ասում են, թե գրանցված են և ընտրելու իրավունք ունեն։
Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ քվեատուփերը պահվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, դրանք տեսահսկվում են, հսկողություն է իրականացվում այն ժամերին, երբ գրասենյակում մարդ չկա։ Դրանք կնիքված են, ինչպես որ ընտրությունների ժամանակ է լինում, չեն բացվում օրվա վերջում, բոլոր քվեատուփերը բացվելու են 3 օրերի նախնական ընտրությունների ավարտից հետո, արդյունքներն ամփոփվելու են պարզ հաշվարկի միջոցով։
Երեկ օրվա ավարտին ունեցել են 313 քվեարկություն, ըստ բանախոսների՝ այսօր գործընթացն ավելի արագ է ընթանում։
Նրանք նախնական պատվիրել են 2500 քվեաթերթիկ, անհրաժեշտության դեպքում կավելացնեն դրանք։
Լուսանկարները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՖԲ էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ