«30 տարի է՝ նույնն եմ ասում, որպեսզի մեր ընդհանուր մշակութային մակարդակը մոտենա ցանկալիին, հարկավոր է, որ մեր ղեկավարներից գերագույնները թավջութակ նվագեն… Համընդհանուր ճաշակի, գիտակցության, ինտելեկտուալ մոտեցման խնդիր է »,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչ պետք է անել, որ անճաշակությունները մեծ դահլիճներ ու մարզադաշտեր չբոցավառեն, փոխարենը իրական արժեքներ քարոզվեն:
Որպես իր ասածի գեղարվեստական ապացույց՝ մաեստրոն ընդգծում է. «Ինչո՞ւ Անգլիայում զարգացավ դրամատիկական թատրոնը եւ առհասարակ թատրոնները, որովհետեւ այն ժամանակվա թագուհին՝ Ելիզավետան, բացօթյա անվճար համերգներ էր տալիս, որպեսզի բարձրանա Անգլիայի ժողովրդի ճաշակը, գիտակցությունը: Դրա համար էլ ծնվեցին շեքսպիրներ:
Անգլիայի 20-րդ դարի ղեկավարներից Չերչիլն էլ ասում էր՝ ինչի՞ է պետք մեր տնտեսության զարգացումը, եթե դա չպետք է նպաստի մեր մշակույթի զարգացմանը: Հենց այս գիտակցությունն է միշտ Անգլիային պահել է վերեւներում: Իրենք անգամ իրենց գաղութատիրական ճանապարհներին են փորձել նաեւ այլ ժողովուրդների մշակութային ճաշակը բարձր պահել, մոտեցնել իրենց մտավոր կարողություններին, հնարավորություններին եւ մակարդակին»:
Մաեստրոյի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ