ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացիին։
Նախարարը բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք ՎԶԵԲ-ի հետ համատեղ ուղղվում են երկրում դրական փոփոխություններ ապահովելուն։
Նախարարը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը նույնպես կնպաստեն նախաձեռնված բարեփոխումների օրակարգի լիարժեք կյանքի կոչմանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, դրանց ընթացիկ վիճակին: Մասնավորապես քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի մանրամասները։
Կարդացեք նաև
Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրը մոտենում է ավարտին և շուտով աղբավայրը պատրաստ կլինի։
Անդրադարձ է կատարվել նաև «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրին, որի արդյունքում Գյումրու ճանապարհները կդառնան ավելի հարմարավետ։
Նախարար Խուդաթյանը կարևորել է ժամկետների հստակ պահպանումը, ինչպես նաև նախատեսված հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքների ողջ ծավալով իրականացումը՝ համաձայն պլան-ժամանակացույցի։ Նույնը վերաբերում է նաև Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրին։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն