Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ևս հայտարարել է արտահերթ ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում։
Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երեկ նա Ամենափրկիչ եկեղեցու բակում իր թիմակիցների հետ զբոսնելիս՝ ոտքով հարվածել ու կոտրել է Ֆրիդ Սողոյանի քանդակած, երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Բալասանյան ընտանիքի կողմից տեղադրված ծաղկեպսակը։
Նախկին քաղաքապետն այդպես էլ չհամակերպվեց այն մտքի հետ, որ քաղաքային իշխանությունն ու իր օրոք կառուցված քաղաքապետարանի շենքը 2012 թվականին ստիպված էր հանձնել Սամվել Բալասանյանին։ Հիշեցնենք, որ 2012 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը նրան չթույլատրեց առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, չնայած որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն էր։ Նա դիմում ներկայացրեց ու հրաժարվեց գլխավորել տեղի ՀՀԿ-ն։
Նրա հարցազրույցներից ևս զգալի է, որ չներեց ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ Սամվել Բալասանյանին։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխության օրերին Վարդան Ղուկասյանը տեսահոլովակում նկարահանվում էր՝ ասելով․ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»։
Կարդացեք նաև
Բալասանյանի թիմակիցները հաստատեցին տեղեկությունը, որ Գյումրու նախկին քաղաքապետը ոտքով հարվածել է ծաղկեպսակին, սակայն միաժամանակ նշեցին, որ ծաղկեպսակը տեղում է։
Ի դեպ, մենք լուսանկարել ենք ծաղեպսակն այսօր, այն իրոք տեղում է, վնասված չէ, միայն Բալասանյան ազգանունը կրող ժապավենն էր ամրացված տեղից մի կողմից պոկված (տես լուսանկարները) ։
Նրանք իրավապահներին չեն դիմել, ականատեսներից են մանրամասներ ճշտել, որոնք բալասանյանականներին պատմել են, թե Գյումրու նախկին քաղաքապետը բարձր տրամադրությամբ, գուցե փոքր-ինչ գինովցած՝ տեսնելով Բալասանյան ազգանունը, պահի տակ զայրացել է ու խփել ծաղկեպսակին։
Այս թեմային անդրադարձել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանը, որը թեև անուն-ազգանուն չի նշել, սակայն ֆեյսբուքյան գրառմամբ խստորեն քննադատել է նրան։
«Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։
Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձել մտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար», գրել է Կարեն Սարուխանյանը։
Նշենք, որ Կարեն Սարուխանյանը Վարդան Ղուկասյանի պատասխանել է ճիշտ նրա ոճով․ Վարդան Ղուկասյանը պատգամավորի մասին խոսելիս՝ մամուլով մի քանի անգամ ասել է․ « Ո՞վ է դա, չեմ ճանաչում, ամոթ էլ է»։
Ակնհայտ է, որ Գյումրիում նախընտրական կրքերը սկսված են․ թեև անհայտ է, երբ կնշանակվեն արտահերթ ՏԻՄ ընտրությունները, սակայն թեկնածուները մարտական տրամադրության մեջ են․ մի կողմից ՔՊ-ն է՝ այս պահին դեռ չկողմնորոշված թեկնածուով, մյուս կողմից՝ ոգևորված ու հստակ որոշում ունեցող, ավելին Կաթողիկոսի շքանշանով պարգևատրված Վարդան Ղուկասյանն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. «Առավոտի» թղթակից Արփինե Սիմոնյանը փորձել է պարզաբանում ստանալ Վարդան Ղուկասյանից: Նա Բալասանյանների կողմից դրված ծաղկեպսակը ոտքով գցելու մասին տեղեկությանն արձագանքել է մեծ վրդովմունքով: Նա անվայելուչ արտահայտություններով է որակել նման տեղեկություն տարածողներին ու անջատել հեռախոսը: