Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտներն ունեն շահառուներ. Հովհաննես Իշխանյան

Դեկտեմբեր 09,2024 17:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սիրիայում տեղի ունեցածը չենք կարող առանձնացնել Հայաստանում կատարվող իրադարձություններից, որովհետեւ խաղն աշխարհում այնպիսինն է, որ որտեղ ինչ կատարվում է` կապված է մեկ ուրիշ տեղանքի հետ: Այսինքն, ինչ կատարվում է Սիրիայում, իսկ Հալեպն ու Բաղդադը մեզանից առանձնապես հեռու չեն, բացի նրանից, որ նույն տարածաշրջանում ենք գտնվում, պետք է հասկանալ, որ աշխարհի գերտերությունների կռիվները այսօր առանձին փոքր կոնֆլիկտների մեջ են»,-«Հայելի» ակումբում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Նրա խոսքով. «Օրինակ, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունի, Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտներն ունեն շահառուներ, որոնք ամբողջ աշխարհի հզորներն են՝ կլինի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, թե Թուրքիան: Իրենց հարաբերությունների մեջ հզորները հարաբերվում են այդ կետային հակամարտություններով:

2011թ, երբ արաբական գարունը հասավ Սիրիա, այնտեղ դեռեւս խաղաղ ցույցեր էին, ինչպես հիմա Վրաստանում կամ Հայաստանում է հաճախ լինում, որը հետո վերաճեց ռազմական բախումների: Այդ ռազմական բախումների հետ ի հայտ եկան նաեւ ահաբեկիչներ, ինչպես օրինակ ԻՊ-ը կամ ԴԱԻՇ-ը: Այդ տեսակի ահաբեկչությունն ընդհանրապես արդարացում չունեն: Առհասարակ ահաբեկչության հիմնավորումներ կան փիլիսոփայության մեջ, նման տիպի ահաբեկչություններն առաջանում են հիմնականում արդարության վերականգնման անզորությունից…

Սակայն, ԻՊ-ի պարագայում դա որեւէ ձեւով արդարացված չէր, եւ այն ստեղծված չէր պաշտպանության համար… Թուրքիան սկսեց օգտվել այդ ահաբեկիչներից, որովհետեւ ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի՝ Թուրքիան մահմեդական երկիր է, եւ կարող է դառնալ մահմեդական աշխարհի միջուկը: Ինքը նման հայտ ներկայացրել է եւ Արեւմուտքին սպառնալով համախմբում է մահմեդականներին: Սա նշանակում է, որ թե Արեւմուտքի, եւ թե Ռուսաստանի համար Թուրքիան շուտով դառնալու է պայթյունավտանգ պետություն»:

Հովհաննես Իշխանյանը նաեւ հավելեց. «Իրանի կարմիր գիծը Սյունիքի հարցով արդեն մաշվել է: Հիմա եթե հիմնավորումներ սկսեն տալ , որ Սյունիքի միջանցքը պետք է բացվի, իրենց հիմնավորումը լինելու է նոյեմբերի 9-ով կամ կգտնեն մեկ այլ հիմնավորում…Իսկ եթե հանկարծ Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, արդեն այդ տարածքի շահառուն Իրանն է լինելու, ոչ թե մենք»:

Հովհաննես Իշխանյանն ՀՀ գործող իշխանություններին ու Սիրիայի հայությանը մենակ թողնելուն էլ անդրադարձավ: Նրա ձեւակերպմամբ. «Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ է մի իզմ, որը բրախիզմն է, սիրիահայերին չօգնելը, ասելը, որ իրենք կառավարություն ունեն, որը պետք է զբաղվի այդ հարցով: Սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ մենք գործ ունենք բրախող իշխանության հետ: Չէ՞ որ 150 հազար հոգու բրախեց, քաղաքացիությունից զրկեց, հիմա էլ սիրիահայերին ահաբեկիչների անորոշությանն է մատնել, իսկ հյուպատոսությունը Հալեպից դուրս է բերվել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031