Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի դրաման և ռուբլու ռումբը. Աղասի Թավադյան

Դեկտեմբեր 09,2024 17:24

Վերջին շաբաթվա ընթացքում դրամի արժևորումը որոշակի անհանգստություն է առաջացրել շուկայում։ Այս վերլուծությունը կուսումնասիրի դրամի փոխարժեքի փոփոխության պատմությունը, կբացատրի, թե ինչով է պայմանավորված դրամի արժևորումը։

Նախ հասկանանք, ինչով էր պայմանավորված հայկական դրամի կտրուկ արժեզրկումը և հետագա վերականգնումը։ Հայաստանի տնտեսությունը զգալի կախում ունի ռուսական տնտեսությունից։ Ինչպես քննարկել ենք մեր վերլուծություններում, 2022 թվականի տնտեսական աճը պայմանավորված էր Ռուսաստանից արտահոսած կապիտալով և աշխատուժով, իսկ 2023 թվականի տնտեսական աճը՝ Ռուսաստանից ոսկու վերաարտահանմամբ։ Հայաստանի պատրաստի ապրանքների գերակշռող մասը արտահանվում է Ռուսաստան։ Այս ֆոնին տարածաշրջանի արժույթների արժեզրկումը և հետագա վերականգնումը հիմնականում պայմանավորված էր հենց ռուբլու արժեզրկմամբ, որը պայմանավորված էր մի քանի հանգամանքով․

  1. Նոյեմբերի 21-ին ԱՄՆ Գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել Գազպրոմբանկի նկատմամբ և լրացուցիչ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակելու Ռուսաստանի միջազգային ֆինանսական համակարգի օգտագործումը: Սա Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցների հերթական մասն էր։ Այս պահին ՌԴ-ի դեմ կիրառվում է շուրջ 23 հազար պատժամիջոց: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենի ադմինիստրացիան մինչև վերջին պահը չէր կիրառում այս քայլը: Այս քայլը կարող է մեծացնել համաշխարհային գնաճը, քանի որ այս քայլը դժվարացնում է էներգառեսուրսների շարժը՝ թանկացնելով դրանք։
  2. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունը այլևս չի գնի ռուսական գազ, որը նույնպես ազդեցություն ունեցավ ռուբլու գնի վրա:
  3. Ռուսաստանում յուրաքանչյուր տարվա վերջին ռուբլին ունի արժեզրկման միտում, քանի որ ռուսական կազմակերպությունները, որոնք արտարժույթով վարկ են վերցրել, տարվա վերջին վճարում են իրենց պարտավորությունները, ինչը մեծացնում է արտարժույթի հանդեպ պահանջարկը՝ արժեզրկելով ռուբլին:
  4. ԱՄՆ նախագահ Թրամփի վերընտրումից հետո դոլարը սկսեց ամրանալ բոլոր արժույթների հանդեպ, որը նախանշում է համաշխարհային բիզնես միջավայրի վստահության մեծացումը ԱՄՆ-ի հանդեպ։

Այս իրադարձությունների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց՝ 1 դոլարը = 100 ռուբլուց (նոյեմբերի 17) մինչև 115 ռուբլի (նոյեմբերի 27)։ Նշենք, որ այս ազդեցությունը կարճաժամկետ էր, շուկան արդեն կարգավորվել է, և այս պահին՝ դեկտեմբերի 9-ի դրությամբ, 1 դոլարը արդեն 99 ռուբլի է։

Դիտարկենք դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի փոխանակման կետերում հոկտեմբերի 1-ից սկսած։

Գծապատկեր 1

Գծապատկեր 2

Գծապատկեր 3

Ինչպես երևում է գծապատկերներից, փոխարժեքի տատանումը, որը որոշակի անհանգստություն առաջացրեց մեր շուկայում, արդեն հանդարտվել է։ Սա ցույց է տալիս նաև շուկայական մարժայի գծապատկերը (գծապատկեր 4), որն արտացոլում է յուրաքանչյուր փոխարժեքի հանդեպ անորոշության աստիճանը շուկայում։ Գծապատկերում պատկերված է փոխանակման կետերի մարժայի տարբերությունը ռուբլու, եվրոյի և դոլարի համար (Բանաձևը՝ (sell – buy) / buy)։ Մարժան ցույց է տալիս, թե որքան անորոշություն է շուկան տեսնում տվյալ փոխարժեքի մեջ։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է, և շուկան ակնկալում է, որ ամենայն հավանականությամբ իրավիճակը կայունանում է։

Գծապատկեր 4

Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է սպասվել հայկական դրամի փոխարժեքին, դիտարկենք ԱՄՆ դոլարի արժեքի պատմությունը ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 2012 թվականից: Գծապատկերում երևում են կայունության 3 շրջան, 3 ցնցում, Ռուսաստանի Դաշնության փոխարժեքի 2 ճգնաժամ և Արցախի կորստի ազդեցությունը:

Գծապատկեր 5

2012-2014 թվականներին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կայուն էր՝ մոտ 410 դրամի սահմաններում: 2014թ. երկրորդ կիսամյակում Ռուսաստանում սկսված ֆինանսական ճգնաժամը, որը պայմանավորված էր նավթի գների անկմամբ և Ղրիմի հետ կապված պատժամիջոցներով, հանգեցրեց տարածաշրջանի արժույթների, այդ թվում՝ եվրոյի և դրամի արժեզրկման: Հատկանշական է, որ եվրոյի արժեզրկումը աստիճանական էր, մինչդեռ դրամի արժեզրկումը եղավ կտրուկ և ապակայունացնող:

Գծապատկերում պատկերված «Ցնցում N1»-ը արտացոլում է դրամի արժեքի անկումը 410-ից մինչև 480 դրամ մեկ դոլարի դիմաց: Կենտրոնական բանկը այլևս ի վիճակի չէր շուկայական միջամտություններով պահպանել փոխարժեքը, և դրամը խուճապային կերպով արժեզրկվեց՝ հասնելով մինչև 580 դրամի: Մի քանի օրվա խուճապից հետո իրավիճակը կայունացավ 480 դրամի սահմաններում: Այս կայունությունը պահպանվեց հինգուկես տարի՝ մինչև 2020 թվականի աշունը:

Թղթադրամի արժեքը հիմնված է հասարակության կոլեկտիվ վստահության վրա: 2020 թվականի 44-օրյա պատերազմից, ինչպես նաև 2023 թվականին Արցախի կորստից հետո, հասարակության մի մասը կորցրեց վստահությունը դեպի տնտեսությունը և դրամը: Քանի որ Հայաստանում միայն դրամն է պաշտոնական վճարամիջոց, բնակչությունը չի կարող երկար ժամանակ պահել արտարժույթ, ինչը հանգեցնում է դրամի պարբերական վերաարժևորման:

2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում տեղի ունեցավ «Ցնցում N2»-ը: Չնայած շուկան սպասում էր դրամի արժեզրկման, Ռուսաստանից զգալի քանակությամբ արտարժույթի ներհոսքը հանգեցրեց հակառակ արդյունքի՝ դրամի արժևորման: Բանկային համակարգ կատարված փոխանցումները 2.5 անգամ աճեցին, իսկ Ռուսաստանից ներհոսքը՝ 4.5 անգամ: Այս ժամանակաշրջանին հաջորդեց կայունության երրորդ շրջանը, որը տևեց համեմատաբար կարճ՝ մինչև Արցախի գրավումը:

Գծապատկեր 6

Հայաստանը զգալի կախվածություն ունի արտաքին ֆինանսական շուկաներից՝ հատկապես ռուսական ռուբլու շուկայից։ Այս պայմաններում փորձը ցույց է տալիս, որ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը կարող է բացասաբար անդրադառնալ մեր տնտեսության վրա։ Այս պայմաններում չի բացառվում հայկական դրամի հետագա կտրուկ ցնցման հավանականությունը, որը կարող է խուճապ հարուցել հայկական շուկայում։ Այս սցենարի իրականացման պայմաններում 2025 թվականի ՀՆԱ-ի աճի հավանականությունը բավականին ցածր կլինի։ Այս սցենարը նաև կբերի պետական պարտքի կտրուկ աճի և վերջինիս՝ օրենքով սահմանված թույլատրելի սահմանից գերազանցման։ Կենտրոնական բանկը պետք է շատ զգոն լինի այս պայմաններում և թույլ չտա ավելորդ լարում փոխարժեքի շուկայում, որը կարող է հանգեցնել հայկական դրամի հանկարծակի թռիչքի։

2022թ.-ից սկսած հայկական դրամը ամենաթանկացած արժույթն է բոլոր փոխարկելի արժույթների մեջ, որը բացասական է անդրադառնում արտահանման, տուրիստական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների վրա՝ թանկացնելով դրանք։ Օրինակի համար, 2022 թվականին, երբ 1 դոլարը մոտ 480 դրամ էր, ՏՏ ոլորտը 10 հազար դոլարից ստանում էր 4.8 մլն դրամ, իսկ այժմ՝ մոտ 3.8 մլն դրամ։ Այսինքն՝ դրամի թանկացումից ՏՏ ոլորտը, ինչպես նաև տուրիստական ոլորտը և արտահանողները, ունեն 1 մլն դրամի կորուստ։

Փեև իրական տնտեսության համար դրամի արժեզրկումը ձեռնտու է և կարող է թուլացնել դրամի հանկարծակի ցնցման հետագա հավանականությունը, սակայն այս քայլը ձեռնտու չէ կենտրոնական բանկին և կառավարությանը, քանի որ ԿԲ տեսանկյունից այն գնաճային է և կարող է հանգեցնել կապիտալի արտահոսքի, իսկ կառավարության տեսանկյունից՝ կմեծացնի պետական պարտքը և դրա սպասարկումը, ինչպես նաև կփոքրացնի ՀՆԱ ցուցանիշները դոլարային արտահայտությամբ։

Աղասի Թավադյան,
tvyal.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031