Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդային տարիների սկզբին Ադրբեջանի իշխանությունները Նախիջեւանի հայ բնակչության վերջնական ոչնչացման ծրագրված գործողություններ էին իրականացնում»

Դեկտեմբեր 09,2024 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«1918-1920 թվականներին թուրք-ադրբեջանական ջարդարարների կողմից Նախիջեւանի հայության կոտորածներից հետո բազմաթիվ նախիջեւանահայեր կարողացան մազապուրծ փախչել երկրամասից ու բռնել գաղթի ճամփան։ Նրանց մեծ մասը ժամանակավոր ապաստան գտան Սյունիքում, ինչպես նաեւ Վրաստանում։ Թվում էր, թե անդկովկասյան հանրապետություններում սովետական իշխանության հաստատումով պետք է բարելավվեր Նախիջեւանի մարզի հայ բնակչության վիճակը, սակայն քաղաքականության մեջ ոչինչ չէր փոխվել։ Ընդհակառակը, Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով երկրամասը դրվեց Ադրբեջանի հովանավորության տակ, դա արձակեց ադրբեջանական իշխանությունների ձեռքերը՝ շարունակելու Նախիջեւանը վերջնականապես հայաթափելու քաղաքականությունը»,- այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան Անի Մելքոնյանը։

Նա նշեց, որ նրանց նպատակը Նախիջեւանի նկատմամբ ստանձնած ժամանակավոր հովանավորությունը մշտականի վերածելն էր։ Ուստի, խորհրդայնացման ամենասկզբից Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկեց բոլոր հնարավոր քայլերը՝ մի կողմից փախստականների վերադարձը խոչընդոտելու, մյուս կողմից՝ անտանելի պայմաններ ստեղծելու բնիկ էթնիկ խմբի մնացած ներկայացուցիչների համար։ «Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ավազակախմբեր էին ստեղծվում, որոնց կարեւոր հանձնարարություն էր տրված՝ ոչնչացնելու, թալանելու բնիկ էթնիկ հայերին։ Նախապես ծրագրված էր սարսափի մթնոլորտ ստեղծել, հայկական գյուղերն արհեստականորեն սովի ենթարկել, Հայաստանի հետ կապը բարդացնել, փախստականների մուտքը թույլ չտալ։ Բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ Խորհրդային տարիների սկզբին Ադրբեջանի իշխանություններն այս տարածաշրջանի ինքնավար հայ բնակչության վերջնական ոչնչացմանն ուղղված ծրագրված գործողություններ էին իրականացնում»,- ասաց նա։

Անի Մելքոնյանը հավելեց, որ Նախիջեւանի շրջանի հայկական գյուղերը, որոնք 1918-20 թվականներին այդքան հաղթականորեն պայքարեցին թուրք-թաթարական ավազակախմբերի բոլոր հարձակումների դեմ, խորհրդայնացումից հետո հայտնվեցին շատ աննախանձելի վիճակում։

Նա նշեց, որ Նախիջեւանի Հանրապետությունում հաստատված հայ փախստականների թիվը մինչեւ 1926 թվականը կազմում էր 1200 ծուխ՝ մոտ 5000 մարդ։ Հաշվի առնելով նաեւ Նախիջեւանի լեռնային գոտու մի շարք գյուղերի բնակչությունը՝ հայերի ընդհանուր թիվը 1926 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 11 300 մարդ՝ ողջ բնակչության 10,8 տոկոսը, որը նախահեղափոխական շրջանի համեմատ կրճատվել էր արդեն գրեթե 5 անգամ։ Նախկին Նախիջեւանի գավառի բնակչության թիվը 1916-1926 թվականներին կրճատվել էր գրեթե 30 հազարով եւ 1926 թվականին կազմել 90 հազար մարդ։

«Այսպիսով՝ 1929-1959 թվականներին Նախիջեւանի ԻԽՍՀ-ի բնակչության ընդհանուր թվի 134,8 տոկոս աճի պայմաններում հայ բնակչության թիվը կրճատվեց եւ կազմեց 9500 մարդ։ Ընդ որում, հայերի տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակի կազմի մեջ արդեն 6,7 տոկոս էր։ 1970 թվականին հայերի թիվը կազմում էր ընդամենը 2,9 տոկոս, իսկ 1974 թվականին՝ արդեն 1,4 տոկոս։ 1926-1979 թվականների ընթացքում Նախիջեւանի ԻԽՍՀ բնակչության 229,3 տոկոս աճի պայմաններում ադրբեջանցիների թիվն աճեց 2,6 տոկոսով, իսկ հայերինը կրճատվեց 3,3 անգամ»,- հավելեց նա։

Անի Մելքոնյանը հիշեցրեց, որ Նախիջեւանի հայաթափումն ընթանում էր նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ։

Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանի այսօրվա իշխանությունները փորձում են հայկական ներկայությունը հաստատող արխիվային փաստաթղթերը կեղծել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031