Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը չի նախատեսում ապացույցների պահպանություն, որոնց դեպքում հնարավոր կլիներ այդ գործեր վերանայել. Նինա Կարապետյանցը՝ ցմահ ազատազրկվածների մասին

Դեկտեմբեր 09,2024 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ թեեւ պետությունը պաշտոնապես որդեգրել է պատժողականից վերականգնողական արդարադատությանն անցնելու քաղաքականություն, դատաիրավական համակարգը գործնականում դիմադրում է այս փոփոխությանը, ինչը հանգեցնում է իրավական փակուղու: Արդարադատության նախարարությունը մշակել է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգ։ Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացնում են, որ այս հայեցակարգի ներկայիս տեսքով ընդունումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների համակարգային ոտնահարման՝ հատկապես ցմահ ազատազրկվածների պարագայում։

Մեդիա կենտրոնում կայացած «Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման պարադոքսը․ պայքար բարեփոխումների և դիմադրության միջեւ» թեմայով քննարկման ժամանակ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը նշեց, որ շատ կուզենար՝ քննարկմանը ներկա լիներ նաեւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ու հանրությանը բացատրություն տար, թե ինչ սկզբունքով են ընտրել հայեցակարգի վրա աշխատած մարդկանց եւ այդ թեմայով քննարկումների մասնակցածներին, թեեւ ինքը վստահ է, որ նրանք դիմադրություն ցույց չտվող մարդիկ են, որոնք հարկ եղած դեպքում պատրաստ են գնալ գործարքի:

«Թեեւ այդ մարդկանց մեջ կան բավականին գրագետ մարդիկ, բայց եւ նրանք, եւ դոնորները ծանր են տանում, երբ դու հակադրվում ես, կասկածի տակ ես դնում արված աշխատանքի որակը: Դոնորներն էլ են ծանր տանում, որովհետեւ իրենք ի վերջո գումար են ծախսել, իրենց հերթին ներկայացրել են, թե սա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, եւ իրենք էլ իրենց վերադասներին պետք է բացատրեն, թե ինչքան ռացիոնալ են օգտագործվել գումարները: Իսկապես շատ ցավալի է, որ ժամանակ ենք կորցրել, ֆինանսներ ենք ծախսել, որոնք կարելի էր ավելի ռացիոնալ ծախսել՝ առաջխաղացում եւ լավ համակարգ ունենալու համար, մինչդեռ արդյունքում ՀՀ քաղաքացին, անկախ նրանից՝ դատապարտյալ է, թե ոչ, չունի հողի վրա մնայուն պրոդուկտ»,-ասաց տիկին Կարապետյանցը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նա ցմահ ազատազրկվածներին էլ անդրադարձավ. «Դրանք այն մարդիկ են, որոնց գործերը լսվել են 90-ականներին: Այնպես չի, որ հիմա մենք արդարադատության այնպիսի համակարգ ունենք, որ խելագարված ենք ու սիրահարված ենք այդ համակարգին, բայց անկեղծորեն, եկեք ասենք, որ սա 90-ականների արդարադատության համակարգը չէ: Այն ոճը, տրամաբանությունը, որ դրված է եղել 90-ականներին, ամենասարսափելի է, ինչ կարելի է պատկերացնել: Եվ ամենավատ բանը, ինչ մենք ունենք այսօր, այն է, որ մեր օրենքը չի նախատեսում ապացույցների պահպանություն, որոնց պայմաններում հնարավոր կլիներ առհասարակ այդ գործերը վերանայել, այսինքն` ջրի երես հանել, նորից քննել այդ գործերը…Մինչդեռ անգամ գործի նյութերը պահպանված չեն…»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031