Aravot.am-ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի տնային կալանքի ժամկետը։ Մեր տեղեկությունը հաստատել են «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Սուրեն Ջանոյանի խափանման միջոցը տնային կալանքն ու 20 միլիոն դրամ գրավն է՝ Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի՝ օտարման չենթակա, Պաշտպանության նախարարության սեփականություն հանդիսացող մեկ հեկտար հողատարածքը 13 միլիոն դրամով գնելու ու հետագայում Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին վերավաճառելու մեղադրանքով:
Այս գործով անցնում են 5 մեղադրյալներ, այդ թվում՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը հիմա Արմավիր քրեակատարողական հիմնարկում է, պահվում է խիստ ռեժիմով, տեսակցություն թույլատրվում է միայն կնոջն ու երեխային։ Մեղադրյալների շարքում են նաև Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, որն ազատ է արձակվել ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով և նրանց մերձավորներից մեկը՝ Սիրական Մկոյանը։
Սուրեն Ջանոյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ