Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պահվող գերիների հարցը քննարկվել է Երեւանում՝ փակ դռների ետեւում․ Վլադիմիր Վարդանյան

Դեկտեմբեր 09,2024 15:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեի նիստը անցկացվում է Երեւանում՝ դեկտեմբերի 9-10-ին․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, իսկ վաղը՝ դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, եւ Երեւանում այս օրերին նման միջոցառման կազմակերպումը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, պայմանավորված է նաեւ վերոնշյալ հանգամանքներով:

Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հարցին ի պատասխան՝ նա պարզաբանեց ԵԽԽՎ-ում քննարկումների օրակարգը եւ այն, որ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, ի տարբերություն լիագումար նիստերի, անցկացվում են առավել դռնփակ ձեւաչափով: «Մենք չենք կարող օրակարգ ձեւավորել, որովհետեւ դրա ձեւավորումը շատ դեպքերում պայմանավորված է լինում այն նախապատրաստող զեկույցներով, որոնք քննարկվում են հանձնաժողովներում եւ պետք է ընդունվեն լիագումար նիստերում»: Նա հավելեց, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ մշտապես բարձրաձայնում է հարցեր. դրանք բարձրացված են նաեւ ԵԽԽՎ-ի ընդունած մի շարք զեկույցներում: Վլադիմիր Վարդանյանի խոսքով քննարկումների ժամանակ այդ հարցին անդրադարձ եղել է:

«Ռազմագերիներին առնչվող հարցում ԵԽԽՎ-ն, կարծես, հնարավորն արել է, քանի որ այն բանաձեւերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիներին եւ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման խնդրին: Այսինքն՝ պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ բան ավելի անել, մենք չենք կարող, քանի որ, ըստ էության, ռազմագերիների հետ կապված բոլոր օրակարգային հարցերը բարձրացվել են եւ ստացել իրենց համապատասխան լուծումները բանաձեւերում»,- նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այսօր հանձնաժողովում քննարկվող հարցերից մեկն էլ այն իրավական եւ մարդասիրական հետեւանքներն են եղել, որոնք կապ են ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական օպերացիայի հետեւանքով տեղի ունեցածի հետ: «Բայց պահանջել ԵԽԽՎ-ից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացնել, մեր կարծիքով կրկին անարդյունավետ կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարի չհաստատվեց Ադրբեջանի պատվիրակության մանդատը եւ այդ երկրի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031