«Գերիների վերադարձի հետ կապված հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, բայց իրավական դաշտում մենք այդ մասին ժամանակին պահանջ ներկայացրել ենք՝ թե Արդարադատության միջազգային դատարանում, թե Եվրոպական դատարանում: Ցավոք սրտի,դատարանները համարում են, որ իրենց անմիջական, առարկայական իրավասությունից այս հարցերը դուրս են: Թե Եվրոպական դատարանի մասին է խոսքը, թե Արդարադատության միջազգային դատարանի»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Փորձ արել ենք նաեւ դիմելու դատարանին՝ այդ դաշտում որոշում կայացնելու ակնկալիք ունենալով, բայց դատարանը անկախ մարմին է եւ որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիման վրա»,-հավելեց Կիրակոսյանը:
Ի թիվս այլնի՝ նա հիշեցրեց. «Եվրոպական դատարանում ունենք 4 միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, նաեւ 2 միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի՝ Եվրոպական դատարանում: 4 միջպետական գործընթացները Հայաստանի կողմից, որոնք տարվում են ընդդեմ Ադրբեջանի Եվրոպական դատարանում, վերաբերում են 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդող ժամանակահատվածին, վերաբերում են գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի պրոցեսներին, ապօրինի ազատությունից զրկելուն, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը եւ դրա հետեւանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման եւ դրան ուղեկցող բոլոր խախտումներին…
Եվրոպական դատարանում առաջին գանգատի մասով, որը վերաբերվում էր բուն պատերազմին, արդեն հաղթահարել ենք գրավոր ընթացակարգերը, առարկությունները գրավոր փոխանակվել են, մենք արդեն ակնկալում ենք դատարանի բանավոր լսումները:
Կարդացեք նաև
Մյուս երեք գանգատները հիմնականում գրավոր փուլերում են գտնվում: Քանի որ 4-րդ գանգատը՝ բռնի տեղահանման հետ կապված մենք ամփոփ ներկայացրել ենք միայն այս տարի, որովհետեւ նախ ծավալուն էր, բացի դրանից իրադարձությունները դեռ ծավալվում էին մինչեւ 2023թ ավարտը, դրա համար ժամանակային առումով, սա մի քիչ ավելի ուշ է քննվում»:
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Արդարադատության միջազգային դատարանում եղած հայցերով 5 պահանջ էր ներկայացրել Հայաստանը, որոնցից 3-ով դատարանը կայացրել է որոշում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով կոնկրետ ժամանակային միջոցներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ