ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւավորվել է 1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ կողմից՝ Արցախի դեմ Ադրբեջանի՝ 1991 թվականի ագրեսիայից հետո։ Եվ Մինսկի խմբի եռանախագահությունը կրում է կոնֆլիկտի կարգավորման միջնորդության բացառիկ մանդատը։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն, ստեղծելով Մինսկի խումբ, հաստատել է, որ չի ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս։ Հակառակ պարագային, ինչպես այլ կոնֆլիկտների դեպքում, Մինսկի խումբն առաջ կտաներ միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մասին «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
Նա նշեց, որ Մինսկի խումբը հենց սկզբից կիրառեց երկու պայման, ինչն էլ փակուղի մտցրեց Արցախի հարցը։ Մի պայմանը՝ պատմական գործոնը հաշվի չեն առնում, երկրորդ պայմանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության սկիզբը համարում են սովետմիության փլուզումը։ «Սա հնարավորություն էր թուրք-ռուսական դաշինքի համար, որ Մինսկի խմբի ներկայությամբ Արցախի խնդիրն անջատեն 1921 թվականի մարտի Մոսկվայի հանցավոր պայմանագրից ու շրջանցեն 1921 թվականի հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի որոշումը՝ մեծ Արցախն Ադրբեջանին նվիրելու հակաիրավական փաստը։ Մյուս կողմից, սա հնարավորություն էր հանցավոր լռության մատնելու սովետմիության փլուզման նախաշեմին ընթացած ցեղասպանության մի ողջ ընթացք, որը բոլորովին պատմություն չէր եւ դեռ առջեւում էր՝ 1988 թվականի փետրվարի 26-29-ի Սումգայիթն իր ողջ հրեշավորությամբ, 1988 թվականի «Կոլցո»-ները Շուշիի եւ Հադրութի շրջաններում, 1988 թվականի նոյեմբերի Գանձակը, Կիրովաբադը եւ Գարդմանքը, 1988 թվականի մարտից մինչեւ 1990 թվականի հունվարի 19-ը Բաքվի հայերի ջարդերը, այնուհետեւ 1991 թվականի ապրիլին Գետաշենի ենթաշրջանի «Կոլցոն», 1992 թվականի ապրիլին Մարաղան, 1992 թվականի հունիսին Շահումյանի շրջանի ցեղասպանությունը։ Ցեղասպանության դրվագների այս շարքի եւ 1991-2023 թվակաների ռազմաքաղաքական դիմակայության համար հող նախապատրաստվեց 1921 թվականին Մոսկվայի պայմանագրով եւ Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի որոշմամբ»,- ասաց նա։
Մարիամ Ավագյանի խոսքով՝ ցեղասպանության այս փուլը շատ արագ մոռացվեց, հայկական գիտաքաղաքական վերնախավն այս փուլը չընկալեց որպես հայկական հարցի մաս, որպես Մեծ եղեռնի հետցնցում։ «Ռուսաստանը գիտի, թե ինչ է Սումգայիթը, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հոկտեմբերի 22-ին, հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 17-ին Բաքվին հիշեցրեց դրա մասին։ Ցեղասպան թուրքը, 2020 թվականի հոկտեմբերին, մխրճվելով Արցախ, ահաբեկեց հային հենց Սումգայիթով։ Սումգայիթը 20-րդ դարի վերջում թրքական ծրագրի հերթական փուլն էր, ցեղասպանության շարունակություն։ Սումգայիթը բացահայտեց սովետմիության քողարկված հակահայ քաղաքականությունն ու 1920 թվականից հայության գոյության դեմ մշակված սպառնալիքները։ Սումգայիթը տոտալ ցեղասպանության նոր սպառնալիքի մասին ահազանգ էր, ինքնապաշտպանության պահանջի ահազանգ»,- ասաց նա։
Մարիամ Ավագյանը նշեց, որ հայկական քաղաքական վերնախավը պարզապես չհասկացավ ու հետամուտ չեղավ, որ ցեղասպանության կանխարգելման հարցը բանակցային գործընթացում պետք է լիներ առաջնային նպատակ ու թիրախ, Արցախյան հակամարտությունում ու հայ-թուրքական հարաբերություններում արհամարհվեց ցեղասպանության փաստը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ