Մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 8-ին Դեբեդի վարչական շենքում հանդիպում է ունեցել նաև «Մանթաշյանց» գործարարների միության անդամների, մի խումբ գործարարների հետ, նրանց հետ քննարկել Լոռու մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը:
Ա. Ղազարյանը նշել է, որ, որպես մարզի ղեկավար, պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերելու մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում, ձևավորելու ներդրումային բարենապաստ միջավայր, աջակցելու անհրաժեշտ բոլոր գործընթացների՝ օպերատիվ կազմակերպման հարցում:
Մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարության միջոցներով և պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բարեկարգվում են դեպի պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհները, ինչը լրացուցիչ խթան է գործարարների համար բիզնես ծրագրեր նախաձեռնելու:
Կարդացեք նաև
Քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպելու առավել մեծամասշտաբ հանդիպում, որի ընթացքում գործարարներին կներկայացվեն մարզի բոլոր համայնքների զարգացման ռազմավարական ուղղությունները, ուժեղ կողմերն ու հնարավորությունները՝ ներդրումներ ներգրավելու նպատակով:
Մարզի ղեկավարը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ