«Չեմ ուզում դիրքորոշում հայտնել, որովհետեւ կստացվի՝ մեկնաբանում եմ, իսկ ես ուզում եմ այս պահի դրությամբ զերծ մնալ: Հիմա աշխատում են, այս պահին նման հարց չկա դրված: Մեր հայցերը շարունակվում են, գործերի քննությունը շարունակվում է՝ ընթացակարգային քայլեր են, որոնք անհրաժեշտ են մեր հայցերի քննությունն ապահովելու համար»,-պատասխանելով միջազգային դատական ատյաններում Բաքվի դեմ հայցերը հետ կանչելու վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Մեկ այլ հարցին ի պատասխան, թե մամուլում քննարկվել է, որ անձամբ ինքը դեմ է եղել հայցերի հետ կանչմանը, Եղիշե Կիրակոսյանը կրկին զերծ մնաց մեկնաբանություն անելուց:
Վավերացվել է Հռոմի ստատուտը, Ալիեւի դեմ Արցախում ցեղասպանություն կատարելու համար հայց ներկայացվելո՞ւ է՝ այս հարցին էլ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Որպես պետության ներկայացուցիչ ճիշտ չի լինի, որ նման բաներ բացահայտեմ: Պիտի խնդրեմ հետեւեք գործընթացներին: Չեմ կարող ասել, թե հետագայում ինչ որոշում կլինի: Կլինի՝ կիմանաք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ