Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեղադրում է Արևմուտքին ՀՀ-ին պատերազմի նախապատրաստելու մեջ, մյուս կողմից՝ ձերբակալում նրանց, ովքեր արևմտյան ֆինանսավորմամբ խոսում են հայերի հետ հաշտեցման օգտին. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 09,2024 14:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

COP29-ի ավարտից անմիջապես հետո, Ադրբեջանի բռնապետ Ալիևը ձերբակալությունների նոր ալիք է սկսել, թիրախում են հատկապես այն լրագրողներն են ու ակտիվիստները, որոնք երբևէ որևէ առնչություն են ունեցել հայերի հետ։ Այսպես, օրեր առաջ ձերբակալվել են ընդդիմադիր համարվող «Meydan.tv» լրատվամիջոցի լրագրողներ, նրանց թվում նաև՝ կին լրագրողներ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք կասկածվում են ֆինանսական մաքսանենգության մեջ։ Նրանց համար սահմանել են նախնական չորս ամիս կալանք։

Թեև պաշտոնական մեղադրանքում խոսք չկա հայերի կամ արևմտյան ֆինանսավորման մասին, բայց լրագրողների ձերբակալությունից հետո իշխանական քարոզչական «Baku.tv» տեսանյութ էր պատրաստել նրանց մասին, որտեղ նշում էին, որ լրագրողների գլխավոր «մեղքը» դա արևմտյան ֆինանսավորմամբ Ադրբեջանում հեղափոխական տրամադրություններ սերմանելն է, ինչպես նաև հայերի հետ կապը։ Օրինակ էր բերվում, որ լրագրողներից մեկը խոսել է այն մասին, որ Ալիևը նպատակադրված կազմակերպել է այսպես կոչված «էկո-ակցիան» Լաչինի միջանցքում, իսկ հետո հարձակում գործել ու դուրս քշել հայերին Լեռնային Ղարաբաղից։

Սա շատ կարևոր դրվագ է, որին հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում։ Ես նախորդիվ իմ հոդվածում մանրամասն գրել էի, որ փաստացի լռեցնելով խաղաղության մասին խոսույթը Ադրբեջանի ղեկավարը ցույց է տալիս, որ չի գնալու հաշտեցման ու խաղաղության։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Ալիևը ձերբակալում է այն ադրբեջանցիներին, որոնք երբևէ խոսել են հայերի հետ բարիդրացիության կամ հաշտեցման օգտին։ Սա շատ կարևոր ցուցիչ է, ինչի մասին միջազգային գործընկերների հետ խոսելը արժեքավոր է, առավել ևս՝ երբ այդ նույն ակտիվիստները մեղադրվում են նաև Արևմուտքի հետ կապերի համար։

Պարադոքսալ մի բան է ստացվում՝ Ադրբեջանը մի կողմից մեղադրում է Արևմուտքին Հայաստանին պատերազմի նախապատրաստելու մեջ, իսկ մյուս կողմից ձերբակալում նրանց, ովքեր արևմտյան ֆինանսավորմամբ խոսում են հայերի հետ հաշտեցման օգտին․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031