Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Դեկտեմբեր 09,2024 13:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանում  Կոլումբիայի Հանրապետության դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ երկուստեք շահերից է բխում շարունակել ակտիվացնել առևտրային, մշակութային և զբոսաշրջային շփումները մեր կառավարությունների, գործարարների և ժողովուրդների միջև:

Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան երրորդ անգամ է Հայաստան այցելում, արդեն երկրորդ անգամ՝ դեսպանի կարգավիճակում: Նա խոստովանում է, որ Հայաստանը գրավել է իրեն հարուստ պատմությամբ՝ միահյուսված քրիստոնեության և համաշխարհային մարդկության պատմությամբ․  «Ուրախ ենք նշել Կոլումբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Աշխատել ենք տարբեր ոլորտներում՝ մշակութային,  ակադեմիական: Նպատակ ունենք շարունակել աշխատել այնպիսի ոլորտների շուրջ, ինչպիսիք են մշակութային դիվանագիտությունը, գաստրոնոմիկ, կրթական, սպորտային դիվանագիտությունը և նաև փորձել գտնել հնարավորություններ մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ամրապնդման համար: Ցանկանում ենք ծրագրեր իրականացնել նաև գրականության ոլորտում, քանի որ գիտենք, որ Հայաստանում շատերը հետաքրքրված են լատինամերիկյան և կոլումբիական գրականությամբ», – ասել է նա:

Ի դեպ, ընթրիքի համար հատուկ Հայաստան էր ժամանել կոլումբիացի շեֆ-խոհարար Լուսիանա Կայենը, որը մասնագիտացել է Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոհանոցում, կակաոյի և սուրճի փորձագետ է: Լուսիանա Կայենն առաջին անգամ էր Հայաստանում․ «Ես ծանոթ եմ Հայաստանին, և մեր երկրում կա մի շրջան, որը կոչվում է Արմենիա: Այնտեղ սուրճ են աճեցնում: Այն շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Հայաստանում եմ արդեն երկու կամ երեք օր, և իմ տպավորությունը մարդկանցից և մշակույթից շատ խորն է: Մարդիկ այստեղ շատ բարի են: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն»,- ասել է նա:

Ընթրիքի ընթացքում հյուրերը համտեսել են Լուսիանայի կազմած հատուկ ճաշացանկից կոլումբիական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ՝ վայելելով կոլումբիական երաժշտություն և պարեր:

Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ երկու երկրներն էլ ջանքեր են ներդնում՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, համագործակցության ընդլայնումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031