CivilNet. Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով վարչապետ Փաշինյանի ավելի վաղ արած պնդմանը, թե նախկինում արտագաղթի հիմնական պատճառը Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն էր, հայտարարել է, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում երկրում գրանցվել է ներգաղթ:
Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդել է, թե նախկին իշխանությունների օրոք 1 մլն մարդ է արտագաղթել Հայաստանից։
Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արտագաղթի պատկերն արտացոլող հիմնական և միջազգային ընդունված մեթոդոլոգիայով հաշվարկվող ցուցանիշը՝ միգրացիայի մնացորդն է։ Այն հաշվարկվում է գրանցվածների և գրանցումից դուրս եկածների՝ ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա, ճշգրտվում մարդահամարների արդյունքներով և տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության տվյալներով։
Կարդացեք նաև
Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ Լևոն Քոչարյանի նշած տարիներին միգրացիայի մնացորդը եղել է խորապես բացասական՝ 2004-ին՝ -29,600, 2005-ին՝ -30,300, 2006-ին՝ -29,800, 2007-ին՝ -33,400։ Այսինքն՝ այդ չորս տարում Հայաստանից հեռացել է 123,100 մարդ։
Ամենամեծ արտահոսքը գրանցվել է անկախության առաջին տարիներին։ 1992-1994 թվականներին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -475,800 մարդ։ Դրական մնացորդ գրանցվել է 1991-ին (+4,400), 2020-ին (+3,400), 2022-ին (+6,100)։
2023-ի տվյալներով՝ միգրացիայի մնացորդը +41,400 է, սակայն այս ցուցանիշը ներառում է մինչև 2024-ի հունվարի 1-ը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը, առանց նրանց՝ մնացորդը կազմում է +10,000 մարդ։
Ըստ Վիճկոմիտեի նախնական տվյալներով՝ 2024-ի հունվար-սեպտեմբերին միգրացիայի մնացորդը կազմել է +70,300, առանց ԼՂ բնակչության հաշվառման տվյալների՝ +4486 մարդ։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ 1998-2007 թվականներին, միգրացիոն մնացորդը կազմել է -251,000 մարդ։ Սակայն Լևոն Քոչարյանը, նշելով միգրացիայի դրական դինամիկայի մասին, ենթադրաբար նկատի է ունեցել այդ տարիներին գրանցված սահմանահատումների հաշվեկշիռը։
Լևոն Քոչարյանի պնդումը, թե իր հոր նախագահության շրջանում ներգաղթ է եղել, հիմնված է միայն ընտրական մոտեցումով ընտրված տարիների սահմանահատումների հաշվեկշռի վրա։ Սակայն արտագաղթի իրական պատկերը արտացոլում է միգրացիայի մնացորդը։
Հայկ Հովհաննիսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: