«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայի զարգացումների գլխավոր պատասխանատու է համարել այդ երկրի բանակին:
Իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ հետախուզական և այլ տվյալներով ի սկզբանե հայտնի է եղել, որ նման գործողություն է լինելու, և Սիրիայի բանակն ու կառավարությունը ևս տեղեկացված են եղել (Դեռ հոկտեմբերի սկզբին ԻՀՊԿ-ին հարող ԶԼՄ-ներում գրում էին, որ Թուրքիայի հովանավորյալ ուժերը, օգտվելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, ակտիվանալու և Սիրայի վարչակարգի ու դիմադրության առանցքի դեմ գործելու նպատակ ունեն):
«Բնական էր, որ Գազայից, Լիբանանից հետո այս գործողությունները շարունակվելու էին: Զարմանալին այս գործողության դեմ Սիրիայի բանակի անկարողությունն էր և գործողությունների արագությունը: Ինքը՝ պարոն Բաշար Ասադը ևս զարմացավ և դժգոհեց սեփական բանակի պահվածքից: Պարզ էր, որ նույնիսկ սիրիական կառավարությունում բանակի մասին պատշաճ վերլուծություն չկար: Իմ կարծիքով՝ սիրիական բանակը դարձավ հոգեբանական դաշտի գերին»,-նշել է Արաղչին։
Արաղչին ընդգծել է, որ այս գործողության ժամանակի ընտրության հարցում դեր է խաղացել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունն ու Իսրայելի հետ Իրանի առճակատումը, սակայն այդ գործողության հաջողության հիմնական գործոնը Սիրիայի բանակն էր, որը չի դիմադրել, իսկ դիմադրության ուժերը, չնայած այլ ճակատներում զբաղվածությանը, իրենց դերակատարումն ունեցել են:
Կարդացեք նաև
«Եթե Սիրիայի բանակը կռվեր, անգամ Հալեպը չէին կորցնի»,-ասել է Արաղչին:
Նախարարը նշել է, որ Իրանի հետագա քաղաքականությունը կախված է նրանից, թե ինչ իշխանություն կձևավորվի Սիրիայում, և այն ինչ դիրքորոշում կորդեգրի Իրանի ու Սիրիայի շիաների նկատմամբ: