Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկավոր է վերականգնել գիտության պաշտամունքը

Դեկտեմբեր 09,2024 13:00

Հարցազրույց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո եւ մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

– Պարոն Սարգսյան, համեմատաբար վերջերս ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծվել է նոր՝ «Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման» վարչությունը։ Կխնդրեինք գնահատել նոր կառույցի կարեւորությունը։

– Նման կառույցի անհրաժեշտությունը շուտվանից կար։ Ես մեծապես ողջունում եմ այդ կառույցի հիմնումը ԳԱԱ համակարգում, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր գիտությունը ձեռք է բերել ռազմավարական նշանակություն պետական անվտանգության համակարգում։ Մի բան պարզ է, որ այն երկիրը, որտեղ գիտությունը թույլ վիճակում է, այդ երկիրը նաեւ վատ է պաշտպանված։

Այն համակարգը, որը գիտության առաջատար, լոկոմոտիվ ուժն է, բնականաբար պետք է նաեւ հանրությանը բացատրի, թե գիտությունն ինչի համար է անհրաժեշտ։

Խորհրդային միության փլուզումից հետո գիտության դերը նսեմացվեց, առաջացավ թերընկալում գիտության կարեւորության մասին։ Այստեղ, իհարկե, կա նաեւ գիտնականների մեղքը։ Հարկավոր էր հանրությանը պարզ, մատչելի լեզվով բացատրել գիտության դերը ժամանակակից քաղաքակրթական հարահոսում, նախ եւ առաջ պետության տնտեսության զարգացման տեսանկյունից։ Բնականաբար, այս նպատակին հասնելու համար ԳԱԱ-ն պետք է ունենար մի կառույց, որը կտարածեր, կպրոպագանդեր գիտության դերը, որի մեջ կներգրավեր երիտասարդներին, ուսանողներին եւ աշակերտներին։ Երկիրը պետք է ունենա երիտասարդ գիտնականների հզոր բանակ, ովքեր հետագայում պետք է ձեւավորեն գիտելիքահենք տնտեսությունը։ Սա միակ հնարավորությունն է, որի միջոցով Հայաստանը կարող է դառնալ կայուն եւ զարգացող տնտեսություն ունեցող երկիր։

– Դուք միջազգային համագործակցության մեծ փորձ ունեք, մասնավորապես ՌԴ-ի հետ։ Ըստ Ձեզ, նորաստեղծ վարչությունը ի՞նչ գործառույթներով ու լիազորություններով պետք է օժտված լինի միջազգային համագործակցությունն ամրապնդելու համար։

– Վերջին տարիներին ես շատ սերտ համագործակցում եմ Ռուսաստանի գլխավոր՝ «Սիրիուս» գիտակրթական կենտրոնի հետ։ Այն գտնվում է Սոչիի նախկին օլիմպավանում, որն այժմ՝ դաշնային ենթակայության տակ է։ Այնտեղ ստեղծված են գերազանց հարմարավետ պայմաններ՝ երեխաների հետ աշխատելու համար։ «Սիրիուս» հրավիրվում են Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների երեխաներ, ում համար տարբեր ոլորտների գիտնականներ կարդում են գիտահանրամատչելի դասախոսություններ։

Վերջին անգամ ինձ հետ  համատեղ այնտեղ դասավանդում էին «Մատկուլտ» յութուբյան շատ հետաքրքիր եւ հայտնի ալիքի հիմնադիր Ալեքսեյ Սավատեեւը, Նիկոլայ Անդրեեւը, ով Լիլավատիի մրցանակի դափնեկիր է (մաթեմատիկայի ոլորտում բարձրագույն պարգեւը), մաթեմատիկական դպրոցը ղեկավարում է Ադիգեայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դաութ Մամին, ով կովկասյան փոքրիկ քաղաքում՝ Մայկոպում բացառիկ կենտոն է ստեղծել՝ «Կովկասյան մաթեմատիկական կենտրոն»-ը, որը մաթեմատիկական կրթության համառուսաստանյան խոշորագույն կրթական հաստատություններից է։ Ընդ որում՝ Կենտրոնին օժանդակող կազմակերպությունները Մոսկվայի ֆիզիկոտեխնիկական ինստիտուտն է եւ Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Սա շատ վառ օրինակ է, թե ինչպես են նրանք գիտությունը հանրայնացնում։

Մենք արդեն սկսել ենք իրենց հետ սերտորեն համագործակցել. կա մտադրություն նաեւ համատեղ գիտական, գիտամեթոդական աշխատանքներ իրականացնելու, մեզ հրավիրում են այնտեղ դասախոսություններ կարդալու։ Մոտ ապագայում նշածս բարձրակարգ մասնագետներին կհրավիրենք Հայաստան, եւ նրանք հանդես կգան ինչպես մասնագիտական շրջանակների առաջ, այնպես էլ դպրոցականների։

Հուսով եմ, որ միջազգային համագործակցության աշխարհագրությունը ապագայում ավելի կընդլայնվի եւ մենք կկարողանանք կապեր հաստատել նաեւ այլ երկրների հայտնի գիտական կենտրոնների եւ գիտնականների հետ։

– Ի՞նչ է արվում Հայաստանում նման տարածաշրջանային կենտրոն ստեղծելու եւ գիտության հանրամատչելիացման եւ հանրայնացման ուղղությամբ։

– Այսօր մտադրություն կա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին կից ստեղծելու հատուկ լաբորատորիա, որը կծառայի դպրոցականների հետ աշխատանքներին։ Դա կլինի երեխաների համար նախատեսված հատուկ լաբորատորիա, որը կհագեցվի արդիական սարքավորումներով։ Տարբեր դպրոցներից պարբերաբար այնտեղ կհրավիրենք ավագ եւ միջին դասարանների աշակերտների, կկարդանք դասախոսություններ, կիրականացնենք լաբորատոր փորձեր։ Մի խոսքով, երեխաներին կհրավիրենք ֆիզկայի աշխարհ։ Սա կարող է դառնալ պիլոտային ծրագիր եւ, հաջողելու դեպքում, նույնը կարելի է անել ե՛ւ կենսաբանության, ե՛ւ մաթեմատիկայի, ե՛ւ ծրագրավորման ե՛ւ այլ՝ ամենատարբեր ոլորտներում։

«Սիրիուսի» մասշտաբի ու հնարավորությունների կենտրոն այսօր դժվար է ստեղծել Հայաստանում, բայց, որ անհրաժեշտություն կա այդ ուղղությամբ աշխատելու եւ ստեղծելու մի համակարգող մարմին, որը գիտությունը կտարածի նաեւ մարզերում, այսպես ասած՝ «գիտությունը կտանի նաեւ լեռներ», այսօրվա հրամայականն է։

Մշտական գործող նման կենտրոնի աշխատանքների կազմակերպումը միգուցե այս պահին իրատեսական չէ, սակայն հնարավոր է կազմակերպել ամառային դպրոցներ։

Այս ծրագրերը միանշանակ պետք է իրականացվեն պետական հոգածությամբ, սակայն պետք է նաեւ կոչ անել մասնավոր ձեռնարկատերերին, հիմնադրամներին եւ անհատներին՝ աջակցելու գիտության զարգացմանը, հանրամատչելիացմանն ու հանրայնացմանը։

Ակադեմիայի նորաստեղծ վարչությունը, նպաստելով դպրոցականների շփումներին գիտնականների եւ գիտական կազմակերպությունների հետ, պետք է նպաստի հանրամատչելի գիտական միջավայրի ձեւավորմանը, որը կար խորհրդային Հայաստանում։ Հարկավոր է արմատավորել այն գաղափարը, որ Հայաստանում կիրթ մարդը ապագա ունի։

– Կա՞ն, արդյոք, բարդ գիտական ուղղությունների հանրամատչելիացման մեթոդներ, միջազգային փորձ։

– Այո՛, իհարկե։ Օրինակ՝ դասախոսությունները պետք է ուղեկցվեն լաբորատոր փորձերով, տեսահոլովակներով, անիմացիաներով եւ այլն: Սակայն հատուկ կուզենայի նշել, որ նման գործունեությունը պետք է զուգակցվի նաեւ շատ լուրջ պատմական էքսկուրսներով, որպեսզի երեխաների համար հետաքրքիր լինի, եւ նրանք հասկանան, թե ինչպես է տվյալ գիտությունը զարգացել։ Օրինակ, շատերի համար զարմանալի անակնկալ կլինի այն հանգամանքը, քվանտային ֆիզիկայի առաջին գաղափարները տրվել են 11-րդ դարում։ Ալ Հազենն այդ դարում տվել է լույսի քվանտացման գաղափարը… Խորհրդային տարիներին հրատարակվում էր «Քվանտ» ամսագիրը, որը պարզ, մատչելի ձեւով ներկայացնում էր, օրինակ, քվանտային ֆիզիկայի մասին պատկերացումները։ Խորհրդային Հայաստանում հրատարակվում էին  «Մաթեմատիկան եւ ֆիզիկան դպրոցում», «Գիտություն եւ տեխնիկա» ամսագրերը, իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում հիմնվեցին  «Բնագետ» եւ «Գիտության աշխարհում» հանդեսները:

Շատ մեծ է, իհարկե, նաեւ պետական այրերի դերը գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման գործում։ Օրինակ՝ Չերչիլը, 30-ական թթ.-ին, երբ նախարարների կաբինետի անդամ էր, բայց դեռ վարչապետ չէր, ամեն կերպ խրախուսում էր ռադիոլոկացիայի ոլորտում հետազոտությունները Բրիտանիայում։ 1940թ.-ին Բրիտանիան գերմանական ներխուժումից փրկվեց ռադիոլոկացիայի շնորհիվ։ Այսինքն՝ մեկ լայնախոհ անհատի դերը կարող է շատ մեծ լինել ոչ միայն պետության արդյունավետ կառավարման գործում, այլեւ գիտության ոլորտում։

– Գիտության հանրամատչելիացմանն ու հանրայնացմանը պետք է նպաստի մեդիայի կարեւորության գիտակցումը։

– Միանշանակ։ Օրինակ, նույն Մեծ Բրիտանիայում, երբ հասկացան, որ ճարտարագետների մոտ 100 հազար պահանջարկ կա, այդ ոլորտ երիտասարդներին ներգրավելու նպատակով ուղիղ եթերներով սկսեցին ցույց տալ, թե ինչպես են նախագծվում հայտնի ավտոկոնցեռնի մեքենաները… այն դեպքում, երբ նրանք նախկինում մշտապես գաղտնի էին պահում իրենց տեխնոլոգիական լուծումները։

Չինաստանում պաշտոնապես հայտարարված «գիտության օր» կա: Հնարավոր բոլոր մեդիա միջոցներով, ուղիղ եթերներով այդ օրը չինացի գիտնականները ներկայացնում են իրենց վերջին կարեւորագույն ձեռքբերումները: Օրինակ, վերջին անգամ իրենք ներկայացրեցին չինական նորաստեղծ քաղաքացիական ինքնաթիռի նախագիծը՝ սկսած վերջինիս աերոդինամիկայից եւ վերջացրած արտադրության  վերջնական փուլով։ Այս ամենը արվում է լայն հասարակության հետաքրքրությունը շարժելու, նոր սերնդին դեպի գիտություն եւ տեխնոլոգիաներ մղելու նպատակով։

Նախկինում բավականին միջոցառումներ, ծրագրեր էին իրականացվում գիտության հանրայնացման համար։ Ամենավառ օրինակը Սերգեյ Կապիցայի «Անհնարինը՝ ակնհայտ» հաղորդաշարն էր, նկարահանվում էին վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր գիտության եւ գիտնականների մասին։ Անշուշտ, այդ ամենը պետք է իրականացնել նաեւ այսօր, օգտվելով արդեն իսկ ժամանակակից մեդիահնարավորություններից:

Ա. ՍԵՎԱՉԵՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031