Լրահոս
Օրվա լրահոսը

1899թ. եւ 1907թ. կոնվենցիաներ են բերվել ՀՀ սահմանադրական դատարան

Դեկտեմբեր 09,2024 12:30

Տպավորություն է, թե Հայաստանը պատրաստվում է մի քայլի, որը կիրականացնի «ընտրովի» պետության միջոցով

Հայաստանը ստանձնեց՝ «Լուրջ տարաձայնության կամ հակասության դեպքում՝ այնքանով, որքանով թույլ են տալիս հանգամանքները, համաձայնել զենք կիրառելու փոխարեն դիմել մեկ կամ մի քանի բարեկամ տերությունների բարի ծառայություններից կամ միջնորդությունից օգտվելու հնարավորությանը»- պարտավորությունը, որն ամրագրված է 1899թ. Հաագայի Կոնվենցիայի հոդված 2-ով: Նաեւ ստանձնեց հետեւյալը. «Որպես վեճի մասնակից կողմ հանդես գալու պարագայում լուրջ տարաձայնության դեպքում, երբ վտանգված է խաղաղությունը, համապատասխանորեն ընտրել տերություն, որին կլիազորվի հակառակ կողմի ընտրած տերության հետ ուղիղ բանակցություններ վարելու առաքելությունը՝ խաղաղ հարաբերությունների խզումը կանխելու նպատակով»: Իսկ 1907թ. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլ պարտավորությունների, փոխադարձության հիման վրա հանձն առավ «Պետությունների հարաբերություններում ուժի կիրառումը հնարավորինս կանխելու նպատակով գործադրել Հայաստանի Հանրապետության լավագույն ջանքերը՝ ապահովելու միջազգային տարաձայնությունների խաղաղ լուծումը (հոդված 1):

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով դեկտեմբերի 5-ին քննել է «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Կառավարության ներկայացուցիչն էր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Ե. Կիրակոսյանը:

Համաձայն 1899 թ. եւ 1907 թ. կոնվենցիաների` անկախ 2-րդ հոդվածով նախատեսված դիմումից՝ ստորագրող կամ՝պայմանավորվող տերություններն առաջարկում են, որ վեճի մասնակից չհանդիսացող մեկ կամ մի քանի տերություն սեփական նախաձեռնությամբ, եւ որքանով թույլ են տալիս հանգամանքները, առաջարկեն իրենց բարի ծառայություններն ու միջնորդությունը վեճի մասնակից պետություններին:

Միջնորդի խնդիրն է հաշտեցնել հակադիր պահանջները եւ նվազեցնել թշնամանքի զգացումը, եթե այն ծագել է վեճի մասնակից պետությունների միջեւ։

Ըստ դարավերջի ու դարասկզբի կոնվենցիաների՝ «Միջնորդի գործառույթները դադարում են այն պահին, երբ վիճող կողմերից մեկը կամ ինքը՝ միջնորդը, հայտարարում է, որ առաջարկվող հաշտության միջոցները չեն ընդունվում։

Թե կողմերի խնդրանքով, թե վեճի կողմ չհանդիսացող տերությունների նախաձեռնությամբ կիրառվող բարի ծառայությունները եւ միջնորդությունն ունեն բացառապես խորհրդատվական բնույթ եւ ոչ մի դեպքում չունեն պարտադիր ուժ:

Միջնորդության ընդունումը, հակառակի վերաբերյալ համաձայնություն չլինելու դեպքում, չի կարող լինել զորահավաքի կամ պատերազմի պատրաստվելու այլ միջոցառումների ընդհատման, հետաձգման, դանդաղեցման կամ խոչընդոտման պատճառ, իսկ եթե միջնորդությունը տեղի է ունենում ռազմական գործողություններն սկսվելուց հետո, հակառակ համաձայնություն չլինելու դեպքում, այն չի հանգեցնում ընթացիկ ռազմական գործողությունների դադարեցման»:

Կոնվենցիաներով նախատեսված կարգով, գործառույթներով եւ իրավասությամբ ստեղծվում են Մշտական արբիտրաժային տրիբունալ, Միջազգային քննիչ հանձնաժողով, Մշտական արբիտրաժային դատարան, Մշտական արբիտրաժային դատարանի Միջազգային բյուրո եւ Հատուկ տրիբունալ:

Միջազգային վեճերում, որոնք չեն առնչվում ոչ պատվին, ոչ էլ կենսական շահերին եւ բխում են փաստերի գնահատման շուրջ ունեցած տարակարծությունից, Կոնվենցիաների կողմերն առաջարկում են վեճերի կողմերին դիվանագիտական համաձայնության չհասնելու դեպքում այնքանով, որքանով թույլ են տալիս հանգամանքները, հիմնել Միջազգային քննիչ հանձնաժողով՝ անկողմնակալ եւ արդար քննության միջոցով փաստերի պարզաբանմամբ վեճերը լուծելու նպատակով։ Միջազգային քննիչ հանձնաժողովները ստեղծվում են վիճող կողմերի միջեւ կնքվող հատուկ համաձայնագրով՝ կոնվենցիաներով սահմանված կարգով:

Նշվում է, որ հանձնաժողովի նիստերը հանրային չեն, եւ հրապարակման ենթակա չեն նաեւ Արձանագրություններին ու քննությանն առնչվող փաստաթղթերը, բացառությամբ կողմերի համաձայնությամբ Հանձնաժողովի կայացրած որոշման առկայության դեպքում։ Հանձնաժողովի զեկույցն ունի բացառապես փաստերն արձանագրող բնույթ եւ ոչ մի պարագայում չի կարող համարվել Արբիտրաժային վճիռ։

Կողմերը լիովին ազատ են ըստ իրենց հայեցողության տնօրինելու այդ փաստերը:

Մշտական դատարանն իրավասու է քննել բոլոր արբիտրաժային գործերը, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը համաձայնում են ստեղծել հատուկ Տրիբունալ: Տրիբունալի խորհրդակցություններն անցկացվում են դռնփակ, իսկ ընթացակարգը գաղտնի է։ Յուրաքանչյուր որոշում կայացվում է Տրիբունալի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ Արբիտրաժային վճիռն ընթերցվում է դռնբաց նիստում կողմերի ներկայացուցիչների եւ իրավախորհրդատուների ներկայությամբ կամ բացակայությամբ, եթե վերջիններս պատշաճ ծանուցվել են: Արբիտրաժային վճիռը պարտադիր է միայն վիճող կողմերի համար։

1907 թ. Կոնվենցիան նույնպես խաղաղ լուծումներ է առաջարկում, «փոխզիջման» ինստիտուտն այստեղ էլ կա, միայն թե այս կոնվենցիայով կարող ես ընտրել ոչ ավել, քան չորս անձ, որոնք քաջատեղյակ են միջազգային իրավունքին, ունեն բարձր բարոյական համբավ եւ պատրաստակամ են ստանձնելու Արբիտրի պարտականությունները:

Կոնվենցիաները համապատասխանում էին 21-րդ դարի ՀՀ գործող սահմանադրությանը:

Այս գործով Հատուկ կարծիք էր հայտնել դատավոր Ե. Խունդկարյանը: Ըստ նրա՝ «առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031