Նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, բոլորս որոշակիորեն՝ համարյա ամեն ինչ գիտենք, էլ ինչո՞ւ ենք էս կողմ, էն կողմ ընկած ձեւեր թափում, դերասանություն ենք անում, մշտապես փորձում հեծանիվներ հնարել, իբր տվյալ պահին առաջացած իրավիճակից ելքեր գտնելու համար: Ո՞ւմ ենք ուզում զարմացնել, նոր գյուտեր անել, քանզի բոլորիս համար էլ համարյա ամեն ինչ պարզ է: Բայց այս ամեն ինչի մասին գրելը չափազանց ծավալուն է, ուստի ընդհանուր գծերով կխոսենք 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանդից մինչեւ 2018թ. ընկած ժամանակահատվածի եւ դրանից հետո մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածի ավելի խորացված իրավիճակների մասին: Մինչեւ 2018թ. հեղափոխությունը, արցախա-ադրբեջանական հարաբերություններն ընթանում էին առանց լարվածության՝ չհաշված 2016թ. քառօրյա պատերազմը, որը լուրջ նշան էր այն բանի, որ Ադրբեջանը բնավ քնած չէ եւ բնավ չի հաշտվել Արցախի կորստի հետ ու լրջորեն նախապատրաստվում է ռեւանշի, որի լրջությունը, ցավոք, այդ օրերին չհասկացանք եւ նույն հանգստությամբ շարունակեցինք մեր կյանքը … Միայն մի բան կարող եմ ասել, որ եւ Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը, եւ Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդն ապրում էին լիովին անհոգ կյանքով ու քայլ անգամ չէին անում Արցախի անվտանգության համար: Հենց այս անգործությունը դարձավ այն հանցավոր իրողությունը, որից առատորեն օգտվեցին Թուրքիան ու Ադրբեջանը, որից ավելի մեծ նվեր նրանք չէին կարող երեւակայել, որի վրա էլ 2018թ. հեղափոխությամբ իշխանության եկած ուժը կառուցեց հիմնական ռազմավարությունն ու մարտավարությունը, որն ավելի խորացրեց ստեղծված ողբալի իրավիճակը:
Փաստացի, հասունանում էր այն պահը, երբ Ադրբեջանը պետք է հարձակվեր Արցախի վրա, որը եւ տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 27-ին: Եվ իշխանությունները, եւ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունը, եւ ընդհանրապես հայ ժողովուրդը լիովին պատկերացնում էին այդ ամենը ու այդ օրը փաստացի տեսան, թե ինչ է տեղի ունենում Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, սակայն բոլորն էլ ձեւերի մեջ էին եւ ամենքն իր հերթին իր ներկայացումն էր խաղում, ցուցադրելով, թե ոչինչ չի խնայում ստեղծված իրավիճակը փրկելու համար: Իշխանությունների խաղը հասկանալի էր ու այժմ էլ հասկանալի է, սակայն ոչ մի կերպ հասկանալի չէ ընդդիմության եւ ժողովրդի խաղի նպատակը, որոնց արդյունքում բացի մարդկային կորուստներից, կորցրեցինք 200 քառ.կմ-ից ավելի տարածք, տվեցինք անհետ կորածներ ու վիրավորներ, ինչպես նաեւ Բաքվի բանտերը լցրեցինք հարյուրավոր բանտարկյալներով:
Լիովին անհասկանալի մնաց, թե ո՞րն էր այս ամենի իմաստը եւ նպատակը: Քաջ հասկանալով այս ամենը, ինչո՞ւ գնացինք նման ստորությունների՝ ձեւեր թափելով, իբր փորձում ենք անհնարինն անել իրավիճակը փրկելու համար: Եթե սրան էլ ավելացնենք, որ գլուխ բարձրացրին տարբեր ռանգի պաշտոնյաների եւ ոչ պաշտոնյաների բազում դավաճանություններ, որոնք էլ իրենց հերթին հեշտացրեցին եւ արագացրեցին հայերի նվաստացուցիչ պարտությունն ու բազմապիսի կորուստները եւ նվաստացումները, ապա պատկերն ամբողջական է դառնում:
Խիստ անհասկանալի է, թե բոլորն ամեն ինչ իմանալով, ինչու էին գնում եւ ինչու գնացին նման քայլերի, քաջ հասկանալով, որ իրավիճակը ողբերգական է եւ այդ իրավիճակում՝ թատերականացված ցուցադրություններով որեւէ խնդիր չեն կարողանալու լուծել՝ բացի բազմապիսի կորուստներից: Ստացվում է, որ եւ իշխանությունները, եւ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունը, եւ ընդհանրապես հայ ժողովուրդը քաջատեղյակ լինելով տիրող իրավիճակին, փոխանակ զոհողությունների գնով փորձելու փրկել իրավիճակը, ցուցադրաբար, իրենց նեղ անձնական նպատակներն էին կյանքի կոչում՝ իրականացնում, քանզի կամ պետք է գնային իսկական սխրագործության, կամ ցուցադրեին, որ իրենք չափազանց անհանգստացած են ու փորձում են անհնարինն անել հայրենիքը փրկելու համար: Նման գործելաոճի պարագայում, բնական է, որ պետք է լիներ այն, ինչ եղավ:
Կարդացեք նաև
Եթե ինքներս մեզ չխաբենք, ապա նմանատիպ քայլերի պարագայում տվյալ իրավիճակի հանգուցալուծումը հենց այդպես էլ պետք է լիներ, քանզի թշնամին կռվում էր՝ կոտորում, իսկ մենք պատերազմելու՝ փրկության իմիտացիա էինք խաղում, որպեսզի աշխարհը եւ ժողովրդի հասարակ հատվածը չմտածեր, որ մենք այսքան անթասիբ ենք …
Այս ամենի արդյունքը պարզորոշ ցույց տվեց, որ թշնամին կռվեց ու հաղթեց, իսկ մենք բացի դավադրություններից ու դավաճանություններից, ոչ մի լուրջ բան չարեցինք ու հայտնվեցինք մեզ հարիր վիճակում:
Ողբերգությունն այն է, որ հստակ իմանալով, թե ո՞ւր ենք գնում եւ մեզ ի՞նչ է սպասվում, եւ իշխանությունը, եւ ժողովուրդը, եւ ընդդիմությունը մնում են նույն ձեւի մեջ, շարունակում են իրենց ներկայացումը՝ իբր չեն հաշտվում սպասվող իրադարձությունների՝ հայրենիքի հանձնման հետ, որի մասին վերեւում բացված՝ պարզորոշ նշվեց, թե իրենք ինչը մաքսիմալ կարող են անել:
Կեցցե անհայրենիք ու անտեղյակ «հայ» ժողովուրդը, որն այդ պատերազմի ընթացքում կռվելու «ունակության» նոր գոհարներ շաղ տվեց, զարմացնելով աշխարհին:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
07.12.2024