«Փաշինյանը դեռ 2019-ին գնացել է գործարքի, նա «եղբայրական» Ադրբեջանի քրեական ռեժիմը փրկելու պարտավորություն ունի եւ դա բարձր մակարդակով կատարում է»
«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակության մեջ տարածել վտանգավոր թեզեր, եւ օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ այն քաղաքականությունը, որը վարել ու վարում են, այսինքն՝ Արցախի հարցի այս տարբերակով «լուծումը» Հայաստանը փրկելու միակ շանսն է։ Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս քաղաքականությունը։
-Ես համաձայն չեմ այդ հայտարարության հետ։ Արցախի հայության օրինական իրավունքն է ինքնորոշվելը, որը ԵԱՀԿ-ն ճանաչել է՝ Մինսկի խումբն այդ իրավունքը դրել է կարգավորման հիմքում, դա բոլորին հայտնի երեք սկզբունքներից մեկն էր։ Ասելով, որ իրար հետ կապված կարող են լինել Արցախի հարցը եւ Հայաստանի անվտանգությունը, Փաշինյանը դիտավորությամբ փորձում է արդարանալ իր ընդունած որոշումների համար։ Իմ կարծիքով՝ այդ որոշումներն ինքն ընդունել է 2019 թվականին՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլոր փաստերը վկայում են, որ Փաշինյանը գործարքի է գնացել Էրդողանի, Պուտինի եւ Ալիեւի հետ։ Գործարքի իմաստն էր հանձնել Արցախի անվտանգության պատասխանատվությունը Ռուսաստանին։ Եվ հենց այդ որոշումը բերեց պատերազմի, որովհետեւ առանց պատերազմի դա հնարավոր չէր իրականացնել, պետք է լիներ պատերազմ, որպեսզի ռուսական զորքերի մուտքն Արցախ հիմնավորված լիներ։ Այսինքն՝ վերջին տարիներին Փաշինյանն ամեն կերպ փորձում է իր այդ, իմ կարծիքով, սխալ եւ իրավական տեսակետից քրեական հետեւանքներ ստեղծող որոշման համար արդարանալ։ Դրա համար արդեն տարիներ շարունակ նույն բանն է խոսում։ Դա ձախողված ղեկավարի, ողբերգական որոշման ,բացասական որոշման հետեւանքների տակ մնացած քաղաքական գործչի արդարանալու փորձերն են։ Քանի դեռ ինքն իշխանության է, մենք դատապարտված ենք լինելու դա լսել, բայց վստահ եմ, որ իշխանության փոփոխության դեպքում ամեն ինչ կհաստատվի փաստերով, եւ պարզ կդառնա ամբողջ պատկերը։
Կարդացեք նաև
-Մենք տեսնում ենք, որ առանց Արցախի, Հայաստանի անվտանգությունը խարխլվում է, այսինքն՝ հակառա՞կ իրավիճակն է։
-Դա էլ մեկ ուրիշ ծայրահեղություն է՝ Արցախի ինքնորոշման ու անվտանգության համար պայքարը մի հարց էր, Հայաստանի անվտանգության պայքարն այլ հարց։ Եվ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակահատվածներում շեշտը դրված էր Արցախի Պաշտպանության բանակի ամրապնդման, ուժեղացման վրա, բայց բաց էր թողնված Հայաստանի բանակի զարգացումը, ինչի դառը հետեւանքները մենք հիմա քաղում ենք։ Իմ կարծիքով՝ նաեւ Հայաստանի բանակը պետք է զարգացում ունենար, որովհետեւ Հայաստանի անվտանգությունը միայն Սյունիքը չէ, նաեւ Տավուշն է, Թուրքիայի հետ սահմանն է, որն ըստ էության Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանել, հույսը դրել է Ռուսաստանի վրա։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ Հայաստանի անվտանգությունը դա ինքնուրույն խնդիր է, որն իր գինն ունի, Արցախի հայության իրավունքների վերականգնման, վերադարձի խնդիրն այլ խնդիր է, որը նույնպես իր գինն ունի։
-Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ առաջիկայում Ադրբեջանի հետ այլ տարածքում է իրականացվելու դելիմիտացիա։ Հաշվի առնելով նախորդ փորձը՝ ի՞նչ սպասել այս գործընթացից։
-Սա մոլորություն ստեղծելու հերթական փորձն է, չի կարող լինել դելիմիտացիա՝ առանց խաղաղության պայմանագրի։ Երկու հակամարտող պետությունների միջեւ պետք է սկզբում լինի խաղաղության պայմանագիր, հետո սահմանի դելիմիտացիա, հետո սահմանի վերաբերյալ միջպետական երկկողմանի պայմանագիր, դրանից հետո միայն գետնի վրա դեմարկացիա, որն ավարտում է այդ գործընթացը։ Այդպիսի իրավական գործընթաց չկա, իսկ այն, ինչ Փաշինյանն անվանում է դելիմիտացիա, դրանք գործողություններ են՝ Ալիեւին աջակցելու, Ադրբեջանին միջազգային հարաբերություններում արդարացնելու տեսակետից։ Ադրբեջանը հիմա մեղադրվում է հայերի էթնիկ զտման մեջ, իրավական հայցեր կան, Ադրբեջանի համար ընդհանուր մթնոլորտը շատ բացասական է, եւ միայն Փաշինյանի օժանդակությունն է, որն Ալիեւին փրկում է պատժամիջոցներից եւ ծանր հետեւանքներից։ Փաշինյանի գործառույթներից մեկն է՝ միջազգային ասպարեզում պաշտապանել Ալիեւին՝ Արցախում էթնիկ զտման համար ծանր հետեւանքներից։ Եվ այդ շատ վտանգավոր նարատիվները նաեւ այդ կողմն ունեն, որ «եղբայրական» Ադրբեջանի քրեական ռեժիմը փրկելու համար Փաշինյանն ունի պարտավորություններ եւ դրանք բարձր մակարդակով կատարում է։ Բոլոր ոլորտների բարեփոխումներում Փաշինյանը կարծես թե մեծ հաջողություն չի գրանցում, ամենաշատը նրան հաջողվում է Ալիեւի «մեջքը պահել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.12.2024