«Իրանն այսօր» – Իրանի ԱԳՆ-ն Սիրիայի զարգացումների առնչությամբ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Սիրիայի միասնությունը, ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի դիրքորոշումը։
Շեշտվել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը՝ առանց արտաքին միջամտության։ Այդ համատեքստում շեշտադրվել է ռազմական գործողությունների դադարեցման, Սիրիայի բոլոր խմբերի միջև համազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը։
Ընդգծվել է Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, սրբավայրերի, դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
«Իրանի և Սիրիայի ժողովուրդների հարաբերությունները վաղնջական պատմություն ունեն և միշտ բարեկամական են եղել։ Ակնկալվում է, որ այս հարաբերությունները կշարունկավեն՝ երկու երկրների խելամիտ և հեռատես մոտեցմամբ և ընդհանուր շահերի հիման վրա»,- նշվել է հայտարարությունում։
Կարդացեք նաև
Ընդգծվել է, որ Սիրիան տարածաշրջանում կարևոր երկիր է, և Իրանը ջանք չի խնայի այնտեղ կայունության հաստատմանն աջակցելու համար և այդ նպատակով կշարունակի խորհրդակցությունները բոլոր կողմերի հետ։
«Իրանը, հետևելով Սիրիայի ու տարածաշրջանի զարգացումներին, հաշվի առնելով ազդեցիկ դերակատարների վարքագիծն ու գործողությունները, համապատասխան դիրքորոշում և մոտեցում կորդեգրի»,- եզրափակվել է հայտարարությունում։