Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան

Դեկտեմբեր 08,2024 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը.

1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը։

2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունների և ուժերի հարաբերակցության փոփոխության ամրագրումն է գործնական հարթությունում և ռեալ քաղաքական գետնի վրա։

3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի։

4. Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը, որն ունի մոտ ապագայում էլ ավելի նվազելու ու զրոյանալու միտում։

5. Թուրքիայի հայտարարություններում ակնհայտ են հղումները պատմության տարբեր փուլերին և իրավիճակներին, որոնք հստակ քաղաքականության շնորհիվ ներկայումս դառնում են իրողություններ։

6. Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները, սպառնալիքները և իրական գործողություններն ու քայլերը հետզհետե էլ ավելի են հեռանում իրարից` վերածվելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանության, իսկ սպասվող «հիմնավորումները», թե Ասադի բանակը չկռվեց, ուստի իրենք չէի կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրյա պատերազմից հետո հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախությունը, և մենք ոչինչ չէինք կարող անել» ձևակերպմանը։

7. Իրադարձությունները ցույց կտան, թե նոր Սիրիան կլինի Թուրքիայի ուղղակի և ուժեղ ազդեցության տակ երկիր, թե՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտահայտման միջոցով և ժողովրդի կամքով» դե յուրե կմիանան Թուրքիային որպես նահանգներ։

8. Էրդողանը կերտեց իր ևս մեկ լրջագույն հաղթանակը, և դա նրան կապահովի նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու ռեալ շանս, եթե առողջական վիճակը և մարդու վերահսկողության տակ չգտնվող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան։

9. Էրդողանը նաև սրանով գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում։

Փորձեմ ներկայացնել այս ամենի ազդեցությունը Հայաստանի և հայերի վրա.

1. Ասադի Սիրիայի անկումը վստահաբար ոգևորություն կառաջացնի Ադրբեջանում` թուրքական ձեռագրի կրկնօրինակմամբ և կիրառմամբ իր խնդիրների լուծման մտայնության մեջ, մանավանդ մյուս երկու խաղացողների` Իրանի ու Ռուսաստանի քաղաքական հեղինակության անկման ֆոնին։

2. Հայաստանի համար բարեկամ երկիր Սիրիայի փոխարեն այլ, հստակ թուրքամետ պետություն է ձևավորվելու։

3. Հայ համայնքի համար Սիրիայում սկսվում է անորոշության փուլ, որը կարող է հանգեցնել արտագաղթի ևս մեկ ալիքի: Իշխանության տիրացած թուրքամետ ահաբեկչական խմբավորումները որոշակի փոխել են մարտավարությունը և հռետորաբանությունը, ուստի քրիստոնյաների շրջանում խմբակային մահապատիժներ դեռ չեն արձանագրվել, սակայն հետագայում տարաբնույթ սցենարներ բացառված չեն։

4. Հստակ է, որ նախկին Սիրիան այլևս չի լինելու, ուստի հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ևս կարելի է կանխատեսել, ինչպես նաև Թուրքիայի համար զգայուն թեմաների բացառում, օրինակ` Հայոց ցեղասպանության հետ կապված հուշարձանների, հիշատակի վայրերի քանդում։

5. Չի կարելի բացառել նաև, որ հայերի մի խումբ կշարունակի ապրել Սիրիայում և կրկին թուրքական սցենարով նրանց վրա կկառուցվի նոր իշխանությունների «հանդուրժողականության» մասին պատրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031