Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանի կարծիքով՝ համայնքապետ պիտի ընտրվի այն անձը, որն իր փորձով, գիտելիքներով, անձնական կապերով ու մարդկային որակով կարողանա տարբեր տեսակի ներդրումներ բերել Գյումրի, որպեսզի այն այլևս պաշտոնապես չլինի Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ տեղանքը։
Նա նշում է, որ Գյումրու բյուջեն աղքատիկ է, չի բավարարում հիմնահարցերը լուծելու։
«Ցավոք, Գյումրու բյուջեն շատ աղքատիկ է, 5 միլիարդ դրամի կարգի է, Երևանի հետ համեմատ 10 անգամ պետք է պակաս լիներ, բայց 25 անգամ է պակաս, համայնքապետի առաջին խնդիրը պետք է լինի այս անհամաչափությունը շտկել, նոր գումարներ Գյումրի բերել։ Թեև վերջին տարիներին պետական բյուջեից ահռելի մեծ գումարներ են տրամադրվել բազմաթիվ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, լուսավորությանը, փողոցաշինությանը, բայց քանի որ տարիներով խնդիրները կուտակվել են, գումարը բավարար չէ միանգամից արդյունքը տեսնելու համար։
Գյումրու համայնքապետը պիտի լինի այնպիսի անձնավորություն, որն իր փորձով, գիտելիքներով,անձնական կապերով, մարդկային, ինչու չէ նաև տղամարդկային որակներով կարողանա Գյումրու շահերը լոբբինգ անելու միջոցով տարբեր աղբյուրներից գումարներ բերել՝ և՛ պետական բյուջեի միջոցներից, և՛ ներդրումային միջոցներից։
Կարդացեք նաև
Եթե բախտ վիճակվի արժանանալ գյումրեցու վստահությանը, գնալու եմ մայրաքաղաք՝ բոլոր խոշոր գործարարներին, ովքեր ցանցային խանութներ, հյուրանոցային բիզնեսներ ունեն, նրանց անձամբ եմ խնդրելու, ներկայացնելու եմ ավելի հետաքրքիր միջավայր, առաջարկելու եմ ամենահարմար պայմանները, որպեսզի իրենց բիզնեսի մի փոքրիկ մասնիկը տեղափոխեն Գյումրի»,-ասում է Սարիկ Մինասյանը։
Նրա համոզմամբ, եթե գործարարին զերծ պահես բյուրոկրատական քաշքշուկներից, նա սիրով ներդրումներ կանի քո քաղաքում։
«Շատ մարդկանց եմ հանդիպել, ովքեր քաղաքաշինական թղթերի հետ կապված՝ դժգոհում են քաշքշուկներից, այսինչի, այնինչի թույլտվությունը չեն տալիս, տարիներով մարդկանց հարցերը չեն լուծվում։
Ազնիվ լինենք, կան հարցեր, որոնք չեն լուծվել՝ պայմանավորված նաև մարդկանց քաղաքական հայացքներով։ Ասենք՝ պատճառաբանել են, որ ընտրությունների ժամանակ դու ինձ չես ընտրել,քո հողը պիտի մնա դատարկ, այդ մարդու նախագիծը չեն հաստատել, այդպիսի անձնական ճղճիմ հարցերը պետք է վերացնել։
Ինձ համար տարբերություն չկա, գյումրեցին գյումրեցի է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, ազգակցական կապերից, ընկերական շրջապատից, բոլորս միասին պետք է կարողանանք ուս-ուսի տալով՝ այս իրավիճակից դուրս գալ։
Կարծում եմ՝ գյումրեցու թասիբի հարցն է, որ գոնե 1-2 տարի հետո Գյումրին այլևս լինի զարգացող, զարգացած քաղաք, ոչ թե Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ քաղաքը։
Նաև անհամերաշխ վիճակն է, որ մեր գործերը չեն ստացվում, եթե ընտանիքում էլ համերաշխություն չկա, այդ ընտանիքը հաջողություններ չի ունենա։ Գյումրին մեկ ընտանիք է, և մեր այս մեծ, գեղեցիկ ընտանիքում պետք է լինեն համերաշխություն, փոխադարձ հարգանք։ Մեկս մյուսիս հանդեպ լինենք ուշադիր, հարգալից, կարծում եմ այդ դեպքում բոլոր խնդիրները կկարողանանք միասնաբար լուծել»։
Նշենք, որ Սարիկ Մինասյանը 2013-2017 թթ․-ին զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը, 2018 թվին ընտրվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր։
Նա մեզ հետ զրույցում ներկայացրել է նաև թափառող շների, բացօթյա առևտրի, քաղաքաշինական խնդիրների լուծման իր տեսլականը։
Մանրամասները տեսանյութում՝