Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի անկումը. մարտահրավերներ եւ հնարավորություններ Հայաստանի համար

Դեկտեմբեր 08,2024 17:41

Aravot.am-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը

-15 տարի դիմադրելուց հետո Սիրիան ընկավ. Սիրիայում եւ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակն ի՞նչ նոր իրողություններ է բերում մեր տարածաշրջան, եւ Հայաստանում մենք ինչի՞ պետք է պատրաստ լինենք:

-Իրականության մեջ, ոչ միայն այլեւս չկա նախկին Սիրիան, այլեւ չկա նախկին Մերձավոր Արեւելքը: Այսինքն, Մերձավոր Արեւելքում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, որոնք վերաբերվում են թե՛ Սիրիային, որպես առանձին երկիր եւ պետություն, թե՛ Սիրիայի շուրջ ընթացող գործընթացների համատեքստին. մասնավորաբար, ՌԴ-ին, Իրանին, Թուրքիայի, Իսրայելին, ԱՄՆ-ին եւ այլ խաղացողներին:

Այս նոր իրավիճակում, Հայաստանի համար ստեղծվել են նոր մարտահրավերներ, բայց զուգահեռ նաեւ կան նոր հնարավորություններ: Ակնհայտ է, որ Սիրիայի ներսում վերջին գործընթացներում հիմնական դերակատարը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը, բացահայտորեն  վայելում է թուրքական աջակցությունը: Այն նաեւ ահաբեկչական կառույց է՝ «Ալ Քաիդայից» պոկված եւ զանազան անվանումներ փոխած, որի  ղեկավարը հավակնում է ստանձնել Սիրիայի առաջնորդի դերը: Բայց սա չի նշանակում, թե միայն այդ կազմակերպությունն է Սիրիայում տիրանալու իշխանության: Կարծես թե լինելու են մի քանի տարածքներ, որտեղ փաստացի իշխանությունն իրենց ձեռքն են վերցնելու  մի քանի կազմակերպություններ: Այս համատեքստում, նաեւ հաշվի առնելով իրանական եւ ռուսական կողմերի նշանակալի դիրքային կորուստները՝ Սիրիայում իշխող իշխանության անկումով, որոշակիորեն նոր հակասություններ են ի հայտ գալու՝ մի կողմից Թուրքիա-ՌԴ հարաբերություններում, մյուս կողմից՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում: Կա նաեւ մեկ այլ շատ կարեւոր գործոն. փաստացիորեն Սիրիայի քրդերը ստանալու են գործելու ավելի լայն ազատություն եւ չի բացառվում, որ Սիրիայի տարածքում հռչակվի քրդական պետություն, որովհետեւ հիմա էլ քրդերն ունեն նկատելի ինքնավարություն, քրդերին էլ աջակցում է ԱՄՆ-ը: Ուստի, այս համատեքստում, քրդական գործոնը, որը խիստ վտանգ է էրդողանական վարչախմբի համար, կարող է դառնալ կռվախնձոր՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Իսրայելական բանակի մուտքը Սիրիայի տարածք եւ միտումը, այսպես կոչված, անվտանգային գոտի ստեղծելու, նույնպես բերելու է լուրջ մարտահրավերներ, որովհետեւ որեւէ մեկը չի կարող վստահաբար պնդել, որ Սիրիայում իշխանության եկող ահաբեկչական կառույցները չեն կարող թիրախավորել նաեւ Իսրայելը:

Հետեւաբար, բնական է Թուրքիայի, էրդողանական վարչախմբի ուժեղացումը մեր տարածաշրջանում եւ Իրանի ու ՌԴ-ի հնարավորությունների սահմանափակումը, որոշակիորեն կարող են ազդել նաեւ Հարավային Կովկասի իրավիճակի վրա՝ ըստ էության, ստեղծելով տպավորություն, որ այս երկու պետությունները ռեսուրսների սահմանափակում կունենան հարավկովկասյան խնդիրները կարգավորելու հարցում, ինչը զգալի մարտահրավեր է: Նաեւ պետք է հաշվի առնենք հայկական համայնքի գոյությունը Սիրիայի ներսում, որը նույնպես ՀՀ-ի համար մարտահրավեր է. այդ մարդիկ մեր ազգակիցներն են եւ այդ մարդկանց անվտանգության խնդիրը նույնպես չի կարող ՀՀ-ին անհաղորդ թողնել:

Այս ամբողջում ոչ պակաս կարեւոր են դառնում Մերձավոր արեւելյան տարածաշրջանում ներքաղաքական զարգացումները, որովհետեւ թե ռուսական կողմը, թե իրանական կողմը սեփական հասարակությանը բացատրելու խնդիր ունեն. տարիներ շարունակ այս երկու պետությունները, եւ հաջողությամբ իմիջիայլոց, գործել են Սիրիայում, այժմ այդ դիրքերն, ըստ էության, կորսված են:

Մեկ այլ կարեւոր հանգամանք էլ ուսանելի պետք է լինի մեզ համար. խոսքը վերաբերվում է հայտնի քաղաքագիտական աքսիոմին, երբ ամեն ինչ վճռվում է ուժերի հավասարակշռությամբ կամ այդ հավասարակշռության խախտման հետեւանքով կամ արդյունքում, որովհետեւ, մեզանում հաճախ մտայնություն կա, որ ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ կուլիսային պայմանավորվածություն կարող են ապահովել ՀՀ անվտանգությունը: Ըստ էության, սիրիական իշխանության՝ Բաշար Ալ Ասադի մտայնությունը նույնպես այդպիսինն էր, քանի որ  հավատ կար առ այն, որ Աստանայի ձեւաչափի շրջանակներում նախանշված իր դիրքերից Թուրքիան առաջ չի գնա: Բայց մենք ականատես եղանք նրան, թե ինչպես էրդողանական վարչախումբը՝ համարելով կամ հաշվարկելով ուժերի հավասարակշռության նժարը թեքվել է իր կողմը, գնաց վճռական գործողությունների, որոնք պսակվեցին հաջողությամբ: Սա չի նշանակում, թե Թուրքիան միանշանակորեն ստացել է իր համար բաղձալի իրավիճակ Սիրիայում, որովհետեւ ոչ ոք չի կարող պնդել, թե անկայունությունը, որը հավանաբար կշարունակի գոյություն ունենալ Սիրիայի ներսում եւ նաեւ տարբեր խմբավորումների միջեւ պայքարը Թուրքիայի անմիջական սահմանների մոտակայքում, չի կարող խնդիրներ ստեղծել այս պետության համար: Հետեւաբար առայժմ, չնայած էյֆորիկ տրամադրություններին, Անկարայում, նաեւ Բաքվում՝ թուրքական կողմի համար ևս զգալի մարտահրավերներ կարող են ստեղծվել:

Իրավիճակը արագ եւ դինամիկ է զարգանում, հետեւաբար, ՀՀ-ն առնվազն պետք է հստակորեն գնահատի իրավիճակը, ունենա տեղեկատվություն, որի հիման վրա կծրագրի իր հետագա քայլերը: Քայլեր, որոնք պետք է միտված լինեն ՀՀ-ի անվտանգությանը, ապա Մերձավոր Արեւելքում մայր համայնք հանդիսացող սիրիական համայնքի մեր ազգակիցներին օժանդակությանը, նրանց փրկությանը, եթե նրանց կյանքին եւ անվտանգությանը սպառնալիքներ լինեն:

-ՀՀ-ում գործող իշխանությամբ այդ ամենը հնարավոր լինելո՞ւ է անել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ հայերին աշխարհում ճանաչում են «ազգ-նահատակ», խոսում է այն մասին, որ ՀՀ անկախության հռչակագիրը ՀՀ-ի չգոյության մասին է, նաեւ «ձեռքերը լվանում է» սիրիահայերից՝  ասելով, որ սիրիահայերը Սիրիայի քաղաքացիներ են, ինքն ի՞նչ կարող է անել:

-ՀՀ-ն, այո, առաջին հերթին ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար է ստեղծված եւ թե որքանո՞վ է ապահովում այժմ, դա այլ խնդիր է, բայց, այնուհանդերձ, հայկական Սփյուռքը նույնպես կարեւոր գործոն է եւ որեւէ պարագայում մենք չենք կարող ձեռքերը լվանալ մեր ազգակիցների ճակատագրից, նրանց վտանգ սպառնալու պարագայում: Իսկ որ նման վտանգ այս պահի կա, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ի՞նչ քայլերի կգնան ահաբեկիչները, դա էլ միանշանակ է:

Մերձավոր Արեւելքն այնպիսի տարածաշրջան է, որտեղ ապրելու եւ պետություն կերտելու համար պետք է լինի կամք  եւ վճռականություն: Թույլերին, այս տարածաշրջանում ուղակի խժռում են, եթե մի փոքր պատկերավոր ասեմ: Հետեւաբար, թուլությունը դարձնել գործոն եւ առաջնորդվել միայն այդ հանգամանքով, չփորձել վերականգնել Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, չներդնել այդ խնդրում հնարավոր, նույնիսկ անհնար ռեսուրսները, չհամախմբել հայաստանյան հասարակությունը միասնական գաղափարի շուրջ, որը չպետք է ներառի Հայաստանի տեսլականը, որպես վասալ պետություն, այլ Հայաստանի տեսլականը, որպես իր շահերն առաջ մղող, ինչու ոչ՝ գերիշխող պետություն, մեծագույն բացթողում կարող է լինել, որը կվտանգի մեր բոլորի անվտանգությունը:

-Ստեղծված իրավիճակում կարո՞ղ է առաջնահերթ դառնալ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» թեման:

-Այո, ստեղծված իրավիճակում թուրք-ադրբեջանական տանդեմը, բնականաբար իր ունեցած հնարավորություններով ձգտելու է ստանալ իր երազանքների «զանգեզուրյան միջանցքը»: Բայց, այլ խնդիր է, երբ թշնամին ձգտում է ստանալ ինչ-որ բան, այլ խնդիր է, երբ դու դա չես կամենում անել եւ քո բոլոր հնարավորությունները, ձիրքերը, հմտությունները, ռեսուրսներն ուղղում ես դրան: Ես կարծում եմ, որ Հայաստանը չի կորցրել հնարավորությունը՝ սեփական անվտանգությունն այդ հատվածում ապահովելու: Երբ ասում եմ Հայաստանը, ապա նկատի ունեմ Հայաստանը եւ Հայաստանի կողմից ձեւավորվելիք զանազան դաշինքները, գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունները տարբեր խաղացողների հետ, որոնց նույնպես ձեռնտու չէ այս «միջանցքի» անցումը թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքը: Հետեւաբար, հուսալքվելու եւ հուսահատվելու  որեւէ հիմք, ըստ էության չկա: Այո, կան մարտահրավերներ, բայց կան նաեւ հնարավորություններ, որոնք պետք է խելամտորեն օգտագործվեն: Հուսալքվելը նշանակում է հանձնվել, իսկ ՀՀ-ն չի կարող հանձնվել, որովհետեւ այդ պարագայում մենք չենք ունենա որեւէ շանս՝ ոչ միայն զարգացման, այլ նաեւ գոյության՝ այնպիսի արյունալի տարածաշրջանում, ինչպիսին մերն է:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031