«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրիական վերջին դեպքերն, ինչպես նաև առաջիկայում սպասվող, անխուսափելիորեն ցավալի, ավելի ճիշտ՝ բեկումնային զարգացումները թերևս վերջին ահազանգն են Հայաստանին։
Այս իրողություններին, բնականաբար, պետք է նայել և գնահատել տարածաշրջանային և գլոբալ տեկտոնիկ ցնցումների և դրանց արդյունքում ձևավորվելիք աշխահաքաղաքական նոր ճարտարապետության համատեքստում։
Սցենարն ավելի քան ակնհայտ է, գործողությունները՝ սրընթաց։ Սիրիա պետության անկումը օրերի հարց էր․ շատերի համար անակնկալ, որոշների համար ակնհայտորեն պլանավորված․․․
Կարդացեք նաև
Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է ի շահ Թուրքիայի և գոնե այս հանգրվանում Ռուսաստանի և Իրանի շահերն այլ առաջնահերթություններ ունեն։
Ի դեպ, Թուրքիայի ձեռքերն ու ախորժակը բացվեցին 2020-ին, երբ հավաքական Արևմուտքի քաղաքական կուրության ներքո, գուցեև լուռ համաձայնությամբ՝ կանաչ լույս վառվեց Լեռնային Ղարաբաղում ցեղասպանական ռազմական օպերացիա իրականացնելու համար։
Ադրբեջանն ու Թուրքիան իրենց իրականացրած ռազմական հանցագործությունների համար չենթարկվեցին ո՜չ պատասխանատվության, ոչ էլ՝ սանկցիաների։ Ժողովրդավարական Արևմուտքի համար էներգետիկ-ռեսուրսային շահերն ավելի գերակա են, քան միջազգային իրավունքը, ինստիտուտներն ու կոնվենցիաները․․․
Ավելին՝ Բրյուսելից շտապեցին հայտարարել, որ Արևմուտքն Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի կարող խոստանալ, իսկ մեր տարածաշրջանում Եվրամիության «հավատարմատարը» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։
Հայտնվել ենք լուսանցքվածի ու քաղաքականապես անօգտակար սնանկի մի կարգավիճակում, երբ միջազգային բոլոր հարթակներում հենարանները կորցրած, սեփական բանակցային գործընթացն ազգային ողբերգությամբ «պսակած» ՀՀ «բանակցողը» Հայաստանի պետականության լինելիությունն ու անվտանգային երաշխիքները ցեղասպան երկու պետությունների/մեկ ժողովրդի/ հարթակում է փնտրում։
Անխուսափելի հարց-տագնապ է կախված օդում՝ հատկապես վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների, սիրիական դեպքերի համատեքստում․ Հայաստանի համար խիստ ճակատագրական այս հանգրվանում ՀՀ իշխանություններն ի վիճակի՞ են իրողությունները սթափ կշռել և ռազմավարական որոշումներ ընդունել։
Արդյոք ՀՀ-ում հիշո՞ւմ են, թե ինչ բարեկամական գրկախառնումների մեջ էին մինչև 2011-ը Սիրիան ու Թուրքիան։
Ո՜չ և ո՜չ․ ներկա իշխանությունների պարտության ժառանգությունը, երկիրը կազմաքանդելու ողջ անատոմիան, ներազգային հարթակների նարատիվները, ներիշխանական գզվռտոցն ակնհայտորեն ասում է՝ Ո՜Չ։
Ցավոք, Հայաստանում առաջնահերթությունը իշխանության կենտրոնացումն է մեկ անձի ձեռքում։ Sms-ով կառավարվող երկրում անգամ յուրայիններին են «ղամազացնում» /սա քպ-ՀԺ գնահատականն է Հ․ Աղազարյանին/՝ այսպիսով կեղծ օրակարգերով ուշադրություն շեղելով, նաև՝ վախեցնելով ու հնազանդության «պովոդոկ» գցելով մյուս յուրայինների վզին։
Բոլոր տոտալիտար ռեժիմներին բնորոշ ձեռագրով հետևողականորեն ոչնչացվել/ում են կամ հեղինակազրկվել/ում են ընդդիմանալու և այլակարծության բոլոր դաշտերը։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱԺ ամբիոնից պանթուրքական և հակապետական նարատիվներն այնքան ինտենսիվ են հնչել, իսկ դրա հանրային հակազդեցությունն այնքան զրոյական է եղել, որ կարելի է մտածել, թե հայ հասարակությունը ինքնասպանական թմբիրի մեջ է և պատրաստակամ է հրաժարվել իր քաղաքակրթական կոդից։
Ակնհայտ է․ մեր հավաքական զգայարանները, ընկալումներն ու հանրային ռեցեպտորները բթացել են։ /Պատճառները խորքային են, այլ թեմա է․․․/։
Մյուս կողմից՝ ռեժիմներն անակնկալ փլուզվելու պատմականորեն ապացուցված ալգորիթմ ունեն, ու այդ փլատակների տակ քիչ չեն պատմական դարձած ազգերն ու սահմանները․․․
Ադրբեջանն անթաքույց նոր պատերազմի է պատրաստվում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը լեգիտիմացրել է պատերազմը որպես աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության գործիք։
Մեր՝ հայերս այս պահին կենսական, ճակատագրական հարց-հանձնարարականը պիտի ձևավորենք՝
ԱՐԴՅՈՔ ԿԱՄՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԿՈԴ-ով՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱԼՎԵԼՈՒ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՁՈՒԼԱՐԱՆԻ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ։
ԵԹԵ ԱՅՈ՝ ՈՒՆԱ՞Կ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ, ԵՐԿԱՐԱՏԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԵԼ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՃԵՂՔԵԼ ԱՅՍ ՄՍԱՂԱՑԸ ԱԶԳ-ԸՆՏԱՆԻՔ, ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կամ կենսունակ այլ մոդելով։
Քննարկելի և շարունակելի․․․