«Հայացք Երևանից» – Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է։ Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ։ Վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջեւանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է։ Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»։
Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչեւ բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից։ Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի եւ որոշ գործող անձանց անունները փոխված են։ «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը։
Աշոտ Աղաբաբյանը հեղինակն է բեսթսելլեր համարվող՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղութ», «Սեւ հովազ-1», «Սեւ հովազ-2» գրքերի: Ընթերցողական լայն շրջանակում Աղաբաբյան-գրողը փնտրվող անուն է: