Կառավարության՝ նախորդ շաբաթավերջի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետության եւ պետականության ընկալման թեմայի շրջանակում սոցիալական ցանցերում մեկնարկած «Զրույցներ պետության մասին» շարքին, որը, ըստ վարչապետի, կարելի է ընդլայնել ու անվանել «Զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին». «Կան պատմություններ, իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, սովորական են մեր իրականության մեջ, բայց, կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված մեր հայացքը պետք է փոխենք»,- ասել է «հայացքափոխություն» սերմանող վարչապետը:
Եվ այդ իրավիճակներից առաջինը, որին գործադիրի՝ նոյեմբեր ամսվա ամենավերջին նիստում անդրադարձել է Փաշինյանը, Հայաստանում օրեր առաջ տեղի ունեցած՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն է վերաբերում, որի շուրջ լրատվականներում շարունակում են արծարծվել անպատասխան մնացած որոշ խնդիրներ, չփարատված մտահոգություններ եւ այլ քննադատություններ: Կառավարության ղեկավարը, ըստ երեւույթին, փորձեց դրանք պարզաբանել նոր «հայացքի» լույսի ներքո, սակայն, ինչպես միշտ, ավելի խճճեց թեման իր մանվածապատ, խրթին խոսույթի բավիղներում:
Խնդրի էությունը հետեւյալն է. Երեւանում անցկացվում էր աշխարհի մակարդակով բանակային մարզիկների առաջնություն, որին, չգիտես ինչու, չէին մասնակցում բանակում ժամկետային ծառայություն անցնող մեր լավագույն ըմբիշները, որոնք միշտ մրցանակային տեղերի են արժանացել Եվրոպայի եւ աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններում: Խոսքը զինծառայության մեջ գտնվող Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թեւանյանի, Արման Անդրեասյանի, Մանվել Խնձրցյանի, Վիգեն Նազարյանի, Գեւորգ Թադեւոսյանի եւ Կնյազ Իբոյանի մասին է:
Նրանք ուժ ու եռանդ չխնայելով՝ պատրաստվել էին այդ կարեւոր մրցամարտին, բայց միայն առաջնության նախաշեմին հայտնի դարձավ, որ Հայաստանը միտումնավոր ներկայանում է թույլ կազմով: Ըստ տարածված լուրերի, որոնց հավաստիությունը հայ մարզիկները հաստատում են, առաջատար մարզիկների չներգրավումը պայմանավորված է ՔՊ-ական իշխանությունների թրքամետությամբ. այնպես են անում, որ Թուրքիայի ներկայացուցիչները Երեւանում չպարտվեն, մարզական ասպարեզում եւս հաղթած դուրս գան։ Ամենայն հավանականությամբ՝ Էրդողանի սիրտն ուզում էր, որ Ծիծեռնակաբեդում հնչի թուրքական օրհներգը եւ բարձրացվի թուրքական դրոշը, որպեսզի Էնվերի ու Թալիաթի հոգիները փառավորվեն:
Կարդացեք նաև
Կառավարության նիստում Փաշինյանը, բնականաբար, այդ մասին չխոսեց, փոխարենը արձանագրեց, որ մեր զինվոր մարզիկները բավական հաջող հանդես եկան՝ նվաճելով 3 ոսկե, 3 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, որը «պետք է խոստովանեմ՝ անսպասելի հաջող արդյունք էր»: Դե, իհարկե՝ «անսպասելի», քանի որ սպասելի արդյունքը Թուրքիայի հավաքականի համար էր պատրաստված, որը մեդալների ընդհանուր թվով զիջեց անգամ Հայաստանի՝ հատուկ ընտրված թույլ կազմին: Առաջնության մասին հանրային խոսույթի համատեքստում Փաշինյանը «որոշակի կեղծ վերաբերմունք» է տեսնում ՀՀ բանակի եւ Մարզահամերգային համալիրի դահլիճում անցկացվող առաջնության նկատմամբ:
Մեկնաբանությունը՝ Գեւորգ ԼԱԼԱՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում