Դոնալդ Թրամփը հունվարին կվերադառնա Սպիտակ տուն, իսկ մինչ այդ նրա անցումային թիմը տարբեր պաշտոններում առաջադրում է իր թեկնածուներին, որոնց մեծ մասը պետք է ստանա հանրապետական մեծամասնությամբ Սենատի հավանությունը: Նրանցից ոմանք քաջատեղյակ են Հարավային Կովկասի մարտահրավերներին։
Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին՝ երդմանակալությունից հետո, կրկին կստանձնի երկրի նախագահի պաշտոնը: Իսկ մինչ այդ նախագահ Թրամփի անցումային թիմը զբաղված է տարբեր պաշտոններում թեկնածուների առաջադրմամբ, որոնց զգալի մասը պետք է ստանա վերջին ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ անցած ԱՄՆ Սենատի հավանությունը:
Առաջադրված թեկնածուների շարքում կան գործիչներ, որոնք իրենց քաղաքական գործունեության ընթացքում այսպես թե այնպես առնչվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին, այն խնդիրներին կամ մարտահրավերներին, որոնց առերեսվել կամ առերեսվում է հայությունը: Օրինակ՝ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված սենատոր Մարկո Ռուբիոն իր օրենսդրական գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է Հարավային Կովկասին ու Հայաստանին, իսկ առողջապահության նախարարի պաշտոնի թեկնածու Քենեդի-կրտսերը սերտ կապեր ունի ամերիկահայ համայնքի հետ: Մեկ այլ թեկնածու, դոկտոր Մեհմեդ Օզն էլ իր հերթին քննադատության է ենթարկվել ամերիկահայ շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար:
Հիշեցնենք, ամերիկյան արտաքին քաղաքականությունը սահմանում է ԱՄՆ նախագահը, և թե ինչ քաղաքականություն կորդեգրի Վաշնգտոնը տարածաշրջանում ու հայ-ամերիկյան հարաբերություններում, ցույց կտա ժամանակը:
Կարդացեք նաև
Մյուս կողմից, տարածաշրջանի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կարող է դրական անդրադարձ ունենալ այստեղ կայունության և խաղաղության հաստատման գործում: Այսպիսով, անդրադառնանք մի շարք թեկնածուներին, որոնց անուններն այս կամ այլ կերպ կապված են տարածաշրջանի ու ամերիկահայության հետ:
- Մարկո Ռուբիո
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Մարկո Ռուբիոն՝ Ֆլորիդայից ընտրված հանրապետական սենատորին, ով Կոնգրեսի վերին պալատում է 2011 թվականից և ընդգրկված է արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովներում:
53-ամյա Ռուբիոն աշխատավոր դասին պատկանող կուբացի ներգաղթյալների ընտանիքից է: Եթե նրա թեկնածությունը հաստատվի իր սենատոր գործընկերների կողմից, նա կդառնա առաջին լատինամերիկացի պետքարտուղարը:
Ռուբիոն ցուցաբերել է կոշտ դիրքորոշում Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ավտորիտար ռեժիմների, ինչպես նաև Չինաստանի հարցում՝ ընդգծելով, որ Չինաստանը համագործակցում է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի:
2022 թվականին Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո Ռուբիոն ակտիվորեն աջակցել է Կիևին: Վերջերս կոչ է արել բանակցություններ սկսել՝ հակամարտությունը դադարեցնելու համար, իսկ ապրիլին դեմ է քվեարկել Կիևի համար նախատեսված 95 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթին:
«Կարծում եմ, որ մեր նպատակը Ուկրաինայի հարցում պետք է լինի նրանց օգնել այնպես, որ դա չվնասի մեզ, չվնասի մեր դաշնակիցներին ողջ աշխարհում»,- ասել է սենատոր Ռուբիոն:
Մերձավոր Արևելքի հարցում Ռուբիոն եղել է Իսրայելի հաստատակամ աջակիցը, ինչը համապատասխանում է Թրամփի դիրքորոշմանը: Որպես սենատոր՝ նա կոչ է արել Իսրայելին ոչնչացնել «Համասը» Գազայի հատվածում՝ ընդդիմանալով հրադադարներին, որոնք, նրա խոսքերով, թույլ կտային ԱՄՆ կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Համասին» վերախմբավորվել:
Ամերիկահայ շրջանակները ողջունել են սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Մարկո Ռուբիոն արժանացել է Հայ դատի հանձնախմբի գնահատման սանդղակով առավել բարձր գնահատականի իր օրենսդրական գործունեության համար: Նման բարձր գնահատականի են արժանացել քիչ թվով գործիչներ, քանի որ հանձնախումբը չափազանց խիստ է մոտենում գործիչների գնահատամանը, շեշտում է Համբարյանը:
«Հաստատման դեպքում սենատոր Ռուբիոն կստանձնի պաշտոնը որպես Սենատի SRS 540 բանաձևի գլխավոր համահեղինակներից մեկը, որը նախատեսում է մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ ամերիկյան ռազմական օգնության օգտագործմամբ։ Նա կողմնակից է պատժամիջոցների և 907-րդ բանաձևի կիրառմանը։ Ռուբիոն բացահայտ քննադատել է Թուրքիայի ագրեսիան՝ ինչպես ներքին՝ ընդդեմ այլախոհների, այնպես էլ արտաքին՝ Հայաստանի դեմ, նաև Հունաստանի օդային տարածքի [խախտումների] և տարածքային ջրեր ներխուժելու դեպքերը։ Այսպիսով, նա պաշտոն է ստանձնում ոչ միայն որպես հայերի բարեկամ, այլ նաև որպես տարածաշրջանում մեր բարեկամների կոալիցիայի բարեկամ»,- ասում է Համբարյանը:
Ռուբիոյի թեկնածության առաջադրումը ողջունել է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Ըստ համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանի՝ Ռուբիոյի պարագայում ամերիկահայ համայնքը գործ ունի մի գործչի հետ, ով քաջատեղյակ է տարածաշրջանից ու հայության խնդիրներից:
«Ռուբիոն շատ ակտիվորեն աջակցել է հայությանը հուզող խնդիրներին։ Նա եղել է 2019 թվականին Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի գլխավոր համահեղինակներից մեկը։ Ուստի, ողջունում ենք պետքարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը և հուսով ենք, որ նրա հաստատումից հետո կկարողանանք ավելի սերտ համագործակցել նրա հետ արդեն իսկ պետքարտուղարի պաշտոնում՝ վստահ լինելով, որ մեր ձայնը լսելի է»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:
Ամերիկահայ երկու կառույցների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը Մարկո Ռուբիոյի հետ վերջինիս նոր կարգավիճակում, եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:
- Թուլսի Գաբարդ
Առաջադրված թեկնածուների թվում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին անդամ, 43-ամյա Թուլսի Գաբարդը, որին Դոնալդ Թրամփն առաջադրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնին:
Նախկինում Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ Հավայի նահանգը ներկայացնող Թուլսի Գաբարդը, ըստ դիտորդների, նախընտրական այս վերջին փուլում Թրամփի քարոզարշավի ազդեցիկ ձայներից մեկն էր՝ ժողովելով մարդկանց նրա օրակարգի շուրջ:
«Ահա, ընտրությունը, որ մենք ունենք։ Քվեարկել Քամալա Հարիսի օգտին նշանակում է քվեարկել Դիք Չեյնիի օգտին, քվեարկել պատերազմի, ավելի մեծ պատերազմի օգտին, հավանաբար՝ Երրորդ աշխարհամարտի և միջուկային պատերազմի օգտին: Քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին նշանակում է քվեարկել հօգուտ մի մարդու, ով ցանկանում է ավարտել պատերազմները, ոչ թե սկսել դրանք»,- հայտարարել էր Գաբարդը:
Գաբարդի թեկնածության մասին հայտարարելով՝ Թրամփը գովել է նրա «անվախ ոգին»՝ ասելով, թե նա այդ ոգին կծառայեցնի իր գործին:
Թեև Գաբարդն ավելի քան 20 տարի ծառայել է ԱՄՆ ազգային գվարդիայում, նրա թեկնածության առաջադրումը հակասական արձագանք գտավ հանրապետական օրենսդիրների և բացասական՝ դեմոկրատ կոնգրեսականների շրջանում:
Սոցհարթակներում շրջանառվող տեսանյութում քննադատները պնդում են, թե Թուլսի Գաբարդը տարածել է Ուկրաինայում իբր ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական զենքի լաբորատորիաների վերաբերյալ ռուսական քարոզչական թեզը։ Նման հաստատությունների մասին «տեղեկությունը», սակայն, հերքվել է ամերիկյան հետախուզության կողմից:
Նա նաև քննադատության է ենթարկվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու համար, որը, ինչպես հայտնի է, մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ։ Սակայն Թուլսի Գաբարդը հակադարձել է, թե խաղաղության մասին լուրջ խոսակցությունն անհնար է, եթե պատրաստ չեք խոսել հակառակորդների հետ։
Գաբարդի թենածության առաջադրումը աջակցել են ամերիկահայ կազմակերպությունները: Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը X հարթակում գրառմամբ ողջունել է նրա թեկնածության առաջադրումն ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում՝ ընդգծելով, որ Թուլսի Գաբարդն ԱՄՆ Կոնգրեսի այն փոքրաթիվ անդամներից էր, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղ:
Հանձնախումբն ընդգծում է՝ «Կոնգրեսում իր պաշտոնավարման ընթացքում նա եղել է Արցախի իրավունքների ակտիվ պաշտպան՝ ստանալով A+ գնահատական Հայ Դատի հանձնախմբի գործունեության գննահատման սանդղակում»:
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շեշտում է՝ ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն թեկնածուի հետ առաջիկա տարիներին։
«Թուլսի Գաբարդը ոչ միայն հայանպաստ և Արցախի իրավունքները պաշտպանող օրենսդիր էր, այլ նաև Կոնգրեսի այն սակավաթիվ անդամներից էր, ով այցելել էր Արցախ և ելույթ ունեցել Արցախի խորհրդարանում։ Նա շատ լավ ծանոթ է այս հարցին՝ խորությամբ և մանրամասնորեն։ Սա իսկապես մեծ հնարավորություն է մեր համայնքի համար»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Արամ Համբարյանը:
«Ամերիկայի ձայնին» տրամադրած իր մեկնաբանությունում Գաբարդի թեկնածության առաջադրումն ողջունել է նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանը՝ ընդգծելով. «Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ նախկին զինվորական և Հավայի նահանգը ներկայացնող կոնգրեսական Թուլսի Գաբարդը, եղել է հայկական հարցերի եռանդուն պաշտպան։ Նա համահեղինակ է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի և այցելել է Հայաստան ու Արցախ՝ անձամբ ծանոթանալու հայ ժողովրդի առջև կանգնած մարտահրավերներին և Ադրբեջանից եկող գոյաբանական սպառնալիքներին»:
Հիշեցնենք, որ 2017 թվականին՝ դեռ կոնգրեսական եղած ժամանակ, Թուլսի Գաբարդն ամերիկացի կոնգրեսականների խմբի կազմում այցելել էր Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ինչի հետևանքով արժանացել էր Բաքվի քննադատությանն ու հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։ Այցի ընթացքում նա ելույթով հանդես էր եկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում:
Հետագայում նա հրապարակավ մեղադրել էր Թուրքիային՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբնավորման գործում ունեցած դերակատարության համար։ Գաբարդը համահեղինակն է մի նամակի՝ ուղղված պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որտեղ մտահոգություն է արտահայտված Ադրբեջանի գործողությունների և Հայաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ:
Նամակում ասված էր. «Այս նամակով ցանկանում ենք արտահայտել մեր խորը մտահոգությունը Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանդեպ վերսկսված ագրեսիայի կապակցությամբ և Հայաստանի հետ լայնածավալ հակամարտության աճող հնարավորության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում վարչակազմին օգտագործել առկա բոլոր դիվանագիտական գործիքները՝ լարվածությունը նվազեցնելու, մարտերը դադարեցնելու և Ադրբեջանին հետագա հարձակողական գործողություններից զերծ պահելու համար»:
2019 թվականին որպես համահեղինակ Գաբարդը միացավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների տան անդամների հետ, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու ու հիշատակելու համար։
«Օսմանյան կայսրությունը փորձում էր իրեն մաքրել հայերից և քրիստոնյա բնակչությունից, ու ԱՄՆ-ն դարձավ բազմաթիվ վերապրածների տուն»,- ասել է Թուլսի Գաբարդը:
Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում