Արցախցիներն «օդից կախված» չէին, որ այնքան կորուստներից հետո բռնատեղահանվեցին Հայաստան ու 070 կոդով անձնագրերը ձեռքներին՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, զրկվեցին քաղաքացիությունից։
Ի՞նչ ասել այն իշխանությանը, որ գրչի մի հարվածով արցախցիներիս հանդեպ իրականացրեց մարդու իրավունքների խախտման ապօրինի քայլեր, եւ Հայաստանը 150 հազար արցախցիներին դադարեց ճանաչել իբրեւ իր օրինակարգ քաղաքացիներ։
Հենց այդ հարցը մի քանի օր առաջ քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր հարթակում։ Համոզված լինենք, որ իշխանությունները հավերժ չեն, այս եւ այլ անօրինությունների համար մեղավորները դեռ պատասխան պիտի տան։
Երկրորդ հարցը, որ քննարկվեց ԱԺ-ում, Արցախ վերադարձի մասին էր։ Այնքան չի կարեւորվում իմ կամ շատ-շատերի անձնական կարծիքը, թե որքանով է իրական այդ վերադարձը, բայց արդեն զարմանալի չէ այս իշխանությունների դիրքորոշումը, որոնք, ասես, փշաքաղվում են «Արցախ» անունը լսելուց, իսկ արցախցիների վերադարձի մասին, ընդհանրապես, լսել չեն ուզում։
Կարդացեք նաև
Հարմար եմ գտնում՝ անդրադառնալով բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքին, մի հատված մեջբերել իրավապաշտպան Տաթեւիկ Սողոյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթից. «Ոչ մի անձի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չի կարող չեղարկել այն իրողությունը, որ այդ մարդիկ ծնվել, իսկ նրանց նախնիները հազարամյակներով ապրել են այդ հողում, այնտեղ են ցանկացել ինքնորոշվել ու ապրել։ Եվ դա չի կարող հերքել այն նախահարձակ պատերազմը, էթնիկ զտումը, ցեղասպանությունը, որ տեղի ունեցան Արցախի տարածքում։ Եվ դա չի կարող հերքել նաեւ հանգամանքը, որ այդ անձինք հարկադրված եղան իրենց կյանքի ու անվտանգության անմիջական սպառնալիքի տակ լքել Արցախի տարածքը»։
Հետո չասեք, թե այս իշխանություններն ուզում են արցախցիներին բնակարաններով ապահովել։ Եթե մեկ շնչին հասնող 3-4-5 միլիոն դրամով բնակարաններ կգտնվեն հայրենազուրկներիս համար, թող մեզ իրազեկեն…
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում