Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Եթե Հայաստանը նույնիսկ պսևդո ժողովրդավարական, խորհրդարանական պետություն լիներ, մի քանի վարչապետ արդեն փոխած պիտի լինեինք»

Դեկտեմբեր 08,2024 10:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության իսպառ բացակայության եւ իշխանափոխության անհրաժեշտության մասին:

«Վեց տարի է, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, վեց տարի է, որ Փաշինյանը երկրի վարչապետ է: Սա ոչ թե Հայաստանի կայունության  վկայություն է, այլ ժողովրդավարության իսպառ բացակայության՝ հաշվի առնելով Փաշինյանի տված արդյունքները:

Նայենք, թե իսկական ժողովրդավարական պետություններում ինչ է կատարվում: Ֆրանսիան վերցնենք: Ընդամենը երկու օր առաջ խորհրդարանը պաշտոնազուրկ արեց վարչապետին, որովհետեւ անհամաձայնություն կար բյուջեի հարցում: Ֆրանսիան կիսանախագահական պետություն է: Վերցնենք Մեծ Բրիտանիան: Վերջին չորս տարիների ընթացքում նույն պահպանողական կուսակցությունը չորս վարչապետ փոխեց: Նոր վարչապետ է ընտրել իր միջից, որովհետեւ Բրիտանիան իսկապես խորհրդարանական պետություն է: Այդ բոլոր փոփոխությունները տեղի ունեցել են, երկիրը շարունակել է նորմալ կյանքով ապրել: Կայուն պետություն է:

Այսօր համեմատության մեջ դնենք վեց տարիների Փաշինյանի արդյունքները: Եվ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության: Սա նշանակում է՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա: Եթե Հայաստանը նույնիսկ պսևդո ժողովրդավարական, խորհրդարանական պետություն լիներ, մի քանի վարչապետ արդեն փոխած պիտի լինեինք: Հայաստանում իսկապես խորհրդարան չկա: Մի հատ նայեք Փաշինյանի հաշվեկշիռը այս վեց տարիներին: Մի ամբողջ հայրենիք ենք տվել, Ղարաբաղ ենք տվել Ադրբեջանին: Դատարկել, տվել ենք: Մեծ զոհերի գնով ենք տվել: Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք: Մեր տարածքների ամբողջականությունը այսօր վտանգված է: Մեր առաջ պահանջներ կան՝ չեն կարողանում այս իշխանությունները դիմագրավել դրանց: Սա միայն Ղարաբաղի հարցում: Էլ չեմ ասում՝ դաշնակիցներ ենք կորցրել: Բոլորին: Նորերը չենք գտել: Անորոշ վիճակում ենք:

Տնտեսությունը: Իսկապես ծանր վիճակում է: Հիմա տարվա վերջն է, կներկայացնեն լավ թվեր, բայց այդ լավ թվերը, գիտենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունք է: Ակտիվության մի կարեւոր մասն այստեղով է անցնում եւ այդ թվերն ուռճանում են, լավ են երեւում: Սակայն դրանից օգտվողները շատ փոքր խումբ մարդիկ են: Ժողովրդի մեծ մասն այսօր խրվում է պարտքի տակ, տուգանքի տակ, հարկի տակ: Տնտեսական վիճակը Հայաստանում լավ չի: Վեց տարվա մեջ չի եղել մի լուրջ ներդրում: Մեր արտաքին պարտքը աճել, հասել է  անհավատալի չափերի:

Այս իշխանությունների ներքին չարաշահումները իրենց անձնական հարստացման համար են բյուջեի եւ այլ միջոցներով:

Ժողովրդի մեջ այսօր անչափ մեծ դժգոհություն կա եւ պահանջ կա Հայաստանում իսկապես իշխանափոխության: Թվերը դա են ցույց տալիս: Ժողովրդի հետ շփվելիս դա ակնհայտ երեւում է:

Շուտով՝ 2026-ին, մենք հերթական ընտրություններ ունենք: Բայց հնարավոր է՝ 2025-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն ինչ-որ պատճառներով: Իսկ Հայաստանի ընդդիմությունը իսկապես պատրաստ չէ դրան: Այսօր կա ժողովրդի մեջ այդ պահանջը: Ընդդիմությունը պետք է ականջալուր լինի ու այս պահից արդեն սկսի դրան պատրաստվել: Արտահերթ, թե հերթական: Հերթականն արդեն սարերի հետեւում չի: Բայց այս պայմաններով, իսկապես, շատ դժվար է ընտրություններով իշխանափոխության հասնել:

Մենք ընտրություններով իշխանություն փոխելու լավ ավանդույթներ չունենք: Ընտրություններին միշտ նախորդել է ինչ-որ մի դեպք, որը արդեն որոշել է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ կառավարությունը, եւ ընտրություններով մենք դա միայն ֆորմալիզացրել ենք: 2018-ին նույնն է եղել, նախկինում նման դեպքեր կան: Եվ այսօր ակնկալել, որ ընտրություններով Փաշինյանը կգնա, միամտություն կլինի: Ես չեմ ասում, որ անօրինական գործողություններով դա անել: Ոչ, շատ օրինական: Բայց դա անելու համար ընդդիմությունը պետք է կազմակերպված լինի:

Ընդդիմությունը մի քանի բան ունի անելու: Նախ, բոլորը, ովքեր այսօր ընդդիմության տեսանելի դաշտում են, նաեւ նրանք, որոնք անտեսանելի են, բայց ինչ-որ ցանկություն ունեն, նույն նպատակին են ծառայում, որ իշխանափոխություն լինի Հայաստանում, նրանք պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան մի հստակ ծրագիր: Սա շատ կարեւոր է: Ծրագիր, որ իսկապես արտահայտում է ժողովրդի մտահոգությունները, լուծում է նրանց խնդիրները՝ տնտեսական, անվտանգային, կենցաղային, առօրյա կյանքը փոխելու, արտաքին հարցերով նրանց հույս տալու: Այդ ծրագիրը պետք է այսօր մշակվի ընդդիմության կողմից, եւ այդ ծրագրի շուրջ ընդդիմությունը պետք է համախմբվի ու ներկայացնի ժողովրդին:

Այդ ծրագիրն ունենալուց հետո ընդդիմությունը նաեւ պետք է համաձայնի մեկ ղեկավար անձի շուրջ: Անձ, որը փորձ ունի, վստահություն ունի, համակրանք ունի: Այդ անձի շուրջ պետք է լինի համախմբումը: Դա նույնպես կարեւոր գործոն է: Ծրագիր-անձ համադրումը գործնական աշխատանք կատարելու  լավ ֆոն կստեղծի:

Եվ վերջապես, մշակել այդ հիբրիդային տակտիկան եւ դրանով առաջնորդվել: Նորից եմ ասում, ես այստեղ ծայրահեղ կոչեր չեմ անում: Պարզապես, պետք է հաշվի առնել ընտրությունների մեր նախկին փորձը:

Եթե այս երեք պայմանները իրականանան՝ ծրագիր, ընդդիմության համախմբում, անձի ընտրություն, հիբրիդային տակտիկայի մշակում եւ գործնական քայլեր, կարծում եմ, որ ընդդիմությունը պատրաստ կլինի նույնիսկ եկող տարվա կեսերին արտահերթ ընտրություններին եւ հասնել իշխանափոխության, ինչը օրվա հրամայականն է»,-ասել է Վարդան Օսկանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031