Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին։ Վլադիմիր Վլադիմիրովիչը սպառնում է միջուկային հարված հասցնել նրանց, ովքեր կփորձեն հարվածել Ռուսաստանին, նաեւ նրանց, ովքեր կօգնեն այդ գործում ԱՄՆ-ին։ Վերջինս էլ, իր հերթին, հայտարարում է, թե իրենք պատրաստ են միջուկային պատերազմի։ Ծերուկ Բայդենն աշխատում է մինչեւ Թրամփի գահակալումը ավարտին հասցնել իր ծրագիրը՝ չմտածելով, որ հարվածի տակ է դրվում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Երկիր մոլորակը։
Դեռ անցած դարի 70-ական թվականներին հաշվարկել էին, որ 8 ատոմային ռումբի միաժամանակյա պայթյունը կարող է Երկիր մոլորակը հանել ուղեծրից։ Իսկ այսօրվա մարտագլխիկներն ավելի հզոր են, եւ բավական է 4 մարտագլխիկի միաժամանակյա պայթյուն, որպեսզի Երկիրը դատարկվի իր բոլոր շնչավորներից։ Այդ տեսակետից վիճակն այժմ ավելի տագնապալից է 1962 թվականի «Կարիբյան ճգնաժամից»։
Օրերս ամերիկյան իշխանավորներից մեկը հայտարարեց, որ եթե ՌԴ-ի հանդգնությանն իրենք չպատասխանեն ատոմով՝ կկորցնեն աշխարհում առաջատարի (հեգեմոն) դերը։ Ստացվում է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ նահանգները պատրաստ են ոչնչացնել մոլորակը, մեկը հանուն իր առաջատարությունը պահպանելու, մյուսը` հանուն կանխելու համաշխարհայնացումը (գլոբալիզացիան) եւ Ուկրաինայի դեմ պատերազմն ավարտելու իր օգտին։ Այն ժամանակ գոնե ԱՄՆ-ում իշխանության գլուխ կանգնած էր ավելի ողջամիտ ղեկավար` Ջոն Քենեդին, այսօր Պենտագոնն օգտագործում է ծերուկ Բայդենին այնպես, ինչպես ժամանակին Բրեժնեւին օգտագործում էր կրմլյան ծերակույտը։
Լրահոսը հաղորդում է նաեւ, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ՆԱՏՕ-ի ուժերով հարձակում ձեռնարկել Բելառուսի դեմ։ Այս պարագայում Ռուսաստանը հաստատ ձեռնպահ չի մնա, եւ… կենացները կքաղցրանան։ Չլինի՞ մարդկությունը խելքը հացի հետ կուլ է տվել… Հե՜յ, հոգեբույժներ, որտե՞ղ եք: Մինչեւ ո՞ւր են, տեսնես, մտադիր ցած գլորվելու Ռուսաստան-Հավաքական արեւմուտք երեք տարի չդադարող ռազմական դիմակայության հրձիգները: Մինչեւ անցած դարի 60-ականնե՞ր, երբ մազ էր մնում «Կարիբյան ճգնաժամը» վերածվեր համամարդկային գեհենի: Բարեբախտաբար՝ սթափ դատողությունն այն ժամանակ հաղթանակեց, ու արժե դասեր քաղել անցյալի սխալներից եւ, ինչու չէ, նաեւ լավագույն փորձից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 1960-ականներին ԱՄՆ-ԽՍՀՄ սպառազինությունների մրցավազքը հասել էր վտանգավոր հանգրվանի, որի գագաթնակետը 1962 թվականի «Կարիբյան ճգնաժամն» էր: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Ռազմավարական միջուկային ուժերում ԽՍՀՄ-ի նկատմամբ առավելության հասնելու մոլուցքով՝ Վաշինգտոնի ռազմաքաղաքական ղեկավարությունը 1961թ.-ին Թուրքիայում տեղակայում է 15 միջերկրածովյան հրթիռներ, որոնք ի զորու էին խոցել 2500 կմ հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախ: Այսինքն՝ հրթիռները կարող էին մարտագլխիկներ հասցնել Խորհրդային Միության արդյունաբերական խոշոր կենտրոններ՝ ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Մոսկվա:
Խորհրդային մասնագետները՝ հասկանալով, որ դա ուղղակի սպառնալիք է ԽՍՀՄ-ի անվտանգությանը, որոշեցին միջուկային հարվածի գերակայություն ապահովել ԱՄՆ-ի նկատմամբ փոխադարձ քայլով` Կուբայի տարածքում տեղակայելով միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռներ, որոնք ունեին 4000 կմ հեռավորության վրա անհրաժեշտ թիրախը խոցելու հնարավորություն, եւ կարող էին ԱՄՆ խոշոր արդյունաբերական կենտրոններին եւ մայրաքաղաք Վաշինգտոնին հարվածներ հասցնել 20 րոպեից ոչ պակաս ժամանակով, ինչը կրկնակի գերազանցում էր հակառակորդի համապատասխան ցուցանիշը։
Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում