Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ձևով փորձում ենք գնալ գյումրեցու մոտ, հարցնել՝ դուք ասեք, 7 մարդ ենք բերել, 7-ից ո՞ւմ ես ուզում»․ Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 07,2024 20:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Գյումրի այցելած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն,  անդրադառնալով վաղվանից անցկացվելիք «փրայմերիզմին»՝ նախնական ընտրություններին, ասաց․

«Նոր քաղաքական մշակույթ է, ևս մեկ անգամ բնակչին հարցնել և հենց բնակչի խորհրդով, բնակչի քվեարկությամբ կուսակցության ներսում թեկնածու ընտրելը և ձևավորվելը դա մենք չենք հորինել, դա ժողովրդավար երկրների փորձ է, որը մենք հիմա փորձում ենք բերել Հայաստանի Հանրապետություն։ Եթե մյուս կուսակցությունները ևս անեն, ինձ թվում է՝ շատ օգտակար փորձ կլինի բոլորի համար։ Այս պարագայում եթե գյումրեցին ասի՝ լավ, եթե ես ընտրում եմ այս քաղաքական թիմին, իմ նախընտրելի թեկնածուն սա է, այլ ոչ թե կուսակցության ներսում ընտրությունը կատարվի, այլ կուսակցական որոշում լինի։

Կարծում եմ՝ դա շատ լավ մշակույթ է, վստահ եմ, որ մնացած քաղաքական ուժերը ճիշտ կանեն, վերցնեն այդ փորձը։ Մենք այն վերցրել ենք միջազգային տարբեր երկրների փորձից»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք կրկնակի անգամ են գյումրեցիներին հնարավորություն տալիս ընտրելու, նույնիսկ հարցնում են՝ իսկ մեր ներսից դուք ո՞ւմ կուզենաք ընտրել, որ մենք ներկայացնենք։

Նա վստահեցնում է վարչապետի տիկնոջ ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի թեկնածու լինելը չի կարող նշանակություն ունենալ արդյունքների ու իրենց որոշման վրա։

«Չեմ կարծում, այսքան ժամանակ դա որևէ դերակատարություն չի ունեցել։ Կապրենք, կտեսնենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

 

Դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ հնարավորություն չեք տալի՞ս արտահերթ ՏԻՄ ընտրությունների ժամանակ առավելություն ունենալ մյուս թեկնածուների հանդեպ, նա կկարողանա օգտագործել վարչական ռեսուրսներ, լծակներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Տեսեք 2021 թվականի համապետական ընտրություններին վարչապետի կյանքի ու մահվան հարցն էր դրված, հիշո՞ւմ եք փողոցում գնդակահարություններ էին բեմադրում, հիշո՞ւմ եք ինչ հռետորաբանություն էր ընդդիմությունը կիրառում՝ պետական ռեսուրս չօգտագործած։

Հիմա ինչու պետք է այստեղ պետական ռեսուրս օգտագործվի, միևնույն ժամանակ, կներեք բա ո՞ւմ նշանակենք, եթե պատասխանատուն մենք ենք։ Դուք գիտեք ընտրական պրոցեսը հնարավոր չէ, եթե ինչ-որ մեկը չլինի, որ էդ թուղթը ստորագրի։ Այսինքն քաղաքը պարալիզացնենք, լույսերը անջատենք, գնանք տներով, ինչ է, թե մեկի մոտ կասկած չլինի՞»։

Նա նաև նշեց, որ ժամանակավոր պաշտոնակատարին դիտարկում են որպես առավելություն ունեցող մարդ՝ մոռանալով, որ պաշտոնակատար լինելը մեծ պատասխանատվություն է։

«Մենք ամեն ձևով փորձում ենք գնալ գյումրեցու մոտ, հարցնել՝ դուք ասեք, էսքան մարդ ենք բերել, 7 մարդ ենք բերել, 7-ից ո՞ւմ ես ուզում։ Էլ ի՞նչ անենք, որ որևիցե մեկի մոտ կասկած չլինի։

35 տարվա մեջ Հայաստանի իշխանությունն էսքան հասանելի, էսքան մոտ չի եղել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031