Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը փլուզվել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն 150 տարի առաջ էր կառուցվել Անիի մայր տաճարի կրկնօրինակով։
Եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար․ մեծ թվով հավատացյալներ, որոնցից շատերը հետերկրաշարժյան շրջանում ականատես էին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, սրտի թրթիռով էին սպասում այս հրաշալի պահին։
Հավատացյալների երկրպագության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։
Կարդացեք նաև
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց, որ այս եկեղեցու վերակառուցմամբ ու վերաօծմամբ Գյումրին փակում է սգո էջը ու հաստատում՝ քաղաքը վերածնվում է։
«Դեկտեմբերի 7-ը մեզ համար սգո օր էր՝ 36 տարի շարունակ: Այսօր՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբացումով, Ձեր հայրապետական ներկայությամբ, մենք հաստատում ենք, որ Գյումրին վերածնվում է, վերածնված է: Այս եկեղեցին վկայում է, որ քաղաքը չմեռավ, քանի որ հավատում էր իր Տիրոջ հարության հրաշքին: Եվ ահա՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումով, վերաօծմամբ ու վերաբացումով, մենք փակել ենք սգո էջը մեր քաղաքի պատմության մեջ՝ չմոռանալով անմեղ զոհերին: Այս եկեղեցին, որպես աղոթող հուշարձան, իր ոգեղենությամբ փակում է սգո էջը և բացում հարության էջը»,- ասաց Միքայել Սրբազանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ նշեց, որ խոնարհված եկեղեցին Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի հավատքի շնորհիվ ավերակներից վեր հառնեց։
Նա, դիմելով հավատացյալներին, ասաց․
«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, գոհունակությամբ առ Բարձրյալ Աստված կատարեցինք Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Հոգևոր ցնծությամբ են լցված ամենքիս հոգիները՝ 150-ամյա այս տաճարը, որն ավիրվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից 36 տարի անց վերստին իր դռներն է բացում քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր մեր զավակների և ուխտավորների առջև:
Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերօծման արարողությունը: Մեր հոգիները, որոնք կրում են ողբալի իրադարձության վիշտն ու դեպքերը, եկեղեցու վերականգնման առիթով ուրախալի զգացմունքներով են պարուրվում, որպես առհավատչյան՝ նաև այսօրվա մեր նեղությունների ու խնդիրների հաղթահարման: Մեր ազգի խաղաղ առաքելությամբ տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդն իր աշխատանքով ու բարեկամ ժողովուրդների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ առավ: Խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ:
Այսուհետ Տիրոջ ողորմությամբ և Ձեր աղոթական մասնակցությամբ վերսկսվելու են աստվածապաշտական արարողությունները այս սուրբ եկեղեցու հարկի ներքո: Միշտ հիշե՛ք՝ եկեղեցանվիրումի ու առ Աստված հավատքի շնորհիվ կառուցվող ու վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի և զորության աղբյուր:
Անժխտելի ճշմարտություն է, որ մեր ժողովրդի հոգևոր կյանքը եկեղեցու շուրջ համախմբվելով է ծաղկում, ամրապնդվում ժողովրդի կամքը: Շիրակցիների հավատավոր ոգու յուրահատուկ խորհրդանիշ է այս սուրբ եկեղեցին:
Սիրելինե՛ր, որքան ամուր դարձնենք մեր հավատքն, այնքան զորություն պետք է ունենանք, միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու: Հայրապետական մեր պատգամն է Ձեզ՝ միշտ լինեք ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնեք ամուր հիմքը միասնության: Միշտ շեն ու բանուկ պահեք ճանապարհը դեպի այս նվիրական Տաճար»։
Ամենայն Հայոց կաթողիկոսը Շիրակի թեմն առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 25 տարի շարունակ անմնացորդ նվիրումով թեմին ծառայելու համար իր շնորհակալությունը հայտնեց՝ նրան եպիսկոպոսական պանակե և Քրիստոսի խաչելության սրբապատկեր նվիրելով։
Առանձնակի շնորհակալություն հայտնեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ եկեղեցու վերականգման գործում անփոխարինելի դերակատարություն ունենալու համար։
Այսօր Կաթողիկոսն իր ձեռքով նրան հանձնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու շքանշանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ