Մենք իրոք իրավունք ունենք հպարտանալու մեր ժողովրդի մտավոր կարողությունների բարձր մակարդակով: Բայց, ցավոք, պետք է նաև խոստովանել, որ մեր այսօրվա քաղաքական գործիչներից դեռ շատերը դրանով չեն փայլում:
Եվ պատահական չէ, որ այս ծանր պահին, երբ ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության պահպանման, այլ ողջ Հայ ժողովրդի լինել չլինելու հարցն է կշեռքի նժարին դրված, քիչ թե շատ հայտնի մեր այդ գործիչներից համարյա ոչ ոք իրենց կողմից մշակված ելքի, փրկության իրագործելի ծրագրեր չեն էլ փորձում առաջարկել: Ավելին` նրանցից ոմանք նույնիսկ պնդում են, որ դա իրենց գործը չէ՝ տարբեր ոլորտներից ընտրված, արհեստավարժ մասնագետների կազմով ժամանակավոր կառավարություն է պետք ստեղծել և նա դա կանի:
Նրանք հնարավոր է՝ չեն էլ հասկանում, կամ միտումնավոր չեն ուզում ընդունել, որ քաղաքական հարցերի շրջանակը այնքան լայն և հաճախ էլ տարբեր ոլորտների խնդիրների է միաժամանակ առնչվում, որ համակողմանի քննարկումների հիման վրա ընդունված որոշումներն են միայն արդյունավետ լինում: Եվ այդ պատճառով ուղղակի անհրաժեշտ է, որ և պառլամենտում ընտրվածները, և կառավարության անդամները ոչ թե նեղ մասնագիտությունների մեջ միայն խորացած անձիք լինեն, այլ հանրագիտական լուջ գիտելիքներ, աշխարհընկալման, աշխարհաքաղաքական ընդհանրական պատկերացումներ, համոզմունքներ, կազմակերպչական փորձ ունեցողները:
Առանձնապես ցավալի է, որ մեր այդ գործիչներից շատերը խորհրդային անցյալից ժառանգած կարծրատիպերի պատճառով, ժամանակի շունչն էլ նաև չեն զգում: Դժվարանում են, չեն էլ փորձում հասկանալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, մեծ արագությամբ գործող ինքնաշխատ սարքավորումների, արհեստական բանականության ներդրման այս դարում՝ կառավարման, կարգավորման հարցերում էլ շատ լուրջ փոփոխություններ են արդեն եղել և դեռ լինելու են:
Կարդացեք նաև
Նրանք չեն էլ ուզում տեսնել թե դրանց պատճառով, համաշխարհայնացման արդի գործընթացները, ինչ նոր հունով են ընթանալու: Մարդկանց գործունեության, արդյունավետությունը՝ մարդկային կապիտալը ինչ նոր չափանիշներով է գնահատվելու: Մրցակցության ինչ կանոններով, ինչպես է աշխարհը, նրա քաղաքակրթությունը այժմ զարգանալու:
Այս դժվարին պահին, երբ աշխարհակարգ է փոխվում, երբ քաղաքակիրթ աշխարհի և ամբողջատիրական հակումներով ղեկավարվող որոշ ուժերի միջև անզիջում պայքար է ընթանում: Եվ երբ մրցակցող կողմերը մեզնից պահանջում են կողմորոշվել, իսկ մենք էլ այլոց աջակցության խիստ կարիքը ունենք՝ մեզ ուղղակի անհրաժեշտ է կանխատեսել հետագա զարգացումները ինչ հունով են ընթանալու: Որ կողմն է մեզ ձեռնտու: Ծագող խնդիրները ինչպես ենք հաղթահարելու:
Երբ նայում եմ թե Ազգային ժողովի, Կառավարության նիստերում ինչ եռանդով են խոսում կենցաղային մանր-մունր հարցերի մասին: Եվ ոչ մի հիմնավորված խոսք չեմ լսում թե մոտ ապագայում մեզ ինչ է սպասվում և ինչ կարելի է անել, որ վերջապես դուրս գանք անընդհատ խորացող այս փոսից, ես իսկապես ամաչում եմ, որ մենք նրանց հետ նույն ազգից ենք:
Քաղաքական մեր դաշտի թարմացման խնդիրը այժմ իրոք խիստ հրատապ է դարձել: Բայց հասկանալի է, որ դա շատ լուրջ, շատ ծանր գործ է: Եվ առաջին հերթին նոր եկողներին պետք է հնարավորություն տալ, աջակցել, որ ավելի մոտիկից, ավելի լրջորեն ծանոթանան քաղաքական անցուդարձին, ընկալեն թե աշխարհում ինչ է կատարվում, ինչ քաղաքական տեղաշարժեր են սպասվում: Եվ ինչպես կարելի է օգտվել այդ տեղաշարժերից:
Մենք բոլորս ենք պարտավոր դրան նպաստել: Եվ ես այստեղ կփորձեմ որոշ հարցերին, նոր հնարավորություններին առնչվող իմ կարծիքը, մտորումները հայտնել՝ հուսով, որ այն օգտակար կլինի:
Նախ` այն մասին, որ հեռակապի, հեռահաղորդակցման, գործունեության հեռավար կազմակերպման, հեռակառավարման, արդի միջոցները այնքան են այժմ կատարելագործվել, որ անկախ նրանից թե գործընթացում ընդգրկվածները որտեղ, ինչ հեռավորության վրա են ապրում՝ որոշակի նպատակներին հետամուտ խմբավորումների կազմավորման համար այժմ նոր, շատ ավելի լայն հնարավորություն են ստեղծվել: Եվ բոլոր նպաստավոր պայմաններն էլ կան, որ նրանցից աշխարհով մեկ ձևավորվեն զգալի կշիռ ունեցող, հզոր միավորումներ:
Կարծում եմ՝ ակնհայտ է նաև, որ ներկայումս փոխկապակցված, համատեղ արվող աշխատանքների կազմակերպման համար, ընդհանուր օգտագործման որոշակի տարածքի առկայությունը պարտադիր պայման չէ: Եվ որ մարդկանց լավ կազմակերպված խմբերի, միավորումների կարողությունները այս դարում գնահատվելու են ոչ թե նրանց ունեցվածքի, հանքահումքային պաշարների առկայության, հողի բարեբերության չափորոշիչներով, այլ առաջին հերթին որոշիչ դերը տրվելու է նպատակային գործունեության ապահովման նրանց ունակությանը, ներգրավվածների մարդկային կապիտալի գումարային արժեքին:
Ինչպես վերը արդեն նշվել էր, ներկայումս շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվել, որ աշխարհով մեկ ձևավորվեն այդպիսի, ինքնակառավարվող, սահմաններ չճանաչող, ինքնապահպանման ունակ, ազդեցության լուրջ լծակներ ունեցող կազմավորումներ:
Ակնհայտ է նաև, որ ներկայումս խանգարող լուրջ հանգամանքներ չկան, որ ազգային պատկանելիության հենքով ևս ձևավորվեն այդ տիպի կառույցներ:
Այս փոքր նախաբանից հետո ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ՝ իմ կարծիքով ամենակարևոր մի պնդման վրա:
21-րդ այս դարում հնարավոր է, բոլոր նպաստավոր պայմաններն էլ կան, որ աշխարհով մեկ կազմավորվեն պետության որոշակի գործառույթներ ունեցող, ինքնակառավարվող ազգային հզոր կազմավորումներ:
Եվ ոչ մի լուրջ խոչընդոտներ էլ չկան, քաղաքակիրթ աշխարհն էլ է ձեռնտու և նա մեզ կօգնի, որ ժողովրդավարական արժեքների որդեգրման սկզբունքով.
Ձևավորենք նպատակային գործունության ունակ, հեռակառավարվող համազգային կառույցների միաձուլ, կարող մեր համակարգը՝ մեր Ազգ կազմակերպությունն՝ Իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանով՝ ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական ուժային իր կառույցներով.
Համակարգ, որը ոչ միայն կնպաստի, որ մեր երկիրը վերջապես ոտքի կանգնի, զարգացման ուղով ընթանա, այլ պայմաններ կստեղծի նաև, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:
Որ դա հնարավոր է և որ այս՝ իրոք ծանր պայմաններում դա միակ ելքն է, ես շարունակաբար կփորձեմ հիմնավորել:
Իրոք ցավալի է, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել, որ սակավաթիվ՝ ընդամենը 2,5 միլիոն, բնակչությամբ (արտագաղթն էլ դեռ շարունակվում է), հնամաշ, քայքայված տնտեսությամբ, լուջ եկամուտներ դեռ չունեցող, խորհրդային ժամանակներից ժառանգված, ոչ արդիական կրթական համակարգով, մեր երկիրը՝ նույնիսկ անկախ նրանից էլ թե ով կգա իշխանության, մեկ է միայն իր ուժերով ինքնապաշտպանության իր խնդիրները առաջիկա տասնամյակում էլ չի կարող լուծել: Չի կարող բավարար չափով կարգի բերել, արդիականացնել իր զինված ուժերը, դուրս գալ կիսագաղութային այս ահավոր կախվածությունից:
Եվ բնական է, որ եթե այդպես էլ շարունակվի հանրապետության մարդկային կապիտալի գումարային արժեքը դեռ երկար ժամանակ շատ ցածր կլինի, իր բոլոր բացասական հետևանքներով:
Մեր փրկությունը իրոք միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է:
Եվ եթե հաշվի առնենք այն, որ մենք ութ միլիոնից էլ ավելի մեծ Սփյուռք ունենք: Եվ այդ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատ շատերը կրթվածության բավական բարձր մակարդակ ունեն: Լավ սովորել են ուրիշների լավին էլ ավելացնելով իրենցը՝ մեր ազգին բնորոշ քննելու, արժանին ընտրելու ունակությունը, համառությունն ու աշխատասիրությունը՝ ամենուր կարողանում են առաջընթացի, զարգացման համար արժեքավոր, լուջ բարիքներ ստեղծել:
Որպես կարող ժողովուրդ մենք դեռ պետք ենք աշխարհին:
Իհարկե, եթե ի վիճակի լինենք, քաղաքակիրթ աշխարհում ընդունված, մեզ համար էլ խիստ ձեռնտու ժողովրդավարական արժեքները, կանոնները որդեգրելով համախմբել, ուղղորդել, գործի գցել աշխարհասփյուռ մեր Հայ ժողովրդի գումարային ողջ ներուժը:
Դրա բոլոր հնարավորությունները մենք հիմա էլ դեռ ունենք: Եվ եթե իշխանության գա դա հասկացող, նվիրյալ, կարող անձանցից կազմված քաղաքական ուժ, մենք ոչ միայն կկարողանանք մեր երկիրը դուրս բերել այս ահավոր վիճակից, այլ համախմբելով մեր ազգակիցներին՝ մեր ուրույն, մեր արժանի տեղն ու դեր էլ կնվաճենք քաղաքակրթական արդի զարգացումներում:
Իրոք՝ ինչպես վերը նշվել էր ներկայումս շատ ավելի լայն հնարավորություններ կան, որ կարողանանք աշխարհով մեկ ձևավորենք համազգային կառույցների մեր միաձույլ, կարող համակարգը, մեր Հայ ազգ կազմակերպությունը՝ իր կենտրոն մայրաքաղաք Հայաստանով, ինքնապաշտանության ապահովմանը իր կարող կառույցներով:
Թե ինչ հնարավորություններ կան և ինչպես առանց լուրջ խոչընդոտների կարելի է ձևավորել այդ համակարգը՝ ես հետո, առանձին-առանձին դրանց կանդրադառնամ, բայց մինչ այդ այն մասին, որ դա նոր գաղափար չէ:
Կան այդ համակարգի կազմավորման կարգի, կառուցվածքի, ծառայություների մատուցման ցանցի, փոխօգնության խմբերի, միջոցների ներգրավման,ինչպես նաև նրա ռազմականացված կառույցի կազմավորման գործընթացի մշակված ծրագրերը և կյանքի կոչելու ճանապարհային քարտեզը:
Չնայած դրանք ամբողջությամբ ներկայացվել էին և նախորդ, և ներկայիս իշխանություններին: Եվ չնայած նրանց կողմից այդպես էլ որևիցե լուրջ հակափաստարկ չտրվեց, բայց նորի ընկալման պակասը, զուգորդված հոսանքով գնալու, ամեն ինչ իրենց ձեռքում միայն կենտրոնացնելու մոլուցքի հետ բերեց նրան, որ մինչ այժմ էլ ընթացք չի տրվել այդ գործընթացին:
Ցավալի է: Եթե այդ համակարգը ժամանակին ստեղծված լիներ, 44 օրյա պատերազմը այլ ելք կունենար՝ մարդկային, տարածքային ահավոր կորուստներ չէինք ունենա և հետո էլ այս ողբալի վիճակին չէինք հասնի:
Եվ այդ այն պատճառով միայն, որ թերուս, մտավոր կարողությունների պակաս ունեցող, շահամոլ վայ գործիչներ էին մեզ մոտ իշխանությանը տիրացել:
Այդպես այլևս շարունակել չի կարելի:
Պետք է որակապես փոխվի մեր քաղաքական դաշտի պատկերը: Պետք է ազատվել այդ թափթփուկներից: Եվ առաջիկա ընտրություններում գոնե պետք է ձևավորվի դարի ոգին, ժողովրդավարական արժեքների կարևորությունը գիտակցող, աշխարհընկալման հստակ պատկերացումներ ունեցող, մտածող, հասկացող,նվիրյալ մարդկանցից կազմված մի այնպիսի նախընտրական դաշինք, որը իշխանության գալով, աշխարհով մեկ մեր ուժերի համախմբմանը կնպաստի, ելքի, զարգացման ուղիները կհարթի:
Արշակ ՍԱԴՈՅԱՆ