ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
Հարց առաջին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի վերջին հայտարարությունները՝ կապված ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հետ։
Պատասխան։ Ալիեւի լեզուն երկարացրել եւ երկարացնում է Փաշինյանը։ Գործում է նաեւ բումերանգի կանոնը. Նիկոլը ՔՊ-ականներին ստորացնում եւ ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնը Ալիեւն անում է Նիկոլի հանդեպ։
Այդ իմաստով Նիկոլն էլ Ալիեւի «Աղազարյանն» է։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությունների բովանդակությանը, ապա աբսուրդ է, երբ Հայաստանի ռեժիմը չի բարձրացնում արցախայության վերադարձի հարցը իր Հայրենիք, ինչով բարենպաստ հող է ստեղծում Ալիեւի կոնտրքայլերի համար։
Մենք կարող ենք եւ պետք է բարձրաձայնենք թե՛ արցախահայության, թե՛ Ադրբեջանից բռնագաղթված մոտ 400 000 մեր հայրենակիցների հարցը։
Սխեմատիկ ասած՝ այս հարցով եւս մենք ունենք հակառակորդի դարպասը գրավելու շատ ավելի մեծ շանսեր, քան Ալիեւը։ Մանավանդ Նիկոլն էլ վերջերս ԱԺ ամբիոնից պնդում էր, որ Հայաստանը պիտի միջազգային իրավակարգերին հավատարիմ մնա, իսկ այդ դաշտը ամբողջությամբ մեր օգտին է։
Բայց քանի որ Նիկոլը «բիրիքով» ծախել է այս խաղը, ուստի չզարմանաք, եթե ոչ թե մենք, այլ նրանք վերջիվերջո գոլ խփեն։
Հարց երկրորդ։ Նիկոլը կրկին պնդեց, որ Արցախը վաղուց էր տրված, իսկ 44-օրյա պատերազմը հենց Հայաստանի հարցը լուծելու համար էր։
Պատասխան։ Փաշինյանի նման զառանցանքները չեն տեղավորվում ո՛չ իրականության, ո՛չ բարոյականության սահմաններում, ինչը բազմիցս ապացուցել եմ թե՛ փաստական տվյալներով, թե՛ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությամբ, թե՛ Նիկոլի նախկին հայտարարություններով, թե՛ միջազգային դերակատարների գնահատականներով։
Ուստի Ձեր հարցից օգտվելով՝ մի հավելում կանեմ միայն։ Եթե 44-օրյա պատերազմը «Հայաստանի հարցը լուծելու» համար էր, բա Հայաստանի ոչ բարով ղեկավարը ինչո՞ւ այդ օրերին բավարար ջանքեր չգործադրեց այդ պատերազմի ընթացքում։
Ինչո՞ւ լիարժեք չօգտագործվեցին Հայաստանի Զինված ուժերի ողջ հնարավորությունները։
Ինչո՞ւ Հայաստանի դիվանագիտական, պետական ողջ գործիքակազմը չկիրառվեց այդ ընթացքում։
Ինչո՞ւ պատերազմի ընթացքում չճանաչեցին Արցախի անկախությունը։
Ինչո՞ւ չհարվածեցին ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին։
Ինչո՞ւ պաշտոնապես չդիմեց ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին իրենց ստանձնած պարտավորությունները գործադրելու համար։
Արցախը հանձնելու նման փնթի կռուտիտով Նիկոլը փաստացի կրկին խոստովանեց, որ 44-օրյային իր թերի եւ անլիարժեք աշխատանքը դիտավորություն էր, որ այդ պատերազմը եւ նրանում մեր պարտությունը սարքած էին։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները նույնպես այդ մասին են վկայում։
Հարց երրորդ։ Ի՞նչ կանխատեսում ունեք Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների ապագայի մասին։
Պատասխան։ Գաղտնիք չէ, որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունների փաթեթը ընդգրկում է նաեւ Հայաստանը։
Կոպիտ ասած, եթե Նիկոլն այսքանից հետո շարունակում է պաշտոնավարել եւ Հայաստանի ժողովրդի անունից ցանկություն ունի թռնել Էրդողանի գիրկը, ապա Ռուսաստանին իր գերպրագմատիկ քաղաքականության շրջանակներում ոչինչ չի խանգարում սակարկել այդ հարցը Թուրքիայի հետ ավելի լայն դաշտով գեոպոլիտիկ առեւտրի շրջանակներում։
Ուստի աբսուրդ է մեղադրել Մոսկվային մեզ գցելու կամ դավաճանելու մեջ, որովհետեւ գցողն ու դավաճանը նիկոլական ռեժիմն է։ Բայց գցել ու դավաճանել ենք ոչ թե Մոսկվային, այլ ինքներս մեզ։ Մեր պատմությունը, մեր արժեքները, մեր իղձերը։
Իսկ Ռուսաստանը «каждый сам за себя» տրամաբանության մեջ, իր շահերից ելնելով, կարող է մեր ականջը սղոցող, մեր սրտին չնստող եւ համատեղ անցած ճանապարհին հակասող հայտարարություններ անել եւ որոշումներ կայացնել։ Երբ դու փոխել ես խաղի կանոնը, մի զարմացիր, որ դիմացինն էլ իր կանոններով է սկսելու խաղալ։
Ինքնիշխանությունը ոչ թե կուրծք ծեծելն է, այլ ուրիշներին այդ «կրծքին» դիպչելու արգելքն է։
Հարց չորրորդ։ Ո՞նց եք գնահատում վերջին սոցհարցումների տվյալները։ Ընդդիմությունը մատնանշում է իշխանությունների ցածր վարկանիշը, իշխանությունն էլ՝ ընդդիմության։
Պատասխան։ Այդ հարցումների արդյունքներն իրականում ավելի դառն են, քան ընկալվում են։
Այո, մի կողմից ընդդիմության վարկանիշն այս պահին մրցակցային չէ եւ իշխանափոխության համար բավարար չէ։ Չուզողները կասեն՝ ընդդիմությունը թույլ է, չկա։
Այո, մյուս կողմից իշխանության վարկանիշն ապալեգիտիմացնող է, նվազագույններից Եվրոպայի Խորհրդի ողջ տարածքում։ Իշխանությունը թույլ է, չկա։
Երբ այս երկու բաղադրիչները կպցնում ենք իրար, տեսնում ենք, որ իրականում այդ տվյալները այն մասին են, որ մենք չունենք քաղաքական համակարգ եւ չունենք իրական պետություն։
Նիկոլը պետության փոխարեն կերտում էր կոմպրոմատոկրատիա, իր իշխանությունը խարսխելով թիմակիցների վրա հավաքած վարկաբեկիչ նյութերով եւ դրանց բացահայտման անասնական վախով։ Ի դեպ, Նիկոլ-Աղազարյան սրացումն էլ է այդ մասին, քանզի Հովիկը, ինքնապաշտպանության բնազդից ելնելով, հարվածում է նիկոլական իշխանության ֆունդամենտին՝ վախին։
Հարց հինգերորդ։ Շուտով Թրամպը կմտնի նախագահական լիազորությունների մեջ։ Ըստ Ձեզ, ԱՄՆ-ն կփոխի՞ իր քաղաքականությունը Հայաստանում։
Պատասխան։ Աշխարհի քաղաքական վերլուծական միտքը հիմա սեւեռված է այն հարցի շուրջ, թե ինչպիսի ազդեցություն կունենա նա գլոբալ եւ ռեգիոնալ զարգացումների վրա։
Առաջ չընկնելով՝ ընդամենը մեկ բան շեշտեմ։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը չփոխի իր դեսպանին Հայաստանում, ուրեմն առվազն ներքաղաքական հարթության մեջ ԱՄՆ-ի կողմից ոչինչ չի փոխվի։
Հին ադմինիստրացիայի դեսպանը շարունակելու է տակից իրականացնել նախորդ վարչակազմի գիծը, ոչ միայն իներցիոն, այլեւ սեփական համոզմունքից եւ անձնական կապերից ելնելով։
Ու սա խիստ իրատեսական է։ Հիշեք, օրինակ, Հայաստանում, իսկ հետո Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Յովանովիչի դերակատարությունը Բայդենի ընտանիքին վերագրվող կոռուպցիոն սկանդալը կոծկելու հարցում։