2022 թվականի հուլիսի 22-ին ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքով արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապը պահպանելու և ամրապնդելու նպատակով մի շարք կարգավորումներ են նախատեսվել։ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը հարցում է կատարել Քրեակատարողական ծառայությանը՝ վիճակագրական տվյալների համադրմամբ պարզելու համար, թե քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս մեկնումներ կատարելու միջոցով արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու նպատակով նախատեսված կարգավորումները գործնականում որքանով են կյանքի կոչվել։ Այսպես․
Քրեակատարողական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար կալանավորվածներին պահելու վայրեր թողնված դատապարտյալներին կարող է քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս թույլատրվել կարճատև մեկնում՝ մինչև 7 օր ժամկետով՝ բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին։
Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ նշված կարգավորման շրջանակներում 2022 թվականի հուլիսի 1-ից 2024 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ «Աբովյան», «Գորիս» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պատիժ կրող որևէ դատապարտյալի կարճատև մեկնում չի տրամադրվել։ Քրեակատարողական մյուս հիմնարկներում վիճակագրությունը հետևյալն է․
«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող 10 դատապարտյալի տրամադրվել է կարճատև մեկնում։ Նրանցից 1-ն առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված է եղել 10 տարուց ավել ժամկետով ազատազրկման և պատիժ է կրել բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։ Երկու անձ դատապարտված են եղել ցմահ ազատազրկման։ Նրանցից 1-ը պատիժ է կրել միջին անվտանգային գոտու խիստ, մյուսը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Կարդացեք նաև
«Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող 16 դատապարտյալի տրամադրվել է կարճատև մեկնում։ Հինգը դատապարտված են եղել առանձնապես ծանր հանցագործության համար, 10 տարուց ավել ժամկետով, ընդ որում, 2-ը պատիժ են կրել բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 3-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։ Երեքը դատապարտված են եղել ցմահ ազատազրկման, որոնք պատիժ են կրել համապատասխանաբար բարձր անվտանգային գոտու մեղմ, միջին անվտանգային գոտու խիստ և միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կարճատև մեկնում է տրամադրվել առանձնապես ծանր հանցագործության համար 10 տարուց ավել ժամկետով ազատազրկված, բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող 1 անձի։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարճատև մեկնում է տրամադրվել 15 դատապարտյալի։ Նրանցից 4-ը պատիժ են կրել բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում և դատապարտված են ցմահ ազատազրկման։ 1-ը նույնպես դատապարտված է եղել ցմահ ազատազրկման և պատիժ է կրել միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։
«Սևան» ՔԿՀ-ում կարճատև մեկնում է տրամադրվել 19 դատապարտյալի։ Նրանցից որևէ մեկը դատապարտված չի եղել առանձնապես ծանր հանցագործության համար։
«Վանաձոր» ՔԿՀ-ում կարճատև մեկնում է տրամադրվել 10 դատապարտյալի։ Երեքն առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված են եղել 10 տարուց ավել ժամկետով, որոնցից 2-ը պատիժ են կրել բարձր անվտանգային գոտու մեղմ, իսկ 1-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կարճատև մեկնում է տրամադրվել 8 դատապարտյալի։ Նրանցից 1-ն առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված է եղել 10 տարուց ավել ժամկետով և պատիժ է կրել բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, իսկ 1-ը դատապարտված է եղել է եղել ցմահ ազատազրկման և պատիժ է կրել միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Քրեակատարողական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրերում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար թողնված դատապարտյալներին կարող է քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս թույլատրվել կարճատև մեկնում՝ մինչև 7 օր ժամկետով՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխա ունեցող դատապարտյալին՝ երեխային համապատասխան հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով։ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, այս հիմքով որևէ դատապարտյալ կարճատև մեկնումից չի օգտվել։
Քրեակատարողական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալին, ինչպես նաև ազատվելուց հետո կենցաղային, աշխատանքի և սոցիալական այլ հարցեր նախապես կարգավորելու համար կարող է թույլատրվել երկարատև մեկնում՝ մինչև 30 օր ժամկետով՝ սոցիալական վերականգնման նպատակով։ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, այս հիմքով երկարատև մեկնումից օգտվել են միայն «Աբովյան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում պատիժ կրող դատապարտյալները։ Տրամադրվել է հապատատասխանաբար 9 և 268 երկարատև մեկնում։
Քրեակատարողական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ քրեակատարողական հիմնարկից դուրս անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալը տարին 1 անգամ, երեխաներին տեսակցելու նպատակով, ունի մինչև 10 օր ժամկետով կարճատև մեկնման իրավունք, եթե տեսակցելու ցանկություն է հայտնել երեխան, և դա չի հակասում նրա լավագույն շահին: Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո այս հնարավորությունից օգտվել է միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող 1 դատապարտյալ։ Ինչ վերաբերում է երեխայի՝ տեսակցելու ցանկություն հայտնելու գործընթացին, նաև այն հարցին, թե ում կողմից և ինչպես է որոշվում, թե կարճատև մեկնման տրամադրումն ինչպես պետք է հակասի երեխայի լավագույն շահին, Քրեակատարողական ծառայությունից պարզաբանել են, որ երեխային տեսակցելու ցանկություն հայտնած դատապարտյալի կողմից դիմում ներկայացնելու գործընթացը իրականացվում է ընդհանուր կարգով՝ քրեակատարողական հիմնարկի պետին հասցեագրվող դիմումների սահմանված ընթացակարգերով, իսկ երեխայի լավագույն շահին կարճատև մեկնման հակասումը որոշելու իրավական ամրագրումներ և սահմանված ընթացակարգեր այս պահին առկա չեն։
Քրեակատարողական օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պահվող դատապարտյալին թույլատրվում է տարվա ընթացքում ունենալ առնվազն 1՝ մինչև 5 օր տևողությամբ, երկարատև տեսակցություն՝ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով։ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պահվող որևէ դատապարտյալ այս հիմքով երկարատև տեսակցությունից չի օգտվել։
Այսպիսով, թեև օրենսդրական մակարդակում արտաքին աշխարհի հետ կապի պահպանման համար բավականին լայն հնարավորություններ են նախատեսվել, գործնականում դատապարտյալները չեն օգտվում դրանցից, ինչը մտահոգության տեղիք է տալիս։ Հետևաբար կարծում ենք, որ Արդարադաության նախարարության և Քրեակատարողական ծառայության կողմից պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն պարզելու համար, թե Քրեակատարողական օրենսգրքի՝ վերը թվարկված հոդվածներով նախատեսված կարգով երկարատև տեսակցություններից, կարճատև և երկարատև մեկնումներից օգտվելու համար քանի՞ դատապարտյալ է դիմում ներկայացրել, և ի՞նչ հիմքերով են դրանք մերժվել։ Միևնույն ժամանակ պետք է քայլեր ձեռնարկվեն այդ կարգավորումները կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ մեխանիզմների մշակման և գործարկման ուղղությամբ։
Այդ կարգավորումների գործնական կիրարկման խոչընդոտները պարզելը կարևոր է այն տեսանկյունից, որ պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգում արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը գնահատելու նոր չափանիշներ և գնահատման սկզբունքներ են նախատեսված։ Օրինակ, արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու համար նախատեսված է 5 միավոր, այն դեպքի համար, երբ կապը չի պահպանվել ոչ դատապարտյալի մեղքով, նախատեսված է 3 միավոր, իսկ այդ կապը չպահպանելու դեպքում հանվում է 5 միավոր։ Համեմատության համար նշենք, որ, ըստ գործող կարգավորման, ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու կամ ցանկություն ունենալու, սակայն հնարավորություն չունենալու դեպքում անձը ստանում է 3 միավոր, իսկ ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը չպահպանելու դեպքում անձը որևէ միավոր չի ստանում։ Մեզ մտահոգում է այն, որ վերը թվարկված հոդվածներով նախատեսված երկարատև տեսակցությունների, կարճատև կամ երկարատև տեսակցությունների համար ոչ բոլոր դատապարտյալները կարող են ստանալ հայեցակագրով նախատեսված 5 միավորը, քանի որ չկան բավարար նախադրյալներ այդ կարգավորումների գործնական կիրարկման համար։
Իրավական նախաձեռնությունների կենտրոն