Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժի զոհերի հիշատակ Գյումրիում՝ վարչապետի վայրկենական այցով ու «փրայմերիզին» մասնակցող թեկնածուներով

Դեկտեմբեր 07,2024 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր  1988 թվականի դաժան երկրաշարժի 36-րդ տարելիցն է։ Գյումրիում էր ինչպես Ամենայն հայոց կաթողիկոսը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Մի մեծ շքախմբով Գյումրիում էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու շքանշանով պարգևատրեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ եկեղեցու վերանորոգման գործում մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

Եկեղեցում պատարագ մատուցվեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն՝ իրեն ուղեկցող մարդկանցով, մասնակցեց եկեղեցու վերաօծմանը։

Կառավարության անդամները, մարզի պաշտոնյաները երկրաշարժի զոհերի հիշատակը  հարգեցին Ամենափրկիչ եկեղեցու բակում Ֆրիդ Սողոյանի քանդակած հուշարձանի մոտ՝ ծաղիկներ խոնարհելով ու ծաղկեպսակներ տեղադրելով։

Կառավարության անդամներն ու մարզային, քաղաքային իշխանություններն ամեն տարի միասնաբար ժամը 11․41 րոպեին  են իրենց հարգանի տուրքը մատուցել, այսինքն այն ժամին, երբ տեղի է ունեցել դաժան երկրաշարժը։

Սակայն  այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի եկավ ժամը 14․00-ի մոտակայքում, այդ ժամին նոր միայն մարզի պաշտոնյաները եկան եկեղեցու բակ՝ նրան դիմավորելու ու ծաղիկներ խոնարհելու։

Այսօր նկատելի էր, որ Գյումրին մնացել է առանց քաղաքագլխի․ «փրայմերիզին»՝ նախնական ընտրությանն ու առհասարակ ՏԻՄ արտահերթ ընտրություններին պատրաստվող գրեթե բոլոր թեկնածուները եկեղեցու բակում էին։

Այն մարդաշատ դարձավ, երբ եկավ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շատ կարճ մնաց Գյումրիում, ծաղկեպսակ դրեց հուշարձանի մոտ  ու արագ հեռացավ։

Լրագրողների  հարցերին այսօր պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա ճեպազրույցը՝ քիչ անց։

Ի դեպ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կար դրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։ Ծաղկեպսակներ կային նաև Վարդան Ղուկասյանի, Գագիկ Ծառուկյանի անունից, ՀՀ նախագահի, Գյումրում ՌԴ հյուպատոսարանի, 102-րդ ռազմաբազայի, Ռուսական տան կողմից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031