Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրահատուկ ներդաշնակություն էր ստեղծվել՝ արցախցի այաներ և մարտունեցի պատանիներ

Դեկտեմբեր 07,2024 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աղե, արկանք, մաղե, արկանք,
Քիզանըմ կա էլա հարգանք:

Ժողովրդական երգից

Արցախյան 2020թ․ 44-օրյա պատերազմից, այնուհետև Արցախի ամբողջական հայազրկումից հետո շատ արցախցիներ հաստատվեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ջերմորեն ընդունեցին մարտունեցիները։ Այսօր Տուն-Արցախ վերադառնալու հավատը սրտերում՝ Մարտունու տարածաշրջանում արցախցիներն արդեն դարձել են համայնքի անդամ։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում կայացավ «Արցախյան ֆեստ-Արցախյան Համերու Փառատոն»-ը, որն արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ ավանդույթների, սովորույթների, խոհանոցի, երգի-պարի փոխանցումն է հանրությանը։ Փառատոնը կազմակերպվել էր Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի-DVV International in Armenia-ի (հիմնվել է 2002թ.) կազմակերպմամբ՝ համագործակցելով պատկերասրահի հետ։ Ներկա էին Մարտունու տարածքում բնակվող արցախցիներ, նրանց հարազատներ, խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց Մարտունու պատկերասրահի վարիչ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը։ Կարևորեց փառատոնը հատկապես այն առումով, որ տեղահանված մեր հայրենակիցներն իրենց զգան Մարտունու տարածքի լիիրավ անդամ։

Ասաց՝ որևէ տարբերություն չկա արցախցիների և տեղացիների միջև։ Շնորհակալություն հայտնեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին, ով նույնպես ներկա էր մշակութային միջոցառմանը։ Մարտունու խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը, ով ներկա էր փառատոնին, ողջունեց միջոցառումը, զրուցեց մասնակից արցախցիների հետ։ Արցախցի կանայք ներկայացրել էին փախլավա, ժինգյալով հաց, թերթերուկ, կուրկութ, խաշիլ, կճեխաշ, կաթնահունձ։

Մարտունեցի կանայք էլ ներկայացրել էին մուշ-ալաշկերտյան ուտեստները։ Փառատոնին մասնակից եղան նաև մշակութային խմբեր, ինչպես նաև ցուցադրվում էին Արցախի տարածքի պատմական հուշարձանների լուսանկարներ (հեղինակներ՝ Ս․ Կարապետյան, Զ․ Ըռքոյան)։ Լուսանկարներում ներկայացված հուշարձանների մասին անցած տարի լույս տեսավ իմ հեղինակած լուսանկարներով և դրանց մասին հակիրճ տեղեկությամբ «The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone» («Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը») անգլերեն պատկերագիրքը՝ լեզվաբան, բ․ գ․ թ․ Մհեր Քումունցի համահեղինակությամբ, որը նույնպես ներկայացվեց փառատոնին։

Տեղեկացրեցի՝ վերջերս Ֆրանսիայի 2 քաղաքում՝ Փարիզում և Սանտ Էնթիերում կայացավ նշված գրքի շնորհանդեսը՝ համահեղինակների մասնակցությամբ։ Արցախյան ավանդական երգն ու պարը ներկայացրեցին «Արցախի այաներ» ազգագրական համույթի արտիստները։ Հնչած երգերը հիմնականում Արցախի կենցաղն էին ներկայացնում։ Հայ ժողովրդական պարերի կատարումով հանդես եկան Մարտունու «Ավետյաց» մանկական պարային համույթի պատանիները՝ Արմինե Մովսիսյանի ղեկավարությամբ։

Յուրահատուկ ներդաշնակություն էր ստեղծվել՝ արցախցի այաներ և մարտունեցի պատանիներ։ Մշակութային մասից հետո ներկաներն ըմբոշխնեցին ներկայացված ուտեստները։ Ընթացքում զրուցեցի ներկաների, ուտեստները պատրաստողների հետ։ Գոհ էին կազմակերպված միջոցառումից։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031