Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք՝ խաղաղաշինության գործում կարևոր դերակատարներ

Դեկտեմբեր 07,2024 14:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խաղաղաշինության գործընթացներում կանանց դերն ամրապնդելու նպատակով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Կանանց խաղաղության համաժողով» միջոցառումը։  

«Հաբ Արցախի» նախաձեռնած համաժողովը միավորել էր կանանց Արցախից, Հայաստանից և տարածաշրջանից՝ խաղաղության թեմայով համագործակցային քննարկման համար։ Համաժողովը մեկ միասնական հարթակ դարձավ շուրջ 100 մասնակիցների համար, ովքեր եկել էին քննարկելու խաղաղաշինության վերաբերյալ իրենց գաղափարները, տեսակետները, փորձն ու կենսափորձը։

«Հաբ Արցախը» հիմնադրվել է Արցախում, և մեր թիմը հստակ գիտակցում է խաղաղության կարևորությունը: Քանի որ մեր թիմում միայն կանայք են, շատ լավ գիտենք՝ ինչ գին են հենց նրանք վճարում խաղաղության համար: Միջոցառումը կազմակերպել ենք Երևանում և մարզերում բնակվող մեր գործընկերներին հարթակ տրամադրելու, խաղաղության մասին նրանց կարծիքները լսելու, երկխոսելու և, ի վերջո, խաղաղաշինության և խաղաղության մասին այս քննարկումների ընթացքում կանանց ձայնը լսելի դարձնելու նպատակով»,համաժողովի գլխավոր նպատակն այսպես ներկայացրեց «Հաբ Արցախի» գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյանը:

Միջոցառման ընթացքում խաղաղաշինության գաղափարը քննարկվեց տարբեր դիտակետերից․ անհատական բանախոսությունների, պանելային քննարկումների, կարողությունների զարգացման աշխատարանների ձևաչափով կազմակերպված համաժողովին մասնակցում էին տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ՝ կոնֆլիկտաբաններ, մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլք։

«Խաղաղաշինությունն առհասարակ խնդիր է ամենուր՝ բոլոր միջազգային կազմակերպություններում, բոլոր պետություններում, նույնիսկ այս օրակարգի առաջամարտիկ համարվող արևմտյան երկրներում: Ես կարևոր եմ համարում կանանց մասնակցությունն այս գործընթացներում, քանի որ հայաստանյան իրականության մեջ շատ են կարծրատիպերը, ըստ որոնց՝ կինն ավելի շատ ասոցացվում է  մանկավարժության, մշակույթի ոլորտի մասնագիտությունների հետ, իսկ խաղաղության և անվտանգության օրակարգում գերիշխողը տղամարդիկ են։ Բնականաբար, կանայք ունեն կարևոր ասելիք. նրանք պետք է մասնակցեն նաև հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացներին, լինեն բանակցային սեղանի շուրջ»,- նշեց համաժողովի գլխավոր բանախոս, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ, ռազմական, քաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը։

«Հաբ Արցախը» արցախցիներին հնարավորություն է տալիս հաղթահարել տեղահանությունը՝ իրականացնելով կարիքահեն ծրագրեր և օգնելով վերսկսել կյանքը Հայաստանում:

«Հաբ Արցախ Զարգացման» ՀԿ-ն հիմնադրվել է 2021թ.-ի սեպտեմբերին Ստեփանակերտում: Արցախում «Հաբ Արցախի» առաքելությունն էր տեղացիների կարողություններն ու չբացահայտված տաղանդները վերհանելն ու զարգացնելը։ Այժմ վերահիմնվելով Երևանում՝ կազմակերպությունը շարունակում է գործունեությունը` արձագանքելով տեղահանված արցախցիների կարիքներին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031