«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանն ուղիղ եթերով անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։
«Խորհրդարանի ամբիոնից խոսվել է ազգ-նահատակ լինելու մասին, եւ դա բացասական երանգով է ներկայացվել։ Ես չեմ ուզում մանրամասներով անդրադառնալ այդ տգիտությանը, այդուհանդերձ, ազգ-նահատակ լինելու գաղափարի մասին կխոսեմ։ Իր ամբողջ ոգով աստվածաշնչյան է նահատակության գաղափարը՝ որպես կյանքի բարձրագույն որակ ու ցուցիչ, երբ որեւէ մեկը կարող է ինքնազոհաբերվել արժեքների համար։ Եվ դա հաղթանակող ազգի կոնցեպտ է, հաղթանակող անհատի մասին է, նահատակությունը հաղթանակի մասին է եւ ոչ թե պարտության։ Եվ այդ մասին նաեւ Սուրբ Ներսես Շնորհալին է խոսել՝ փառավորելով նահատակության մեծությունն ու գաղափարը։ Եվ, այո, այդ հայեցակարգով, գաղափարով շատ ազգեր են ապրել, գործել եւ հաղթանակած դուրս եկել բոլոր իրավիճակներից, անհուսալի թվացող իրավիճակներից։ Եվ նահատակությունը միայն մեռնելու մասին չէ, նաեւ ապրելու մասին է, կրթության մասին է, գիտելիք ձեռք բերելու մասին է, պարզ հարաբերությունների մասին է, երբ դու զոհաբերում ես ինչ-որ բան՝ նվաճելու ինչ-որ բան։ Սա շատ պարզ երեւույթ է, եւ ես չեմ էլ ուզում խորացնել, որովհետեւ համարում եմ, որ պարտված մարդը չի կարող խոսել ազգ-նահատակ լինելու մասին, այլ պարզապես փորձում է իր պարտված լինելը տարածել ողջ ժողովրդի վրա եւ մեզ բոլորիս պահել այդ պարտության, անհարգանքի, հոգեբանական ճնշումների ներքո, որպեսզի մենք որեւէ այլ բանի ընդունակ չլինենք, մնանք այդ ճիրանների մեջ, չապաքինվենք որեւէ ձեւով։ Իրենք այլ ծրագրեր ունեն իրականացնելու՝ դա ուղղակիորեն մեր պետության կազմաքանդումն ու չգոյության գաղափարն է»,- ասաց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ