Խորհրդարանի վերջին նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը քպականները խիստ ծանր տարան: Փաշինյանական իշխանության՝ ԱԺ-ում պարգևավճարանստած ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին լեզու թափահարել: Դե, նրանք, որ Ադրբեջանի հայտարարությունների ժամանակ «մկան ծակը հազար թումանով են առնում», նրանք, որ նույնիսկ «արևմտյան Ադրբեջանի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեմաներով ալիևյան հերթական զառանցանքներին այնպիսի խուսափողական պատասխաններ էին տալիս, որ տպավորություն էր ստեղծվում, թե իրականում համաձայն են այդ ամենի հետ: Մի քպական կամ, դասական դրամատուրգիայի ոճով ասած, Ա նիկոլականը սկսեց տասնամյակներ առաջ ողբերգական եղելության հետևանքով սպանված մարդու նկար թափահարել, Բ նիկոլականը «նախկինները, թալանը, կոռուպցիան» քարոզչական մոնպասիեն վերստին մեջտեղ բերեց: Գ նիկոլականը մեկ ուրիշ «նախկինացավ» հիշեց:
Հա, այն Ա նիկոլականը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե պատերազմում տարած հաղթանակը (1994-ին) հետագայում պարտության է վերածվել… ընտրությունները կեղծելով, ու նմանօրինակ այլևայլ «մարգարտաշող» փայլատակումներ եղան: Բայց, ախր, ովքեր ինչերի մասին են խոսում, էլի: Եթե հակիրճ, ապա փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ավելի ստույգ՝ իրենց խոսքերով ասած՝ «ուսապարկերը», այդ թվում՝ Ա, Բ, Գ… Ք նիկոլականները վաղուց են կորցրել (մսխել) որևէ խոսք ասելու, առավել ևս, որևէ մեկի հասցեին բան ասելու բարոյական ու քաղաքական իրավունքը: Չէ, սա արդեն նույնիսկ զավեշտ էլ չէ… Ստացվում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի պարտության խորհրդանիշ քպականները խոսում են պարտության մասի՞ն: Արցախը կորստի մատնած, Արցախն ուրացած, հազարամյակների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափման հասցրած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարտությունի՞ց են խոսում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում