Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման ժամանակ ՆԳՆ իրավաբանական վարչության պետը թաքցրել է արագության չափման նոր համակարգի մասին արդեն իսկ կնքված պայմանագրի փաստը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Դեկտեմբեր 07,2024 11:15

Հանրային հեռուստաընկերության եթերում ճանապարհային երթևեկության կանոնների ու արագաչափերի հարցը հանրաքվեով լուծելու հարցի շուրջ հանրային քննարկման ժամանակ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը թաքցրել է արագության չափման նոր համակարգի մասին արդեն իսկ կնքված պայմանագրի փաստը։

Քննարկման ընթացքում հաղորդման հյուրերը խոսում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, արագաչափերի անհրաժեշտության ու այլ հարցերի շուրջ։ Երբ վարողը հարց է տալիս ՆԳՆ պաշտոնյային՝ արդյո՞ք միջին արագություն չափող արագաչափերի անհրաժեշտություն Հայաստանում կա, Մարանդյանը արձագանքում է․

 

«Հարցը մեզ անծանոթ չէ, քննարկումներ ունեցել ենք, բայց ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս եզրահանգումների համար մեզ լրացուցիչ աշխատանքներ են պետք։ Շատ նուրբ, շատ զգայուն հարց է, այդ թվում՝ նաև իրավական հարթությունում, ունի բազմակողմանի էֆեկտներ։ Այս պահին եզրահանգումներ չունեմ, որովհետև մասնագիտական քննարկումներ են անհրաժեշտ։ Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, քանի որ այն կարող է դիտարկվել նշված խնդիրների լուծման տարբերակներից մեկը։ Պետք է հասկանալ՝ արդյոք սա այս պահին միակ արդյունավետ միջոցն է, որը կարելի է կիրառել ու հասնել արդյունքի։ Պետք է հասկանալ՝ սրա կիրառման պարագայում իրավական խնդիրներ կունենա՞նք, թե՞ ոչ, և երկրորդ՝ գործականում սա արդյոք կհանգեցնի այն նպատակին, ինչ ի սկզբանե նախատեսվում էր»։

Իրականում, սակայն Ներքին գործերի նախարարության պաշտոնյան չի խոսում մի կարևոր փաստի մասին․ շուրջ երկու ամիս առաջ ՆԳՆ-ի և «Դի Ջի Բեյս» ՍՊԸ-ի միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում է ունենալ նաև միջին արագություն չափող արագաչափ սարքեր։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գնման պայմանագիրը և պարզել, որ դեռևս փետրվար ամսից Ներքին գործերի նախարարությունը երկփուլ մրցույթ է հայտարարել մի ամբողջ համակարգի ձեռքբերման նպատակով, որի մեջ ներառված են նաև միջին արագությունը հաշվող տեսախցիկները։

Մրցույթի արդյունքում ՆԳՆ-ի և «Դի Ջի Բեյս» ՍՊԸ-ի միջև հոկտեմբերի 25-ին կնքվել է պայմանագիր։ Պայմանագրի գինը կազմում է 15 մլրդ դրամ։

Պայմանագրում գնման առարկա հանդիսացող ապրանքի նկարագրության մեջ նշվում է, որ այս համակարգի ներդրումը նպատակ ունի ամրապնդել ճանապարհային անվտանգությունը․ «Ժամանակակից ծրագրային լուծումների միջոցով հնարավոր կլինի իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման շուրջօրյա վերահսկողություն և ինքնաշխատ կերպով աջակցում օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացմանը»։

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031