Ցանկացած երկրի պետական բյուջեի ծավալից ու դրանում արտացոլված ուղղությունների բալանսից կարելի է որոշակի եզրակացություններ անել, թե ինչ ֆինանսատնտեսական վիճակում է գտնվում տվյալ պետությունը։ Ընդ որում, շատ կարևոր է դիտարկել ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Նույնիսկ մեծ չափի բյուջեն երաշխիք չէ, որ խնդիրներ չեն առաջանա, բյուջեն ճեղքվածք չի ունենա, եթե այն արդյունավետ չկառավարվի ու ապագայի տեսլականն իր մեջ չարտացոլի։ Օրինակ՝ երկրներ կան, որոնք հարուստ են տարբեր ռեսուրսներով, ֆինանսական հոսքեր ապահովելու խնդիր չունեն, բայց ոչ արդյունավետ կառավարման ու անիրատեսական ֆինանսատնտեսական քաղաքականության արդյունքում միշտ տնտեսական ճգնաժամերի մեջ են։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրն իրեն շռայլություն թույլ տալ չի կարող և այլ ելք չունի, քան ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, բայց օրվա կառավարությունը անընդհատ ավելացնում է ծախսերի համակշիռն այն դեպքում, երբ հարցական է, թե որտեղից են ապահովվելու նախանշված եկամուտները։ Այսինքն, ծախսերի ու եկամուտների բալանսը խախտված է։ Օրինակ՝ 2025 թվականի եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9,4 %, իսկ ծախսերի գծով՝ 11,9% աճ այն դեպքում, երբ 2025 թվականին ընդամենը 5,1 % տնտեսական աճ է կանխատեսվում։ Ընդ որում, բազմաթիվ տնտեսագետներ ոչ իրատեսական են համարում նույնիսկ 5,1 % տնտեսական աճի կանխատեսումը՝ հաշվի առնելով Հայաստանում տնտեսական ակտիվության նվազման առաջանցիկ տեմպը։ Վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 6,4 տոկոս, երրորդ եռամսյակում՝ 5,2 տոկոս:
Սպասվում է, որ չորրորդ եռամսյակի ընթացքում ավելի ցածր ցուցանիշ ենք ունենալու։ Այսպիսի միտում արձանագրվում է այն պայմաններում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտածին գործոններից։ Եթե տարվա սկզբից արտաքին գործոնները նպաստում էին տնտեսական աճին, ապա հիմա արտաքին միջավայրն այնպես է դասավորվել, որ մեր տնտեսության համար ստեղծվել են ոչ բարենպաստ պայմաններ։ Միաժամանակ նկատվում է Հայաստանից կապիտալի արտահոսքի արագացում և դեպի մեր երկիր արտարժույթի հոսքերի նվազում, ինչի արդյունքում էլ դրամի դիրքերը սկսում են թուլանալ ու արժեզրկման միտում է նկատվում։ Մեկ այլ հարց է նաև այն, թե որտեղի՞ց են բյուջեի եկամուտները գեներացվելու, եթե հնարավոր չեղավ ապահովել նախանշված աճի տեմպը։ Մի տարբերակը հարկային մամլիչի կիրառումն է, որն արդեն գործի է դրվել, իսկ մյուսը՝ պետական պարտքի ավելացումը։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում