Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր չթե տոնածառը

Դեկտեմբեր 07,2024 13:30

Շատերն են գրել Գյումրու 1988 թվականի երկրաշարժի մասին։ Անհավանական, ցավոտ պատմությունները շատ են։ Կարդալիս՝ նորից սիրտս ու հոգիս ցավում է։ Կարծես այդքան տարի չի անցել։ Նորից վերապրում եմ այդ ցավն այնպիսի ուժգնությամբ, որ հիվանդանում եմ։ Եվ թող ժամանակը գլուխ չգովի, թե ամեն ինչ մոռացության է տալիս, վերքերը բուժում, սպիացնում է։ Չէ՛, ժամանակը, պարզապես վիշտն ու ցավը հոգու խորքն է տանում, որ տեսանելի չլինի օտարի աչքին։ Տարիներ շարունակ մոռացության չեմ կարող տալ հարազատներիցս մեկի՝ Մուշեղի պատմությունը։

Մուշեղենց գերդաստանն ապրում էր իր պապի ձեռքերով կառուցած սեփական, հարմարավետ տան մեջ։ Տունը շատ ամուր հիմքով ու ամուր պատերով էր։ Երբ սկսվեց սեփական առանձնատների համատարած քանդումն ու նրանց տեղը բարձրահարկ «ողբերգությունների» կառուցումը, հերթը Մուշեղենց էլ հասավ։ Նրանց բնակարան հատկացրին մի շենքի ութերորդ հարկում։ Տնեցիները դժգոհ էին։ Սեփական տուն, հրաշալի այգի, բանջարանոց ունենալուց հետո բարձր հարկում «թառել»-ը դժվար էր։

Մուշեղը ճարտարապետ էր։ Աշխատանքի տեղից նրան գործուղեցին Ուզբեկստան՝ երիտասարդական կառույցում աշխատելու։ Տափաստանում նոր քաղաք էին կառուցում: Շինարարական կազմը բազմազգ էր. ներկայացուցիչներ կային բոլոր հանրապետություններից, նույնիսկ՝ դեմոկրատական երկրներից։ Այնտեղ Մուշեղը ծանոթացավ գերմանուհի Հիլդայի հետ։ Հայաստան բերեց նրան ու ամուսնացավ հետը։ Ընտանիքի կողմից միանշանակ չընդունվեց որդու ընտրությունը։ Բոլորից շատ մտահոգ էր Լալիկ տատը։ Մուշեղի ծնողները վաղուց էին մահացել։ Ասեմ, որ տատի իսկական անունը Մարո էր, բայց ոչ մեկը նրան այդ անունով չէր դիմում։ Նա շատ հուզական էր, ամեն չնչին առիթ կարող էր նրա աչքերից արտասուք քամել, դրա համար էլ Աղասի պապն իր սիրելի կնոջն այդ անունն էր կպցրել։ Այդպես էլ բոլորիս բերանում նա «Լալիկ» էր։ Տատը ծնկներին խփելով լալիս ու ասում էր, թե՝ լավ, բերել, բերել, էդքան հեռվից «սոսրա՞թ» (տգեղ) կբերեն։ Իմ թոռան աչքեր կապուկ ի՞։ Իսկապես էլ, արտաքնապես Հիլդան տգեղ էր։ Բռնվելիք տեղ չուներ։ Մեր հաղթանդամ, գեղեցկատես Մուշեղն ո՛ւր, նա ուր։ Բայց եղածը եղած էր։ Հարսանիք արեցին, պատվեցին, զուգսեղենը լցրին վրեն, ինչպես կանեին գյումրեցիները։ Հիլդան շարժուն, ժպտերես հարս դուրս եկավ։ Կամաց-կամաց սկսեցին նրա տգեղությունը չնկատել։ Բայց վա՜յ քեզ, եթե նրան ջղայնացած պահին հանդիպեիր։ Նա լրիվ փոխվում էր, սկսում խոսել իր լեզվով, ձեռքի տակ եղածն էլ շպրտում… Հաղորդակցման լեզուն նրա կոտրտված ռուսերենն էր։ Շուտով ծնվեց նրա առաջնեկը։ Տատի անունով Մարո կնքեցին նրան։ Բայց մայրը նրան Գերտրուդ էր ասում։ Դստեր չորս տարին նոր էր լրացել, երբ Հիլդան որոշեց այցելել ծնողներին ու երկու ամսով մեկնեց Գերմանիա։ Բեռով, նվերներով ճանապարհեցին հարսին։ Ժամանակը շուտ թռավ։ Մոր բացակայության ժամանակ աղջնակն ավելի կապվեց տատին։ Երկու Մարոները լավ էին լեզու գտնում իրար հետ։ Մի անգամ, երբ տատը թոռանն առավ իր անկողնու մեջ, աղջնակը բողոքեց, որ անկողնու մեջ կոշտ բան կա։ Տատն անմիջապես հասկացավ ինչ լինելը։ Առավոտյան ներքնակը թափ տալուց հետո մոռացել էր այն շրջել ու հիմա գաղտնիքը բացվել էր։ Չգիտեմ ի՞նչ անցավ Լալիկ տատի մտքով։ Նա ներքնակի միջից հանեց տոպրակով պահած ոսկիներն ու սկսեց ցույց տալ թոռնիկին։ Դրանք շատ էին։ Հին զարդեր ու «գրմիցաներ« էին՝ կլոր, ծանր ոսկեդրամներ։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր ուրույն պատմությունը։ Չիմացավ էլ, թոռնիկը մի բան հասկացավ, թե չէ։ Չորս տարեկանն ի՞նչ պիտի ընկալեր։ Պատմելն ու վերհիշելն ավելի շատ իրեն էր պետք…

Շուտով հարսը վերադարձավ։ Ուրախ էին բոլորը, բացի՝ իրենից։ Ուրիշ մարդ դարձած եկավ։ Ո՛չ ժպիտ կար դեմքին, ո՛չ աշխուժություն, ո՛չ մեկի հետ զրույցի չէր բռնվում։ Օրերով փակվում էր սենյակում, դուրս չէր գալիս, կամ էլ գրկում էր աղջկան ու լաց լինում։ Ոչ ոք չէր հասկանում նրա վարքի փոփոխության պատճառը։ Ամուսինը լուռ էր ու մտահոգ։ Մի օր էլ ընտանիքն արթնացավ ու տեսավ, որ հարսը չկա, ոսկիներն էլ՝ հետը։

Շատ նեղվեցին։ Երկար ժամանակ նույնիսկ գաղտնի էին պահում բոլորից, ամաչում էին հարսի արարքից։ Բայց մինչեւ ե՞րբ…Մխիթարվեցին նրանով, որ գոնե դստերը չէր տարել հետը։ Աղջիկը մնաց պապի, տատի ու հոր խնամքին։ Կարգապահ, լավ սովորող աղջիկ էր մեծանում փոքրիկ Մարոն։ Տատի պես էլ լալկան չէր։ Իսկական արեւի շող էր։ Ուր մտնում էր՝ ջերմությունն ու բարությունը հետն էր։ Ժամանակն անցնում էր, տարիները՝ թռնում։ Մարոն մեծացել, կրթություն ստացել ու հարսնացու էր արդեն։ Իզուր չեն ասում, որ աղջիկը գարի է, շուտ է հասնում։ Հարգված ու սիրված աշխարհագրության ուսուցչուհի էր, սիրած տղան՝ Վահրամն էլ պատմության ուսուցիչ էր նույն դպրոցում։ Շուտով կարգ ու հարգով նրանք ամուսնացան։ Գեղեցիկ, հայեցի ընտանիք կազմեցին։ Վահրամը սիրող ու հոգատար ամուսին էր։ Շուտով ծնվեց նրանց աղջիկը՝ Փաթիլը։ Անասելի գեղեցիկ էր աղջնակը, ձյունի պես ճերմակ մաշկով ու մեծ, սեւ աչքերով։ Բոլորի սիրելին էր։ Ծնողները նվիրված էին իրենց ընտանիքին, դպրոցին։ Նրանք մասնակցում էին դպրոցի վերանորոգմանը, շաբաթօրյակներին, քաղաքի կանաչապատմանը։ Երջանիկ էին իրենց ընտանիքով, աշխատանքով, օրեցօր բարգավաճող Գյումրիով։ Փաթիլն արդեն հինգ տարեկան էր, երբ Մարոն պատրաստվում էր երկրորդ անգամ մայրանալ։ Որդի էր ունենալու։ Ծննդաբերելու օրերն էին։ Աղջնակն էլ էր սպասում իր եղբոր լույս աշխարհ գալուն։ Մայրը շատ էր պատմել Սասունցի Դավթի մասին։ Փաթիլը եղբոր համար էպոսի հերոսի անունն էր ընտրել՝ Դավիթ։ Բայց շաբաթը շուտ եկավ ուրբաթից։

1988-ի դեկտեմբերի 7-ն էր։ Վահրամը դաս ուներ, առաջին ժամից դպրոցում էր։ Մարոն Փաթիլի հետ տանն էր։ Ուշ էին վերկացել։ Նախաճաշում էին։ Հանկարծ դղրդոց լսվեց, շենքը շարժվեց, պատուհանի ապակիները կոտրվեցին ու ներս թափվեցին։ Մարոն միայն հասցրեց Փաթիլին գրկել, չհասցրեց հասկանալ ինչն ինչոց է, երբ պատ ու առաստաղ քանդվեցին ու ամեն ինչ մթնեց։ Մի քանի վայրկյանում ամեն ինչ փոխվեց։ Շենքն ամբողջովին ավերակների վերածվեց։ Վահրամենց դպրոցն էլ քարուքանդ եղավ։ Շատերի հետ Վահրամն էլ մնաց փլատակների տակ։ Բոլորը զոհվեցին։ Միայն երկու օր հետո նրա դին քարերի տակից դուրս հանեցին փրկարարները։ Ցնցումների պահին Մարոյի հայրը՝ Մուշեղը կանգառում կանգնած ծխում էր։ Աշխատանքից գնալու էր աղջկա տուն կեսօրյա նախաճաշի։ Հանկարծ գետինը ոտքի տակից կարծես փախավ։ Նա հազիվ հասցրեց բռնել ծառից ու ծառի հետ տապալվեց գետնին։ Որոշ ժամանակ անց միայն նա կարողացավ վեր կենալ։ Բարեբախտաբար, վնասվածքները շատ չէին։ Երբ հասկացավ կատարվածը, առաջին բանը, որ մտքով անցավ՝ աղջկա ընտանիքին գտնելն էր։ Նրա հույսն ու ապավենը Մարոն էր։ Վազում էր, բայց շենք ու փողոց այնպես էին խառնվել, որ բավական ժամանակ պետք եղավ նրան, մինչեւ գտավ դստեր քարակույտի վերածված շենքը։ Կանգնած՝ նա ակնապիշ նայում էր ավերակներին։ Փրկարարներն աշխատում էին փլված շենքի տակից հանել բնակիչներին։ Անչափ դժվար աշխատանք էր։ Նրանց օգնում էին ողջ մնացածները՝ ով ինչով կարող էր, փորում էին, հանում հողը…Շատ կային մահացածներ, վիրավորներ, ձեռք ու ոտք կորցրածներ։ Ամենուրեք արյուն…Տեսարանը սահմռկեցուցիչ էր։ Իրար կողքի շարված դիակներ… վիրավորներ…

Ամենատարօրինակն այն էր, որ մարդիկ կարծես քարացել էին։ Ձայն չկար, միայն սառած աչքերով իրենց հարազատներին էին փնտրում։ Մուշեղը լուռ ու մունջ, անհաց ու անջուր, մերկ ձեռքերով, այդ սառնամանիքին քարերն էր հանում, որ փրկի աղջկան ու ընտանիքին։ Բայց, դժբախտաբար, ոչ մի նշան, որ կհուշեր նրանց ողջ լինելը։ Փրկարարները հայտարարել էին, որ այլեւս ոչ մի բան չեն կարող անել ու անցել էին հաջորդ շենքին։ Բայց Մուշեղը դեռ քանդում էր… Վերջապես մի փափուկ բան կպավ ձեռքին։ Արագ-արագ հողը մի կողմ տարավ…Իր թոռնիկի՝ Փաթիլի շորե փոքրիկ տոնածառն էր։ Հողը թափ տվեց տոնածառի վրայից ու հույսի մի աղոտ նշույլ երեւաց դեմքին։ Ուրեմն, ճիշտ տեղն է քանդում, նրանց տան կողմը…Հիշեց, որ Մարո տատիկը մի շատ սիրուն հեքիաթ էր պատմում թոռնիկին։ Այն իր Էրգրի հեքիա՞թն էր, թե՞…

Ասկյարների ձեռքից փախած, իրենց գյուղի ողջ մնացած հոտաղը գիշերով մոլորվում է սարերում։ Հանկարծ ձեռքը գրպանն է տանում ու այնտեղից հանում իր նանի՝ կարմիր չթե կտորներից կարած շատ փոքրիկ տոնածառն ու լաց լինելով խնդրում տոնածառին՝ օգնել իրեն տուն հասնել։ Արցունքն ընկնում է տոնածառի վրա։ Հանկարծ նա նկատում է, որ տոնածառը լուսավորվում է, ցույց տալիս տան ճանապարհը։ Հոտաղը փրկվում է իր նանի սրտի լույսով, որն ամփոփված էր նանի կարած տոնածառի մեջ։

Մուշեղը միանգամից հիշեց այս պատմությունը։ Նրա աչքի առաջ եկավ, թե ինչպես էր Մարո տատը պատմում այդ հեքիաթն ու ձեռի հետ էլ կարում հեքիաթի միջի կարմիր շորե տոնածառը։ Հիշում էր, թե ինչպես էր ուրախացել իր Փաթիլը՝ ձեռքն առնելով «լույս տվող տոնածառը»։

Մուշեղի մեջ փոքրիկ հույս առկայծեց։ Ամբողջ ուժով սկսեց արագ-արագ քանդել հողե բլուրը։ Հոգնեց։ Մի քանի անգամ պառկեց ու ականջը դրեց փլատակին՝ հուսալով, որ ձայն կամ տնքոց կլսի։ Նա, որ մինչ այդ լուռ էր, հանկարծ սկսեց գոռալ, թե՝ լսեցի աղջկաս շնչառությունը։ Նա ողջ է։ Թափով վեր կացավ ու սկսեց վազել դեպի այն շենքը, որտեղ աշխատում էին փրկարարները տեղի մարդկանց հետ։ Մոտեցավ, սկսեց բացատրել կատարվածը։ Լսեցին նրան եւ ասացին, որ այնտեղ կենդանի շունչ չի մնացել։ Շները շատ զգայուն են։ Նրանք էլ ոչինչ չեն գտել։ Բայց Մուշեղը նրանց չէր լսում։ Իրեն կորցրած քաշում էր փրկարարների շորերից, աղաչում, պաղատում էր հավատալ իրեն ու նորից ստուգել։ Տեսավ նրանք իրենց գործն են շարունակում, այս անգամ վազեց ֆրանսիացիների մոտ։ Նորից աղաչեց, ձեռքով ու ոտքով մի կերպ հասկացրեց ուզածը։ Վերջապես նրանք իր հետ եկան շենքի մոտ։ Գործածեցին զգայուն սարքերը։ Շներն էլ սկսեցին հոտոտել տարածքը, բայց ապարդյուն։ Մի քանի ժամ աշխատելուց հետո նրանք էլ ձեռնունայն ետ գնացին, հայտարարելով, որ կենդանի մարդ չկա։ Մուշեղը չէր հավատում ոչ ոքի։ Նա հայր էր։ Սիրտը մերժում էր ընդունել կատարվածը…Պառկում էր, գլուխը դնում հողին ու գոռում, որ լսում է դստեր շնչառությունը։ Ամբողջ ուժով քանդում էր հողն ասելով՝ արեւ՜ս, դիմացիր, մենակ չես։ Ես այստեղ եմ, կհանեմ քեզ, միայն հավատա։ Վերջապես նեղ փոս տեսավ։ Ձեռքը մինչեւ ուսը մտցրեց փոսի մեջ, որոշեց, որ ճիշտ տեղն է գտել։ Վեր կացավ ու սկսեց վազել։ Շատ չանցած եկավ մի քանի կտոր հաց ձեռքին ու նետեց փոսի մեջ ասելով՝ կերեք, մինչեւ ջուր էլ բերեմ։ Այսպես, խելքը թռցրածի պես նույն բանն էր անում։ Հաց ու շշով ջուր էր բերում ու նետում փոսը։ Հետն էլ արագ-արագ փորում։ Ոչ մեկն էլ չէր հավատում հրաշքի։ Ժամանակ էր անցել…Բայց փորելիս, նա հանկարծ շոր նկատեց, աղջկա փեշն էր։ Գոռաց ու ուշաթափվեց։ Երբ մարդիկ շորը տեսան, հավաքվեցին շուրջն ու սկսեցին օգնել նրան փորել։ Կանչեցին նաեւ փրկարարներին։ Մի երկու ժամ չանցած՝ նրանց առջեւ մի ահավոր տեսարան բացվեց… Անշնչացած Մարոն մի ձեռքով գրկել էր անկենդան Փաթիլին, մյուսով՝ կիսով չափ ծնված Դավթին։ Նրանց այլեւս օգնություն պետք չէր…Մուշեղը դեռ երկար ժամանակ չէր հասկանում կատարվածը։ Մեկ հեկեկում էր, մեկ էլ ծիծաղում՝ կրծքին սեղմելով կարմիր տոնածառն ու ինքն իրեն ասում։

– Քո լույսով գտա…մորս սրտի լույսն է ամբարված մեջդ…ու անհագորեն համբուրում էր կարմիր, չթե տոնածառը…

17 դեկտեմբերի 2021

Սուսաննա ԳՅՈՒՐԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031