Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ յանից ըլնենք». «Ուղղական հոլով»

Դեկտեմբեր 07,2024 13:00

«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն  ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին:

Շարքի նախորդ հոդվածը՝ այստեղ:

Տարիներ առաջ, մի անգամ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը Երոպական Խորհրդարանում, հավանաբար, չտիրապետելով կանոնակարգի նրբություններին, մի ժեստ էր արել, ինչը գործող ընթացակարգերով նշանակում էր «կողմ» քվեարկություն, եւ ինքն էլ, բանից անտեղյակ, քվեարկել էր այդ ժամանակներում մեր առաջնահերթություններին հակասող մի հարցի օգտին: Երբ կուսակցության առաջնորդներից մեկը, օգտվելով հրաշալի առիթից, հանդիմանությունների տարափ էր տեղացել, թե ինչպե՞ս կարող ես նման կործանարար անփութություն թույլ տալ, էս խեղճն այդ ժամանակների պրոռուսական արեւմտամետության հակասական տրամաբանությունից կաթվածահար, միանգամայն անկեղծ հարցրել էր.

– Բայց մենք վաբշե ո՞ւմ յանից պետք ա ըլնենք, որ մեր հմար լավ ըլնի, ցավդ տանեմ:

Զայրացած կուսակցապետը, բնականաբար, չէր կարողացել մի քանի տողով հստակ ու սպառիչ բացատրել հարուստ պատգամավորին, թե «մենք վաբշե ո՞ւմ յանից պետք ա ըլնենք»: Արդյունքում խմբակցությունը որոշեց, որ այդ պատգամավորը պետք է լիակատար չեզոքություն դրսեւորի միջազգային նուրբ հարցերի քվեարկության ժամանակ, եւ նա այլեւս  չհայտնվեց Եվրոպական Խորհրդարանում: Այս անհեթեթ միջադեպից տարիներ են անցել, սակայն անեկդոտիկ պատմության հերոսի պարզ հարցը շարունակում է անպատասխան պտտվել՝ սկսած մեր աղմկոտ գյուղամեջերից, մինչեւ միջազգային ամենաբարձր հարթակները:

–  Հիմա դուք սպիտա՞կ եք, թե՞ սեւ, բարի՞ եք, թե՞ չար, ուրա՞խ եք, թե՞ տխուր … – հարցնում են մեզ միմյանց հետ հակամարտող բեւեռացված նոր աշխարհի կողմերը՝ բոլորն էլ նախապես դիրքավորվելով սպիտակ, բարի եւ ուրախ բեւեռներում: Մեր պատասխանը, հիշյալ խմբակցության պես, լավագույն դեպքում առաջ չի գնում չեզոքություն պահելու որոշումից: Հիմա նրանք արդեն վիրավորվում են մեր չեզոքությունից: Մենք էլ ի՞նչ անենք, ամոթ չի՞ մերժենք էդ մարդկանց: Ստիպված, բոլոր հարցնողներին ասում ենք, որ հենց իրենց կողմից ենք:

Չեզոքություն չի հաջողվում պահել անգամ «չեզոքության բաստիոններին»: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը վերջերս շվեյցարական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ բավականին ուղիղ ակնարկել է, որ Շվեյցարիան պետք է հրաժարվի չեզոքության իր հին ավանդույթից, քանի որ ապագայում չի կարող հույսը դնել այդ չեզոքության վրա՝ հատկապես պաշտպանության հարցերում: Նա նաեւ բաց տեքստով ասել է, որ ամենալավ որոշումը կլինի Շվեյցարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը: Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ չեզոքությամբ իր խնդիրները կարգավորած Շվեյցարիան հիմա ինչ-որ կողմ ընտրելու բուռն քննարկումների մեջ է:

Իսկ մենք «ո՞ւմ յանից պետք ա ըլնենք, որ մեր հմար լավ ըլնի»:

Ի՞նչ արժեքներ են դիտարկվում այս հարցին պատասխանելիս՝ անկախ նրանից, թե այն մեր տուժած պատգամավորին հարազատ երեւանյան փողոցային ժարգոնով է հնչում, նուրբ դիվանագիտական անգլերենով, մերձավոր բարեկամական ֆրանսերենով, թե զայրացած, պահանջկոտ ռուսերենով: Ամենաբնական, ազնիվ եւ ճշմարիտ ելակետն այս հարցին պատասխանելիս մեր քրիստոնեական արժեհամակարգն է: Հենց առաքելական քրիստոնեական արժեհամակարգին հղում անելով եւ որպես այդպիսի պետություն դիրքավորվելով է շանս առաջանում, որ կընդունեն մեր պատասխանը: Ի դեպ, հիմա, երբ անդադար պատերազմող աշխարհը սկսել է արյուն թափել ոչ թե համակարգերի, այլ քաղաքակրթությունների հակասությունների պատրվակով, ամերիկյան առաջին դեմքը վճռորոշ պահին զանգահարում է հենց Արամ Առաջինին: Մեզ համար, թերեւս, միայն ճշմարիտ քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնվելով, տքնաջան աշխատանքով ու անդադար կրթվելով է հնարավոր շոշափելի ցուցանիշներ գրանցել համաշխարհային քաղաքակրթական միավոր դառնալու ճանապարհին: Ավելին՝ այս արժեհամակարգը առավելապես համադրվում է աշխարհի մյուս կրոնների ու քաղաքակրթությունների հիմնարար արժեքներին, քան հակադվում: Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:

Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031