Օգոստոսի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն քրեական պալատը որոշել էր փաստաբաններ Կ. Մեժլումյանի եւ Է. Բեգլարյանի վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով լսել: Բողոքը Վճռաբեկ դատարանում էր 2022 թվականի օգոստոսի 15-ից:
Բողոքաբեր կողմը, ովքեր ներկայացնում էին «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտպանությունը, պնդում էին բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը, քանի որ դատական սխալ է տեղի ունեցել, նաեւ խնդրում անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը: Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 3-ին Մ.Հարությունյանի պաշտպաններ Կ. Մեժլումյանի, Է. Բեգլարյանի բողոքը բավարարել է, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը, անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Դատարաններում այս գործը համարում էին «քնած» գործերից, վարույթ ընդունելուց երկու տարի հետո վերջապես հարցը լուծում գտավ:
«Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Մուրադ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով եւ համաձայն 2005 թվականի սեպտեմբերի 12-ին գործատու՝ «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ կնքված թիվ 18 պայմանագրի եւ այդ պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին 2007 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված համաձայնագրի, Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում եւ ղեկավարում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կարգադրիչ եւ այլ լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ, որի արդյունքում 2014 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում մասնաճյուղի առանձին աշխատակիցների հանցակցությամբ՝ Մ. Հարությունյանի, Վ.Հարությունյանի (պաշտպան՝ Կ. Մեժլումյան), Ս.Հարությունյանի, Ա. Մաթեւոսյանի եւ Գ. Ավետիսյանի օժանդակությամբ, վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված «Հայանտառ» -ին պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 18.576.814 ՀՀ դրամ գումարը:
Կարդացեք նաև
Նրան մեղսագրվել էր նաեւ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ», ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված, արգելված կենդանու ապօրինի որս կատարելու համար: Մասնավորապես, մեղադրանքի կողմը նշել էր, որ Մ. Հարությունյանն իր ենթակայության ներքո որպես անտառապահ աշխատող Ա. Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ որոշել են կատարել որսն ամբողջովին արգելված, բնական ազատության վիճակում գտնվող՝ բեզոարյան այծի ապօրինի որս: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հուլիսի 1-ին Ա. Բաբայանը մեկնել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի «Արդարազ» կոչվող տեղամաս, որտեղ մինչեւ ժամը 18.00-ը դիտարկումներ կատարելով՝ հայտնաբերել է բնական ազատության մեջ գտնվող բեզոարյան այծ, պարզել է կենդանու տեղաշարժի եւ գտնվելու հնարավոր սահմանները, որի մասին տեղեկացրել է Մ.Հարությունյանին: Հանդիպել են գիշերով, «բեզոարյան այծին հայտնաբերելու եւ որսալու նպատակով իրականացրել են համակցված գործողություններ»: ՁԿի-ը մոդելի «19503» գործարանային համարի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանից Ա. Բաբայանն արձակած երկու կրակոցի միջոցով Մ.Հարությունյանի հետ «ապօրինի որսացել է բնական ազատության վիճակում գտնվող մեկ հատ 3-4 տարեկան էգ բեզոարյան այծ՝ կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափերով՝ 3.000.000 ՀՀ դրամի վնաս»: Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տեղամասի մոտ նկատել են ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներին եւ զգալով բացահայտման իրական վտանգ, չեն ենթարկվել վերջիններիս կողմից իրենց ուղղված՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին, դիմել են փախուստի, ապա սատկած բեզոարյան այծի մարմինն ավտոմեքենայից նետել են հարակից առուն, որը հայտնաբերվել եւ առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից, իսկ Հարությունյանը եւ Բաբայանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Բողոքաբեր կողմը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերաքննիչ քրեական դատարանի եզրահանգումներն առ այն, որ Մ.Հարությունյանը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, «ըստ էության խախտում է Մ.Հարությունյանի անմեղության կանխավարկածը, քանի որ «օրենքով չթույլատրված արարք» կատարելը եւ «հանցանք» կատարելը նույնական են, եւ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի նորմերից»: Նշվել էր նաեւ, որ առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի, դատարանը որոշել է պետականացնել գրավի գումարը:
2021 թվականի հուլիսի վեցին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվում ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը հուլիսի յոթին դատարանը բավարարում է: Մինչ այդ ընտրվել էր խափանման միջոց՝ գրավը: Նշեմ, որ պաշտպանական կողմը բողոքարկում է, սակայն վերաքննիչ դատարանը մերժում է նրանց բողոքը: Վերաքննիչ դատարանը «մեղադրանք» է հնչեցնում առաջին ատյանի դատարանին, այն է. «Հարկ է փաստել, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը յուրովի է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, անհիմն կերպով ինքնուրույն դիֆերենցել, տարանջատել է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված հարյուրերեսունհինգով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերը, այն համատեքստում, որ դրանք ընդունելի են գրավը պետության եկամուտ դարձնելու առումով, բացառությամբ մեկ հիմքի՝ այն է քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելը: Այս մոտեցումն ընդունելի չէ, եւ չի բխում խափանման միջոցների հասկացությունից, էությունից, դրանց կիրառման պայմաններից եւ հիմքերից»:
Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ անմեղության կանխավարկածը կարող է խախտվել իր բնույթով՝ ընթացակարգային եւ նյութական առումներով: Ըստ Վճռաբեկի, իրավաչափ չէ այն, որ անձի նկատմամբ գրավ կիրառելու պայմաններում խոսք է գնում ենթադրաբար նոր արարք կատարելու մասին, երբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Այսինքն. «Քրեական գործը դատարանի վարույթում գտնվելը դեռեւս չի կարող հաստատված համարել անձի կողմից այդ գործով իրեն մեղսագրվող արարքների կատարման փաստը»:
Բողոքի քննության ժամանակ պարզվել էր, որ 2020 թվականի օգոստոսի 15-ին ընտրվել է 4.500.000 դրամի չափով գրավ խափանման միջոցը: Սակայն հարցերից մեկն այն էր, թե որ դեպքում կարող է գրավը պետության եկամուտ համարվել:
Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 5-րդ կետին, համաձայն որի, գրավը պետության եկամուտ է դառնում, եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով, կամ էապես խոչընդոտել է վարույթին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի հետեւություններն իրավաչափ չեն, քանի որ «մեղադրանք առաջադրված լինելը չի կարող հիմք հանդիսանալ հանստատված համարելու Մ.Հարությունյանի կողմից այդ գործով իրեն մեղսագրված արարքների կատարման փաստը»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջների խախտում, որն ի բնույթով էական է: Միեւնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել էր, որ այս գործով առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել «գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ» եւ կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.12.2024