Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդային ժամանակներին բնորոշ անանուն նամակ գրող դասական «կլաուզնիկի» պահվածք»

Դեկտեմբեր 07,2024 12:30

«Աստված մի արասցե, արտաքին ագրեսիայի դեպքում Հայաստանն արդեն ոչ թե կարող է աջակցություն պահանջել` ելնելով փոխադարձ ստանձնած պարտավորություններից, այլ ընդամենը աղերսել օգնություն։ Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն երեւակայել ջայլամ, սակայն անթույլատրելի է այդ երեւակայությունը հանրության վրա տարածելու փորձերը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։

-«Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ վերադառնալու անդառնալիության կետը մենք անցել ենք», «Անձամբ ես նպատակահարմար չեմ համարել ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը Երեւանում։ ԵԱՏՄ ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ համար». երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արտահայտած հերթական գոհարներն են, ի՞նչ են գուժում այս հայտարարությունները։

-Հայտարարելով ՀԱՊԿ վերադառնալու անդառնալիության կետն անցնելու մասին, սակայն միաժամանակ դե յուրե շարունակելով մնալ ՀԱՊԿ անդամ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դնում է առաջին հերթին թեկուզ ոչ բավարար հուսալի, սակայն այնուամենայնիվ առկա անվտանգային համակարգից դուրս, միաժամանակ անվստահության մթնոլորտ ստեղծում միջազգային գործընկերների մոտ։ Այսինքն՝ Հայաստանը իրավաբանորեն մնալով անվտանգային այդ համակարգում, փաստացի մերժում է վերջինիս կողմից անհրաժեշտության դեպքում աջակցության հնարավորությունը։ Մյուս կողմից՝ արտաքին ագրեսիայի դեպքում Հայաստանը չի կարող ակնկալել նաեւ մեկ այլ, թեկուզ ՀԱՊԿ-ին տրամագծորեն հակառակը տրամադրված կենտրոնների օգնությունը, քանի որ այնուամենայնիվ ՀԱՊԿ անդամ է ու միջամտությունն այլոց կողմից, կարող է ՀԱՊԿ-ում ընդունվել ոչ բարյացակամորեն։ Այս կիսահղի վիճակը Հայաստանի համար ստեղծում է անվտանգային նոր խնդիրներ, քանի որ միջազգային ոչ մի լուրջ կենտրոն կամ պետություն չի կարող վստահել այնպիսի գործընկերոջ, որը չունի մոտեցումների հստակություն ու որի հայտարարությունները հակասում են քայլերին։ Բացի այդ, Փաշինյանը նման հայտարարությամբ Հայաստանն ամբողջովին դուրս է թողնում իրավիճակին քիչ թե շատ տիրապետելու հնարավորությունից ու կախման մեջ դնում այլոց հայեցողություններից։

Աստված մի արասցե, արտաքին ագրեսիայի դեպքում Հայաստանն արդեն ոչ թե կարող է աջակցություն պահանջել` ելնելով փոխադարձ ստանձնած պարտավորություններից, այլ ընդամենը աղերսել օգնություն, որը կարող է լինել այնքանով, որքանով անհրաժեշտ համարեն, կամ ընդհանրապես չլինել։ Բերեմ թեկուզ պարզունակ օրինակ. եթե ելնելով իրավիճակից Հայաստանն օգնություն ակնկալի ՀԱՊԿ-ից, ապա կարող է ստանալ մերժում, որի լեգիտիմ իրավունքը տվել է հենց ինքը, հայտարարելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների փաստացի խզման մասին։ Նույնն էլ Արեւմուտքի կողմից աջակցության մերժման լեգիտիմ իրավունքը կրկին ինքն է տվել, քանի որ հարաբերությունների փաստացի խզմանը զուգահեռ, Հայաստանը իրավաբանորեն շարունակում է մնալ ՀԱՊԿ կազմում։ Երկու դեպքում էլ կողմերն ունենում են արդարացման բավարար հիմք։ Կարող է աջակցություն ինչ- որ չափով լինի այս կամ այն կողմից, սակայն արդեն ոչ թե պարտավորություններից ելնելով, այլ ըստ հայեցողության ու սեփական շահի։

Դրան էլ հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ գնում է ոչ թե խնդիրների լուծման, այլ եղածը ամբողջովին քանդելու, դիմացը ոչինչ չկառուցելու ճանապարհով։

Հենց այս ամենի համատեքստում է նաեւ Երեւանում ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումից հրաժարվելու Փաշինյանի այս մոտեցումը, թեպետ արդեն այլ ձեւակերպումներով։ Հենց նույն իշխանություններն են բազմիցս փորձել տարանջատել ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ից, վերջինս անհեթեթորեն հռչակելով ապաքաղաքական միավոր ու կարեւորելով նրա դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Սակայն պետք է իրերն անվանել իրենց անուններով. Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն երեւակայել ջայլամ, սակայն անթույլատրելի է այդ երեւակայությունը հանրության վրա տարածելու փորձերը։ Թե՛ ՀԱԿՊ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի պարագայում առաջին շահառուն Ռուսաստանն է, հետեւաբար ամբողջովին մերժելով մեկին, ձգտել առավելագույնը օգուտ քաղել մյուսից՝ բացառվում է։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի քաղաքական այս ընթացքը բացի անվտանգային խնդիրներից, կարող է հանգեցնել նաեւ տնտեսության փլուզման ու հասարակության կենսամակարդակի էլ ավելի վատթարացման։

Ի հավելումն այս ամենի, երբ Փաշինյանը հայտարարում է, որ ԵԱՏՄ ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար, կրկին հանդիպում ենք հստակության բացակայության։ Այսինքն՝ մի կողմից ստացվում է, որ Հայաստանը որոշ անձանց համարում է «պերսոնա նոն գրատա», սակայն մյուս կողմից չկա ոչ մի որոշակիություն։ Այս քայլերն ու հայտարարությունները ոչ թե դիվանագիտական ճկունություններ են, այլ խորհրդային ժամանակներին բնորոշ անանուն նամակ գրող դասական «կլաուզնիկի» պահվածք։ Ու եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ առկա դաշնակիցների հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն, առաջացնում են անվստահություն հնարավոր նոր դաշնակիցների կամ գործընկերների մոտ։

-Մեկ օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն ավետեց, որ հայերին աշխարհում «ազգ-նահատակ» են ճանաչում ու մեղադրեց տարածաշրջանային գրեթե բոլոր խնդիրների համար։ Ինչպե՞ս պետք է մեր մեղքերը քավենք։

-Մենք, իհարկե, կարող էինք պարզապես արհամարհել Փաշինյանի հերթական անհեթեթ արտահայտությունը, բայց, ցավոք, կյանքը ցույց է տվել, որ նրա ցանկացած անհեթեթ բառակապակցություն որոշ ժամանակ անց միս ու արյուն է ստանում, գեներացվում ՔՊ-ականների կողմից, այնուհետեւ հրամցվում, որպես պետության քաղաքականության օրակարգային հարց։ Հայերին աշխարհը ճանաչում էր, որպես պետականությունը վերականգնած, հայ-ադրբեջանական պատերազմում հաղթած, Արցախում պետություն կերտող, արժանապատիվ ու իրապես, այլ ոչ ՔՊ-ական ընկալումներով հպարտ ազգ։ Իսկ այսօր աշխարհը տեսնում է ազգ, որն իրոք նահատակվում է պատուհաս դարձած իշխանության պատճառով, կորցրել է Արցախը, կանգնած է պետականության կորստի եզրին, որի ղեկավարները հանձնում են երկրի ինքնիշխան տարածքները ու խաղաղություն են մուրում թուրք -ադրբեջանական տանդեմից, որի շահերն էլ իրականում սպասարկում են։

«Ազգ-նահատակ» տխմար բանաձեւը ազգամերժման գաղափարախոսության տրամաբանական շարունակությունն է, սեփական պատմությունը մոռանալու, ազգային արժեքները տրորելու քաղաքականության օղակներից մեկը, համաձայն որի, մենք եղել ենք «ազգ-նահատակ», իսկ այժմ պետք է վերածվենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» մոտեցմամբ ապրող ամբոխի, որն իհարկե, նահատակ չէ, սակայն արդեն քիչ բանով է տարբերվելու անասունից, քանի որ միայն անասունն է ապրում բացառապես ստամոքսային շարժառիթներով։ Եթե խոտը առատ լինի, անասունը տվյալ արոտավայրը կարող է ընկալել հայրենիք։

Գուրգեն Արսենյանը ժամանակին Արցախը համեմատեց Ավստրալիայի հետ, երկուսն էլ համարելով մեզ օտար, հետեւաբար օրինակը բերենք ՔՊ-ականի մատնանշած երկրի վրա։ Համաձայն Փաշինյանի, եթե մեր հասարակությանը տեղափոխեն Ավստրալիա ու ապահովեն առատ ուտելիքով, մենք Ավստրալիայի այն հատվածը, որտեղ ապրելու ենք, կընկալենք որպես հայրենիք։ Սակայն պակաս ողբերգական չի Փաշինյանի մտքերի հետագա ընթացքը՝ աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ», որովհետեւ մենք խնդիրներ ունենք մեր հարեւանների հետ հարաբերություններում։ Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր հանցագործություններն ու վայրագություններն օրինականացնող ավելի լավ բնորոշում դժվար է գտնել։ Ըստ Փաշինյանի՝ մենք ենք մեղավոր, որ Թուրքիան մեզ ենթարկել է ցեղասպանության, մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանն օկուպացրել, այնուհետեւ էթնիկ զտման է ենթարկել Արցախը, ինչը նույնպես ցեղասպանություն է, մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանը ապօրինաբար պահում ու կտտանքների է ենթարկում ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանի հետագա արգեսիայի դեպքում կրկին մենք կլինենք մեղավոր, քանի որ դեռեւս չենք սովորել հարեւանների հետ նորմալ հարաբերվելուն։

Ու միամտություն է կարծել, որ միջազգային դերակատարներն այս մոտեցումները չեն նկատում ու չեն ֆիքսում այնպես, ինչպես հարկն է։ Սրանք ուղերձներ են ոչ միայն ուղղված ներքին լսարանին, այլեւ միջազգային հանրությանը, թելադրված Անկարայի ու Բաքվի կողմից։ Բազմաթիվ են արդեն դեպքերը, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները շատ կարճ ժամանակահատվածում փաշինյանական իշխանությունը յուրացրել ու ներկայացրել է որպես քաղաքական սեփական օրակարգ։ Այս ամենը դավաճանության, ազգուրացության հստակ դրսեւորումներ են ու դա օրինաչափ է, քանի որ կապիտուլյացիա ստորագրող իշխանությունը, եթե շարունակում է մնալ իշխանության, նրա գահավիժումը դառնում է անկասելի ու լավագույն պաշտպանությունը դառնում է սեփական պետության ու սեփական ժողովրդի վրա հարձակումը։

-Իշխանության օրակարգը պարզ է, իսկ ընդդիմության օրակարգը ո՞րն է. Դուք այն տեսնո՞ւմ եք, կա՞ այդպիսի բան։

-Ընդդիմությունն այս պահին պետք է ունենար ընդամենը մեկ օրակարգ, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, քանի որ մնացած բոլոր հարցերը ածանցվում են այս գլխավոր հարցից։ Սակայն այսօր ընդդիմությունը միատարր չէ։ Շատ գործիչներ կամ միավորներ, որքան էլ թունդ հայհոյեն Փաշինյանին, այնուամենայնիվ, այդ հայհոյանքի տակ չի երեւում Փաշինյանի հեռացման պահանջը, առավել եւս չեն նշմարվում քայլեր, որոնք կհանգեցնեն այդ հեռացմանը։ Այսինքն՝ ընդդիմությունը բաժանված է երկու մասի, մի մասը ձգտում է Փաշինյանի հեռացմանը, սակայն տարբեր պատճառներով դեռեւս չի կարողանում հասնել դրան, մյուս մասն ընդամենը պայքարում է խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ շեմը հաղթահարելու համար։ Ցավալիորեն այսօր ընդդիմության մի ստվար հատված գնում է Փաշինյանի արտահայտությունների հետեւից, ինչը որոշ չափով նորմալ է, որովհետեւ որքան էլ իշխանությունները լինեն անցանկալի, այնուամենայնիվ, որպես իշխանություն նրանք փաստ են, գոյություն ունեն, հետեւաբար նրանց ամբողջովին շրջանցել չի լինի, քանի որ ունեն օրակարգ ձեւավորելու ավելի շատ հնարավորություններ, բայց ընդդիմությունը պետք է ձգտի նրան, որպեսզի կարողանա քաղաքական այնպիսի օրակարգ թելադրել, որ իշխանությունները երկրորդվեն այդ գործընթացում, ինչը, ի դեպ, ընդդիմությանը ժամանակ առ ժամանակ հաջողվել է։ Հենց այդ օրակարգի գերիշխանությունն էլ կարող է բերել հասարակության ու քաղաքական մնացյալ ուժերի լայն կոնսոլիդացիայի ու հանգեցնել հաջողության, որովհետեւ էլի եմ ուզում շեշտել, որ հայհոյանքը, քննադատությունն ու հարցազրույցները դեռեւս քաղաքականություն չեն։ Քաղաքականությունն առաջին հերթին գործ է, քայլերի հերթականություն, ամբողջություն, որը հանգեցնում է նպատակին, իսկ խոսքը եթե զուրկ է լինում գործողություններից, քաղաքականությունից վերածվում է քաղաքագիտության։

-Ի դեպ, Սիրիայում զարգացումները բավական վտանգավոր փուլ մտան` շատերի համար նաեւ անակնկալ ձեւով, քանի որ ՌԴ պահվածքն այնուհանդերձ հարցեր է առաջացնում։ Ո՞ւր կարող են տանել այդ զարգացումները մեզ։

-Օրերս լուրեր տարածվեցին, որ Իրաքից Իրանի կողմից հովանավորվող զինված խմբավորում է մուտք գործել Սիրիա՝ ի աջակցություն Բաշար ալ Ասադի, այլ խոսքով, Իրանի աջակցությունը վայելող միավորները Սիրիայում պատերազմելու են Թուրքիայի աջակցությունը վայելող միավորների դեմ։ Թեպետ կան որոշակի կասկածներ Ռուսաստանի պահվածքի առնչությամբ, սակայն մյուս կողմից էլ՝ ռուսական օդուժն է հարվածներ հասցնում Հալեպ ներխուժած խմբավորումներին, միաժամանակ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը հայտարարում են Սիրիայի տարածքային ամբողջականությանն ամբողջովին օժանդակելու մասին։ Այսօր մենք տեսնում ենք միջնորդավորված պատերազմ Սիրիայում եւ Աստված մի արասցե, եթե այն վերաճի ուղիղ բախման։ Նման սցենարը կկլանի ամբողջ տարածաշրջանը։ Աստված մի արասցե նաեւ, եթե ընկնի Սիրիան, դա կհանգեցնի ոչ միայն տարածաշրջանային քաոսի, այլեւ կբերի Թուրքիայի որոշակի գերիշխանությանը։

Սակայն մեզ վտանգ սպառնում է ոչ միայն Սիրիայում ընթացող բախումներից։ Տեսեք ներկայումս ինչ իրավիճակ է ստեղծվել։ ԱՄՆ-ում տեղի է ունենում իշխանության փոխանցում, Ռուսաստանը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության վրա, ԵՄ-ն զբաղված է Վրաստանի ներքաղաքական զարգացումներով, ինչը Ռուսաստանի համար նույնպես վտանգ է ներկայացնում երկրորդ ճակատ բացելու առումով։ Արեւելքում իսրայելա-արաբական պատերազմին գումարվել է Սիրիայում ընթացող մարտերը։ Եթե Ադրբեջանը որոշի օգտվել առիթից ու դիմել էսկալացիայի, ապա դժվար չէ գուշակել, որ մենք կունենանք հերթական տարածքային կորուստները, քանի որ երեկ պարզվեց, որ մենք փաստացի ՀԱՊԿ անդամ չենք ու մեզ չի հետաքրքրում, թե ինչ կանեն այնտեղ։ Փաստ է նաեւ, որ մենք ոչ մի այլ անվտանգային համակարգի անդամ չենք, ի հավելումն դրա, Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք ենք մեղավոր հարեւանների հետ մեր կոնֆլիկտներում։ Այդ ամենին էլ պետք է գումարենք, որ ունենք պաշտպանության նախարար, որն ընդհանրապես չի տիրապետում բանակին ու ԳՇ պետ, որը լրագրողներից ավելի մեծ վտանգ է տեսնում, քան Ադրբեջանից։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
06.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031